• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Բարձունքների հաղթահարում. Հանրապետության օրը»

Հայրենագիտական-հետազոտական ծրագրի նախագիծ

Ծրագրի նպատակը

Ծրագիրը նպատակ ունի իրականացնելու հայրենագիտական կրթություն, որպեսզի պատանին ճանաչի Հայրենիքի ամեն անկյունը, բարձունքից ուսումնասիրի Հայաստանը, կապեր ստեղծի Հայաստանի ու Արցախի տարբեր անկյուններում ապրող տարեկիցների հետ: Արժևորի Հայրենիքը: Ծրագիրը նպատակ ունի ստեղծելու միջավայր, ուր դպրոցական պատանիները ճանաչելով կսիրեն իրենց Հայրենիքն ու այս կերպ կտոնեն Հայաստանի առաջին Հանրապետության ու Սարդարապատի հերոսամարտի տարեդադարձը:

Սեպտեմբերին Հայաստանի 21 գագաթներից  մենք միասին նշեցինք մեր երրորդ Հանրապետության 21-ամյակը: Բայց, ինչպես տիար Բլեյան էր խոստացել, դա միայն սկիզբն էր: Մայիսին էլ մեր առաջին Հանրապետության տարադարձն է: Սա ևս մեկ հրաշալի առիթ է մեր Հայրենիքին ամենաբարձր կետից շնորհավորելու: Մայիսի 28-ը միայն առաջին Հանրապետության տոնը չէ, սա  Սարդարապատի հերոսամարտի հաղթանակի տոնն է: Այն հիմքն է եղել մեր արցախյան գոյամարտի հաղթանակի: Մեր երրորդ Հանրապետության ստեղծման նախադեպն է եղել: Դա դարերի կորստի դեմ զորեղ մարտահրավեր էր՝ մեր հայրերի երկրի անկախությունը վերականգնելու կոչով:

Այդ կոչը 20-րդ դարասկզբին կյանքի կոչվեց: Կարճատև եղավ, սակայն մենք այդ կոչը հիմա  իրագործողների բանակում ենք: Անկախ Հայաստան կերտելու գործում հիմա մենք առավել, քան երբեք, ահռելի աշխատանք ունենք անելու: Եվ մեր Հայրենիքը զորացնելու համար մենք պետք է սիրենք այն, պետք է հպարտանանք ու տեր կանգնենք մեր ժառանգությանը:
Րաֆֆին ասել է. «Ով չի ճանաչում իր Հայրենիքը, չի կարող ճշմարտացիորեն սիրել այն»: 

Հայրենիքը համակարգչի առջև նստած չեն սիրում, Հայրենիքը քննադատելով չեն սիրում, Հայրենիքը ճանաչելով, խնամելով ու հոգ տանելով են սիրում:

Մենք հասցրել ենք ընկերանալ Հայաստանի ու Արցախի բազմաթիվ դպրոցականների ու ուսուցիչների հետ, կնքել ենք համագործակցության մի շարք  պայմանագրեր բուհերի հետ, որոնց պետք է ներգրավել, ներառել մեր այս նախագծի մեջ, մեզ հետ նրանց էլ բարձունքներ տանել:

Այս անգամ առաջարկում ենք ոչ միայն գրավել բարձունքը, ոչ միայն հանդիպել մոտակա բնակավայրի դպրոցների սովորողների հետ, այլ նաև համատեղ նախագծեր իրականացնել:

 

Ծրագրի իրականացումը

Ծրագրի մեկնարկը սկսվում է խմբի հետ առցանց քննարկումով: 

Կրթահամալիրի յուրաքանչյուր դասարան ընտրում է, թե որ լեռն է գնալու, կապ է հաստատում մոտակա բնակավայրի դպրոցի իրենց հասակակիցների  հետ: Ընտրում է, թե ինչ գործուներություն պետք է կատարի այնտեղ՝ բարձունքը գրավելուց բացի՝ ուսումնասիրություն՝ բնագիտական, աշխարհագրական, բնակլիմայական, բնապահպանական, բանահյուսական, մարդաբանական, մշակութային՝ երաժշտական, պարային, նկարչական, պլեներային, հանրօգուտ ու սոցիալական՝ մոտակա հուշարձանի տարածքը մաքրելու, անահապով ընտանիքներին որևէ կերպ օգնություն ցուցաբերելու  և այլն:

Մեկնելուց առաջ սովորողներն ուսումնասիրում են բարձունքը՝ նրա աշխարհագրական դիրքը, բարձրությունը, նրա հետ կապված լեգենդները, պատմությունները, մոտակայքում գտնվող հուշարձանները,  բնակավայրը, այդ բնակավայրի մասին պատմությունները, այնտեղ ծնված հայտնի մարդիկ: Ուսումնասիրության առարկա կարող են լինել նաև տվյալ բնակավայրի բնապահպանական խնդիրները:

