• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ու կգա նոր սկիզբ, բայց ոչինչ չի ավարտվի...

Էս ամեն ինչը էնքան անորոշ, էնքան խառը, էնքան տխուր ու էնքան շա~տ քիչ ուրախ ա, որ ուզում եմ գրել. դե էլ ի՞նչ պիտի լինեն շրջանավարտի մտքերը. տխուր եմ, կարոտելու եմ, անպայման կգամ, չեմ մոռանա…բայց հիմա ամեն ինչ էնքան խառն ա, որ նույնիսկ էտ էլ չեմ կարողանում գրել ու նկարագրել: Մի տեսակ նույն անորոշությունն ու տխրության մռայլությունն եմ զգում, որ զգում էի 4 տարի առաջ… արդեն 4՞.. հա հա, հենց չորս տարի առաջ էր, որ մայրիկս զանգեց ու ասաց.

-         Լիան, հը՞ն, մտածեցի՞ր, տեղափոխվում ե՞ս:

-         Մամ, դե՜… ախր… բա հին դպրո՞ցս, բա ընկերնե՞րս..

-         Լա´վ:

Ուրախացա, ասեցի լավ, այս անգամ իմ ուզածով եղավ, չեմ տեղափոխվի, ու ի՞նչ. մի քանի րոպե հետո զանգեց ու ասաց, որ պատրաստվեմ սեպտեմբերից ուրիշ դպրոց գնալուն: Ինչքա՜ն տխրություն կար իմ մեջ, ու ինչքա՜ն էի ուզում շուտ ավարտել դպրոցը:

Նույն տխրությունը, նույն դատարկությունը, հիմա հասկանում եմ, որ սրանք ԱՐԴԵՆ 4 տարի չէին, այլ ԸՆԴԱՄԵՆԸ 4 տարի… ու էս անորոշության ու չուրախի մեջ միայն մի բանա պարզ ու հստակ՝ մայիսի 25-ը: Մարդիկ ասում են՝ ոչինչ էլ չի վերջանում, կապը կլինի, մենք կգանք, մենք ընկերներ ենք, մենք…. ոչինչ չի վերջանում, բայց շատ բան ա փոխվում… ախր սենց, որ խոսում եմ, հասկանում եմ, որ ես ոչ թե վախենում եմ դպրոցն ավարտելուց ու ինչ-որ նորի մեջ մտնելուց, այլ մեծանալուց, հա, հա, մեծանալուց ու հնանալուց… շատ խորացա՞: 

Բա որ ասեմ, թե էլ ո~ւր եմ հասել… աչքերս փակում եմ ու պատկերացնում.  3 կամ 4 տարի է անցել, դպրոց մի նոր ուսուցիչ/ուհի են ընդունել, ես մտնում եմ դպրոց, իսկ նա մոտենում է ու...

-  Աղջիկ ջան, դու ո՞վ ես, ի՞նչ ես ուզում, ինչո՞վ կարող եմ օգնել:

Դուք մտածում եք, որ հարցերի պատասխանները շատ պարզ են ու ակնհայտ, իսկ ես էդպես չեմ կարծում:
Ես չեմ վախենում նոր մի ուրիշ կյանքի մեջ մտնելուց, ես վախենում եմ դպրոցական աշխույժ ու նմանը չունեցող էս կյանքից հեռանալուց ու հնանալուց, էն հնանալուց, որ ավելի ցայտուն ա երևում քո աճի ու ծաղկունքի կողքին: Վախենում եմ, շատ եմ վախենում, բայց էտ վախը մի հատ լավ հատկություն ունի. ինքը ամեն անգամ ապացուցում ա, որ քեզ ՍԻՐՈՒՄ ԵՄ ու շա՜տ:

Հ. Գ. Հնարավո՞ր է ավարտելուց հետո մեր Hotmail-ի ու mskh-ի հասցեները չփակել: