• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անխոնջ երազողը

Վաղուց մարդու մասին չեմ գրել: Երևի գրելու կարոտն ու սերն առ Մարինե ներդաշնակվեցին: Գիտե՞ք, մենք մեր կողքիններին լավ չենք ճանաչում: Կամ, երևի քիչ ենք ճանաչում: Մենք փորձում ենք ընկալել մարդկանց այնպես, ինչպես ինքն է մատուցում, կամ ինչպես խոսում են: Իրականում ըստ իս, ցանկացած մարդ շատ ավելի ուրիշ է, քան մենք կարող ենք ընկալել նրան: Այդպիսին է նաև Մարինեն: Ես չեմ հիշում անգամ, թե ինչպես եմ Մարինեի հետ ծանոթացել: Շատ հազվադեպ է լինում, երբ մարդու հետ ծանոթանալու դրվագը չեմ հիշում: Սա այդ հազվադեպերից մեկն է: Երևի հենց այդպես էլ պետք էր: Սպոնտան: Մնացածը` հընթացս եղավ այնպես, ինչպես որ կա: Ջերմ ու անմիջական: Ինձ թվում է, թե Մարինեի հետ միշտ եղել եմ այսքան մտերիմ ու հախուռն: Մարինեն տեսակ է ու շատ հուզական տեսակ: Արտաքին հետաքրքիր աշխույժի մեջ նա թաքցնում է այդ հուզականությունը: Նա թաքցնում է հոգու գորովը ու ապրելու հմայքը: Իմ ընկերոջ կամ ավագ քրոջ, կամ էլ մորաքրոջ մեջ, ինչպես կուզեք, բազմաթիվ կանացի ու դյութական շերտեր շղարշված են մեկ բազումի հոգու ձուլումով: Մարինեի մեջ ամբողջանում ու խտանում է Շիրակի կորովը ու խիզախումի պատրաստ կնոջ բերկրանքը: Բայց միևնույն պահին, իր ներքին երազանքների աշխարհում, որն ընդամենը նկատել է պետք, նա այնքան հուզական է, այնքան առինքնող, որ պարզ շփումից անգամ հորդում է խինդը:

Միշտ ապրիր հոգուդ անրջում` ընտանեկան ջերմությամբ լեցուն: