• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դիջիպատում 2013

2013-ը աչքի ընկավ և տարբերվեց նրանով, որ անհատական աշխատանքները կտրուկ նվազեցին և փոխարինվեցին դասարանականով: Ինչպես ցանկացած նորույթ ունի իր առնվազն 2 կողմը, այնպես էլ այս դեպքում փաստ են ձեռքբերումներն ու մարտահրավերները: Հատկապես վերջիններն էլ հենց կլինեն 2014-ի հիմնական գործունեության ուղենիշը: 

Հատուկ կարիքով սովորողի հետ մասնագետի աշխատանքը դասարանում ունի մի քանի առավելություններ. երեխային հնարավոր է դիտարկել միանգամից մի քանի հարթություններում՝ փոխհարաբերություններ հասակակիցների հետ, փոխհարաբերություններ տարբեր դասավանդողների հետ, սովորողի վարքը դասապրոցեսի ընթացքում և դասամիջոցին, առարկայան հետաքրքրություններ, շփման, ինքնասպասարկաման հմտություններ և այլն: Այս ամենը տեսնելով և իրավիճակը ճիշտ գնահատելով՝ մասնագետի համար մեծապես դյուրին է դառնում հասկանալ երեխայի գերակտիվության պատճառը, կոնֆլիկտայնության սկզբնաղբյուրը կամ ուսումնական մոտիվացիայի բացակայությունը: Միևնույն ժամանակ հմուտ միջամտությամբ կիրառելով մասնագիտական կարողություններ, այսինքն՝ ճիշտ պահին ստեղծելով կրթական առանձնահատուկ պայման, հնարավոր է դառնում հատուկ կարիքով սովորողին օգնել ոչ միայն ուսումնական հմտություններ ձեռք բերելու, այլև, որ հիմնականում առավել կարևոր է, սոցադապտացիայի խնդիրները լուծելու հարցում: Մեկ այլ կարևոր հանգամանք ևս. սովորողի հետ դասապրոցեսին մասնակցությունը նպաստում է առավել ուղղորդված և արդյունավետ խորհրդատվություն ապահովել թե՛ դասավանդողի, թե՛ ծնողի համար, ինչպես նաև գտնվում են համագործակցության նոր եզրեր:

Դասարանում աշխատանքը միանգամից տեսանելի դարձրեց այն բացը, որ առկա է կրթության առանձնահատուկ պայմաննռրի կարիք ունեցող երեխաների (առանձնապես միջին և բարձր դասարանների) համար նախատեսված ծրագրերում և հատկապես դասագրքերում: Առկա պետական ծրագրերն ու դասագրքերը ի զորու են սպասարկելու խիստ որոշակի և թեթև խնդիրների դեպքում՝ բավարարելով էլ ավելի սահմանափակ թվով ու տեսակի պահանջներ: Իսկ մեր դեպքում, երբ խոսքը այլընտրանքի և հեղինակային ծրագրի մասին է, եղածը ոչ մի կերպ չի կարող բավարարել: Անհրաժեշտությունից ելնելով աշխատանքիս ընթացքում ստեղծել եմ շատ նյութեր կամ համագործակցել եմ դասվարների, առարկայական ուսուցիչների հետ և մշակել կարճաժամկետ ծրագրեր որոշակի խնդրով երեխաների համար, սակայն 2014-ից նախատեսում եմ սկսել հատուկ ծրագրերի ստեղծման-մշակման մեծ նախագիծ, որի իրականացման համար կարևոր ու անհրաժեշտ կլինի յուրաքանչյուր դասավանդողի մասնակցությունը, աջակցությունը:

Առաջնային անելիքներից է նաև բլոգի ընդլայնումը, արդյունավետ և կիրառական դարձնելը:

Ամփոփելով անցած տարին՝ կարող եմ վստահաբար առանձնացնել մի շատ կարևոր ու հրաշալի որոշում, որ դեռ 2012-ի վերջերից էի մտմտում, և կտրուկ իրականացրի 2013-ի մարտ ամսից՝ երգչախմբում երգելը: Մաեստրո Հարություն Թոփիկյանի ղեկավարած երգչախմբում երգելը և՛ ստեղծագործական նոր լիցք է, և՛ հոգու կերակուր, և՛ հայրենագիտություն, և՛ մարդկային բարձրարեժեք փոխհարաբերություններ, և՛... և՛... և՛...