• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսումնառության պայմանագրի լուծման կարգ

Ուսումնառության պայմանագիրը կարող է լուծվել պայմանագրի կողմերից մեկի` ծնողի (սովորողի) կամ դպրոցի ղեկավարի նախաձեռնությամբ։

1. Ծնողը (սովորողը) նախաձեռնում է պայմանագրի լուծում, երբ`

  • ընտանիքը (սովորողը) փոխում է բնակավայրը,
  • դպրոցի կողմից պայմանագիրը խախտվում է,
  • իրականացվող ուսուցողական ծրագրի արդյունքները ծնողի (սովորողի) ակնկալիքներին չեն համապատասխանում։

Դպրոցի կողմից պայմանագրի խախտման կամ ուսուցողական ծրագրի նկատմամբ իր անվստահության մասին ծնողը (սովորողը) իր դիտարկումները հայտնում է դպրոցի ղեկավարին, զրուցում է նրա հետ։ Դպրոցի ղեկավարը վիճակն ուսումնասիրելուց հետո անհրաժեշտության դեպքում իրավիճակը շտկելուն ուղղված քայլեր է ձեռնարկում և արդյունքների մասին 3 օրվա ընթացքում տեղեկացնում ծնողին։ Եթե ծնողը համարում է, որ դպրոցի ղեկավարի գործողությունները բավարար կամ արդյունավետ չեն, դիմում է տնօրենին։ Տնօրենը քննում է իրավիճակը, 3 օրվա ընթացքում իր դիտարկման արդյունքը հայտնում ծնողին, դպրոցի ղեկավարին, անհրաժեշտության դեպքում շտկում իրավիճակը։ Եթե տնօրենի ձեռնարկած միջոցառումները ծնողին չեն բավարարում, վերջինիս նախաձեռնում է պայմանագրի լուծում։
Որևէ պատճառով պայմանագիրն ընդհատելու որոշում կայացրած ծնողը (սովորողը) դիմում է դպրոցի գրասենյակ։ Գրասենյակի ղեկավարն այդ մասին գրավոր տեղեկացնում է սովորողի դասավանդողներին, դպրոցի ղեկավարին, ընթերցավարին, կազմակերպչին, կրթահամալիրի գրադարանի ղեկավարին, հաշվապահություն, կրթահամալիրի տնօրենի գրասենյակի ղեկավարին, որպեսզի նրանք 48 ժամվա ընթացքում գրավոր ներկայացնեն իրենց համաձայնությունը կամ առարկությունը։ Գրասենյակ դիմելու հաջորդ օրը ծնողը էլեկտրոնային նամակով  ստանում և լրացնում է «Ուսումնառության պայմանագրի լուծման հիմնավորում» թերթիկը կամ տեղեկանում է պայմանագրի լուծմանը խանգարող հանգամանքների մասին։ Պայմանագիրը լուծվում է, երբ ծնողը (սովորողը) կրթահամալիրին (գրադարանին, ծրագրի գրասենյակին, հաշվապահությանը և այլն) պարտք չունի, դպրոցի ղեկավարը (կազմակերպիչը), կրթահամալիրի տնօրենը ծնողի հետ զրուցելուց հետո հաստատել են պայմանագրի լուծման առաջարկը։ Կրթահամալիրից այլ դպրոց տեղափոխվող (ինչպես նաև այլ դպրոցից կրթահամալիր տեղափոխվող) սովորողների ծնողների լրացրած հարցաթերթիկները պահվում են դպրոցի գրասենյակի էլեկտրոնային պահոցում (onedrive-ում)։

2.1. Դպրոցի ղեկավարը նախաձեռնում է պայմանագրի լուծում`
- սովորողի` ներքին կարգապահական կանոնները խախտելու դեպքում,
- ծնողի` պայմանագրային պարտավորությունը չկատարելու դեպքում։
2.2. Կրթահամալիրի սովորողի պարտականությունները որոշված են կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով (9.15-9.20 կետեր) և ուսումնառության մասին կնքած պայմանագրով: Սովորողի կողմից պարտականությունները չկատարելու կամ կարգապահական կանոնները խախտելու մասին ուսուցիչը գրավոր կամ բանավոր տեղեկացնում է դպրոցի ղեկավարին: Դպրոցի ղեկավարը կարող է սովորողին նկատողություն հայտարարել: Նկատողության մասին տեղեկացվում են նրա ծնողները և դպրոցի սովորողները: Էլեկտրոնային մատյանում գրառում է կատարվում նկատողության և դրա համար հիմք հանդիսացող խախտման մասին: Նկատողությունը հրապարակվում է դպրոցի կայքում։
Սովորողի ծնողը ցանկության դեպքում փաստի առնչությամբ կարող է բացատրություն, դիտարկում, առաջարկություն գրել: Դպրոցի ղեկավարը կարող է կարգազանց սովորողին ժամանակավորապես (մինչև մեկ շաբաթ) զրկել դպրոց գալու իրավունքից` այդ մասին տեղյակ պահելով ծնողին: Դպրոց գալու իրավունքից զրկվելը սովորողին ուսումնական պարտականությունները կատարելուց չի ազատում: Դպրոցի ղեկավարը կարող է լուծել սովորողի ուսումնառության պայմանագիրը, եթե զգուշացման բոլոր միջոցներն արդեն կիրառվել են, և սովորողը շարունակում է խախտել կարգապահական կանոնները: Պայմանագիրը լուծելուց առաջ ղեկավարը սովորողի հարցը քննարկում է դպրոցի մանկավարժական խորհրդում։ Պայմանագրի լուծման հիմքում դպրոցի ղեկավարը դնում է սովորողի ստացած կարգապահական տույժերը, դպրոցի ուսուցիչների գրավոր կարծիք-երաշխավորությունները։ Սովորողի պայմանագիրը լուծելու մասին դպրոցի ղեկավարը գրավոր տեղեկացնում է կրթահամալիրի տնօրենին։ 

2.3. Ծնողի կողմից պայմանագրային պարտավորությունը չկատարելու դեպքում դպրոցի ղեկավարը նրան հիշեցնում է դրա մասին։ Եթե ծնողը շարունակում է խախտել պայմանը, դպրոցի ղեկավարը դպրոց է հրավիրում ծնողին, զրույցի արդյունքը ներկայացնում է տնօրենին` անհրաժեշտության դեպքում միջնորդելով պայմանագրում փոփոխություն անել, կամ պայմանագիրը լուծում է։ Պայմանագրի լուծումից առաջ դպրոցի ղեկավարը խորհրդակցում է դպրոցի մանկավարժական խորհրդում, ստանում  ուսուցիչների գրավոր կարծիք-երաշխավորությունները։

3. Պայմանագրի լուծումը` որպես լրացում, կցվում է պայմանագրին։ Այնտեղ նշվում են պայմանագրի լուծման օրը, հիմքերը։ Պայմանագրի լուծումից հետ դպրոցի գրասենյակի ղեկավարը ՀՀ ԿԳՆ ընդունած կարգով շարունակում է սովորողի` դպրոցից տեղափոխվելու գործընթացը և սովորողների շարժմատյանում համապատասխան գրանցում անում։

Դպրոցը սովորողին տրամադրում է ԿԳ նախարարի 2011թ. 1640-Ն հրամանով որոշված փաստաթղթեր (դրանց էլեկտրոնային տարբերակներ): Եթե «Իմացումի հրճվանք» ծրագրի սովորողը ծրագրից դուրս է գալիս մինչև դրա ավարտը՝ ՀՀ ԿԳՆ սահմանված կարգով 4-րդ դասարանի ստուգումների արդյունքում 5-րդ դասարան տեղափոխվելը, նրան տրված փաստաթղթում նշվում է իր տարիքային խմբին համապատասխան դասարանը: