• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թվացյալ սահմանները

Երևան-Ստամբուլ, ««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր-Տատյան վարժարան» կրթական կամուրջներն իրականություն են։

Կրթահամալիրի սովորողները 5 օր է, ինչ ապրում են պոլսահայ ընտանիքներում, մասնակցում են տատյանցիների դասերին, միասին շրջում շուրջ 14 միլիոն բնակիչ ունեցող քաղաքում, ծանոթանում Պոլսի մշակույթին։ Տատյան վարժարանը մեր գալուստին շատ էր պատրաստվել, և առավել ուրախ էին, որ հայաստանցի երեխաների են հյուրընկալում։ Այս վարժարանն էլ ունի կրթական փոխանակման մեծ փորձ, բայց Հայաստանի հետ առաջին անգամն են համագործակցում։ Իրենք էլ են բաց համագործակցելու, նախագծային տարբեր կամուրջներ հաստատելու համար։ Վարժարանը եկող տարի նշելու է իր հիմնադրման 175-րդ տարին, ու այդ օրերին իրենց գործընկեր հյուրերի ցանկում լինելու է նաև Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։

Մեր ծրագիրը կազմված էր երեք մասից՝ ծանոթություն Տատյան վարժարանի կրթական ծրագրերին, մշակութային, ճանաչողական զբոսանքներ Ստամբուլում և սովորողների ներառումը ընտանիքներում։ Այս վերջինը շատ եմ կարևորում, քանզի Հայաստանում արմատացած վախերն ու գենետիկ հիշողության մեջ կարծրացած վտանգի սպասումն ի սպառ վերացավ այս ութ երեխաների ու իրենց ընտանիքի շրջանակում։ Երեխաներից մեկն ասում է. «Խոսում ենք նույն լեզվով, բայց իրար հազիվ ենք հասկանում։ Շատ ենք ուզում լինել Հայաստանում, տեսնել հայերեն գրված ցուցանակներ, լսել հայերեն խոսք։ Այստեղ ինչքան էլ դպրոցում խոսում ենք հայերեն, դպրոցից դուրս ամենուր թուրքերենն է, մեր մտածելու լեզուն էլ է թուրքերենը ու հայերենը մեծ դժվարությամբ ենք պահում»։

Ինձ համար միշտ էլ խորթ են եղել բոլոր տեսակի սահմանները, ու այստեղ էլ դրանք ջնջված էին։ Նույնիսկ իրար դժվար հասկանալով էլ երեխաները իրար հետ հավեսով շփվում են, խաղում, զրուցում և միասնական «պատկեր քաշում» (լուսանկարվում)։ Այն սերն ու ջերմությունը, որ տեսանք այստեղ երեխաների ու իրենց ընտանիքների միջև, բառերով նկարագրել դժվարանում եմ, ուստի առաջարկում եմ դիտել մի հատված՝ Վալերան և իր պոլսահայ մայրիկը։