Որպեսզի մեր նախաձեռնությունը ձնագնդի նման մեծանա, շատ կարևոր է այս գործում լրատվամիջոցներին ներգրավելը: Անհրաժեշտ է, որ խումբն իր հետ բարձունքներ տանի նաև լրագրողների, ովքեր կլուսաբանեն ու նախագծի մասին կպատմեն ԶԼՄ-ում:

Կարևոր է նաև ծրագրում մեր գործընկեր բուհերի ու կազմակերպությունների ներգրավումը: Կարող են միանալ նաև այլ կազմակերպություններ, ՀԿ-ներ, անհատներ, հրատարակչություններ,  հասարակական ու այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ծրագրի կարևոր կետերից է Հայաստանի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ վերաբերմունքը: Այն պետք է լինի կրթական ծրագրի մի մաս. սովորողների համար պետք է պատիվ համարվի դրոշը կրելը:

Դասարանի տղաներն իրար փոխարինելով պիտի տանեն դրոշը: Դրոշի նկատմամբ հատուկ ուշադրություն ցուցաբերեն: Դրոշի նկատմամբ անտարբերությունն ու անհարգալից պահվածքը (գետնին գցելը, ճմրթելը, ուսին հենց այնպես հենած պահելը և այլն) անթույլատրելի է:

Ծրագիրը կարելի է սկսել արտագնա կլոր սեղաններով

Կրթահամալիրում մայիսյան ութերորդ բաց հավաքի ժամանակ նախատեսվում է արտագնա կլոր-սեղանների կազմակերպում: Բարձունքեր հաղթահարող խումբը կարող է այդ ժամանակն օգտագործել և կլոր սեղան- քննարկում կազմակերպել այնտեղ, որտեղ նախատեսում են բարձունք գրավել:

Ծրագրի ժամկետները

Ծրագիրը նախատեսված է մայիսի 28-ի տոնակատարությունների շրջանակում, որպեսզի հենց նույն օրը, գուցե` միաժամանակ, հնարավոր լինի բարձունքներում ծածանել հայկական եռագույնը: Սակայն քանի որ այս անգամ անհրաժեշտ է ներառել հնարավորինս մեծ աշխարհագրական տարածք, ծրագրիը կարելի է իրականացնել նաև ավելի շուտ:

Բարձունքներ հաղթահարելու նախագծին կարող են միանալ նաև Արևմտյան Հայաստան մեկնողները: Իհարկե, Արևմտյան Հայաստան մեկնումը մայիսի 28-ից մի փոքր առաջ է ստացվում, բայց նպատակը կարող է արդարացնել ժամկետի «խախտումը»:

Բարձուքներ հաղթահարող խումբն ինքն է որոշում՝ մեկօրյա, թե բազմօրյա ուղևորություն կազմակերպել:

Ծրագրի արձագանքները

Մի քանի շաբաթ առաջ արդեն կայքում տեղադրել ենք հայտարարություն՝ նախագիծը սկսելու մասին: Մի քանի արձագանք արդեն ունենք:

Առաջարկում եմ, որ մի խումբ գնա մեր գյուղը` Լոռու մարզի Հարթագյուղ։ Ծանոթացեք` http://bager.am/village.html, նայեք լուսանկարները` http://bager.am/pics.html։ Շարադրանքի մեջ գուցե չափազանցություն կա, բայց Սրբի կոնդ (Բագեր) ու Սուրբ Հովհաննես հաստատ արժե գնալ։ Ոչ շատ հեռու նաև Թռչկանի ջրվեժն է։
 

Նոյեմի ջան առաջարկում եմ նաև Ուրծի լեռնաշղթայի Ուրծ լեռնագագաթը բարձրանալ, մոտ 2400 մ բարձրությամբ ... և մի փոքր քայլել դեպի Մարզպետունու կամ Տափի ամրոց... այս պահին սա եկավ միտս... մնացածը կենդանի շփմամբ կքննարկենք))))))

Կարծում եմ` բարձունքների շարքում կարելի է ավելացնել Կաքավաբերդի սարը` մոտ 2000մ բարձրությամբ: Ճանապարհը Խոսրովի արգելոցի Բայբուրդի տեղամասից ( Գառնու կողմից) է սկսվում ու բարձրանում վերև` դեպի այն վայրը, որտեղ, ըստ պատմության, տեղի է ունեցել Գևորգ Մարզպետունու ջահերով ճակատամարտը: Արշավը շատ դուր կգա նրանց, ովքեր սիրում են և սովոր են դժվարություններ հաղթահարել: Իսկ հետդարձի ճանապարհին կարելի է հանգստանալ և վայելել Աստղիկի ջրվեժի հրաշք գեղեցկությունը:

By Ելենա Սարգսյան

 

«Հաղթահարենք գագաթները» նախագծի շրջանակներում «Խուստուփցիներ» ջոկատը սկսում է նախապատրաստական աշխատանքները մայիսի 26-28-ը  Երևան Սիսիան – գյուղ Ծղուկ– գյուղ Սառնակունք– գյուղ Իշխանասար– Ուխտասար (Ծղուկ լեռ)– Շաքի– Երևան երթուղով հայրենագիտական արշավ անցկացնելու համար:

Արշավին մասնակցել կարող են 8-11-րդ դասարանների այն սովորողները, ովքեր չունեն ուսումնական ու ֆինանսական պարտքեր և պատրաստ են կատարել նախապատրաստական փուլում իրենց տրվող առաջադրանքները:

Արշավին մասնակցել ցանկացողները մինչև ապրիլի 23-ը դիմեն Աշոտ Տիգրանյանին:

 

Ծրագրի հաշվետվությունը

Յուրաքանչյուր խմբի պատասխանատու պետք է ծրագիրն իրականացնելուց հետո հաշվետվություն ներկայացնի, թե ուր, ինչպես գնացին, ինչ արեցին, ինչպես անցավ ծրագիրը, հավելյալ ինչ միջոցառումներ իրականացրին (օրինակ` Դասարան անիվների վրա, Երգող դպրոց և այլն): Հաշվետվությունը պետք է ունենա նաև ֆոտոշարք, վիդեո կամ աուդիո ձայնագրություն: Հաշվետվությանն անպայման պետք է կցվի այն լրատվամիջոցի նյութը, որն ուղեկցել է խմբին:

Ծրագրի ամփոփումը

Ծրագիրն ամփոփվելու է հունիսին, երբ բոլոր խմբերի ու դասարանների հաշվետվությունները լինեն: 

 

Կից ներկայացնում ենք նաև «մի քանի» բարձունքների ցուցակ;  Այն բաց է, կարող եք հանդես գալ նոր առաջարկներով:

Հայաստանի բարձունքներ

1.       Արագած (4090),

2.       Հատիս (2528),

3.       Արայիլեռ (2605),

4.       Աժդահակ (3597, Գեղամա լեռնաշղթա),

5.       Թեժլեռ (3101, Փամբակի լեռնաշղթա),

6.       Խուստուփ (3210, Կափան),

7.       Եռակատար (3010, Շիրակ, Եղնախաղի լեռնաշղթա),

8.       Աչքասար (3196 Ջավախքի լեռնաշղթա),

9.       Լալվար (2543, Լոռի),

10.   Չաթին (2244 Լոռի Ոսկեար),

11.   Ծղուկ լեռ (Սյունիքի մարզ)

12.   Աստղունք (3470 Վարդենիսի լեռնաշղթա),

13.   Վարդենիս լեռ (3522, Վարդենիսի լեռնաշղթա),

14.   Գնդասար (2946, Վայոցձորի մարզ, Վարդենիսի լեռնաշղթա, Եղեգիսի կիրճի  մոտ),

15.   Թեղենիս լեռ (2851, Ծաղկունյանց լեռներ),

16.   Ուրծ լեռ (2445, Ուրծի լեռներ, Արարատի մարզ, Սուրենավանի մոտերքում),

17.   Մեծ Իշխանասար (Արցախի ու Սյունիքի սահմանին, Գորիսի մոտերքում, Սև լճի մոտ)

18.   Արմաղան (2829, Գեղամա լեռնաշղթա),

19.   Արամազդ լեռ (3392, Բարգուշատի լեռնաշղթա, Քաջարանի, Դաստակերտի, Գեղիի միջև)

20.   Արտենի (2047, Թալինիմոտ)

21.   Բովաքար (3016, Հալաբի լեռներ, Իջևանի ու Փամբակի լեռների մոտ, Մարգահովիտ, Լերմոնտովո լեռների մոտ)

22.   Լեջան (2526, Լոռի, Ստեփանավանի Լեջան գյուղի մոտերքում)

23.   Հարթագյուղ` Բագեր, Լոռումարզի, մոտակայքում է նաև Թռչկանի ջրվեժը

24.  Կաքավաբերդի սարը` մոտ2000մ

 Արցախի բարձունքներ

1.       Մռավ (3341, Մռավի լեռնաշղթա),

2.       Մեծ Քիրս (2724, Վարանդայի լեռներ),

3.       Կուսանաց լեռ (2832, Ստեփանակերտի մոտ),

4.       Գոմշասար (3724, Մռավի լեռնաշղթա)

Արևմտյան Հայստան

1.      Նեմրութ

2.      Մարաթուկ

3.      Սիփան

4.      Ագռավուքար

5.      ……..

 

Ծրագրի կազմակերպիչ-կոորդինատորներ՝

Նոյեմի Անդեասյան

Իվետա Ջանազյան