ՀՐԱՄԱՆ
21․06.2017թ.
Կրթահամալիրում 2017թ. հունիսի 26-28-ին ՀՀ ԿԳՆ աջակցությամբ, կրթահամալիրի աշխատողների արհեստակցական կազմակերպության գործընկերությամբ կազմակերպվում է մանկավարժական նորարարության «Բարեկամություն 2017» ամենամյա հունիսյան առաջին բաց ճամբարը։
- Ճամբարի պետ նշանակել Հերմինե Անտոնյանին, կազմակերպական խորհրդում ընդգրկել Լուսինե Բուշին, Նունե Մովսիսյանին, Քնարիկ Ներսիսյանին, Ռինա Շագինյանին։
- Ճամբարի պետի ներկայացմամբ հրապարակել ճամբարի հայտարարությունը։
- Ճամբարի խորհրդի, կրթահամալիրի մանկավարժության կենտրոնի ներկայացմամբ հաստատել՝
- ճամբարի բովանդակությունը՝
- կրթական նոր գաղափարներ․ նախագծերի (ստարտափ) ստեղծում.
- մանկավարժական նորարար փորձի ներկայացում, քննարկումներ.
- հեղինակային կրթական ծրագրով ստեղծված անընդհատ (շուրջտարյա) կրթության արդյունավետ միջավայր, պայմաններ, այդ թվում՝ դպրոց-պարտեզ, կրթական պարտեզ բնակելի արվարձանում, բլոգային ուսուցում, նախագծային ուսուցում.
- ամառային ուսումնական նախագծեր.
- մշակութային, մարզական պարապմունքներ, հայրենագիտական քայլարշավ Երևանում.
- Ճամբարային պարապմունքների կազմակերպման մեջ «Սովորող սովորեցնող» նախագծով ներգրավել սովորողների։
- Ճամբարի մասնակիցների ընդունումը՝ հունիսի 25-ին, կրթական փոխանակումների Արևմտյան դպրոցի կացարանում, պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան, Հյուսիսային դպրոցի կացարանում, պատասխանատու՝ Քնարիկ Ներսիսյան, Հարավային դպրոցի կացարանում, պատասխանատու՝ Շամիրամ Պողոսյան։ Մեկնումը՝ հունիսի 29-ին։
- Ճամբարի մեկնարկը՝ հունիսի 26-ին՝ ժամը 09։00, Մայր դպրոցում։
- Ճամբարի պաշտոնական ներկայացումը, փակումը, արդյունքների հանրայնացումը՝ հունիսի 28-ին՝ ժամը 12։00, Մայր դպրոցում։
- Ընդունել ի գիտություն, որ Ճամբարի պահպանության ծախսերը հոգում է կրթահամալիրի աշխատողների արհեստակցական կազմակերպությունը։
- Հունիսի 25-ը՝ ժամը 14։00-20։00, համարել աշխատանքային կրթական փոխանակումների կացարաններում՝ Սոնա Փափազյանի, Նորա Սևոյանի համար, Քնարիկ Ներսիսյանի, Շողիկ Ղարիբյանի համար, Օվսաննա Ալավերդյանի, Մարինե Մկրտչյանի համար, կրթահամալիրի Կենտրոնում՝ Հերմինե Անտոնյանի, Սիրանույշ Տեր-Միլիտոսյանի համար։
- Տիգրան Պարսիլյանին, Սեն Միքայելյանին՝ ճամբարն ապահովել անխափան մեդիամիջավայրով։
- Կրթական փոխանակումների կացարանի, ճամբարային պարապմունքների, շրջայցների, ուսումնական այլ աշխատանքի տարածքների, այդ թվում՝ լանջերի, լողափերի մաքրության, հիգիենայի, սպասարկման նախապատրաստման հունիսի 21-25-ի աշխատանքների վերահսկումը հանձնել Ռուդիկ Սահակյանցին։
- Հերմինե Անտոնյանին՝ ճամբարի բլոգում ապահովել Ճամբարի ամենօրյա լուսաբանում, արդյունքների ներկայացում մասնակիցների միջոցով։
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան