• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամենասեբաստացիները - Մարի Գաբանյան

-Ձեր մուտքը կրթահամալիր, ինչպե՞ս եք սկսել Ձեր աշխատանքային գործունեությունը:
-1993 թվականն էր, ինձ հրավիրել էին կրթահամալիր, ես այն ժամանակ աշխատում էի Ալ.Մյասնիկյանի անվան ազգային գրադարանում: Կրթահամալիրի գրադարանի տնօրենը Ռայա Գալստյանն էր,  մենք  ծանոթացանք իրար հետ ազգային գրադարանում,  ու  նա  ինձ հրավիրեց կրթահամալիր: Դպրոցին  գրադարանավար- մասնագետ էր պետք, և 1993թվականի օգոստոսից  ես անցա աշխատանքի մինչև այսօր:
-Ձեր աշխատանքային գործունեության  ամենահիշարժան  ժամանակահատվածը, ո՞ր շրջանը կառանձնացնեիք:
-Երբ եկա կրթահամալիր, ինձ  անծանոթ էր կրթական այլընտրանքային այս ծրագիրը, անծանոթ,  բայց նաև գրավիչ, ու ես միանգամից մտա աշխատանքի մեջ:  Գրադարանավարի մասնագիտական այն փորձը, որ ես ունեի, սկսեցի կիրառել կրթահամալիրում:  Մեր նպատակը դպրոցական գրադարանների զարգացումն էր: Հիշում եմ՝  այդ տարիները  Հայաստանում  դժվար տարիներ էին, ղարաբաղյան պատերազմ, լույս չկար, գազ չկար,  բայց գիրքը արժևորելու համար ծրագիր էր հարկավոր: Գրադարանի մի խումբ աշխատակիցների հետ  սկսեցինք դժվարին այդ գործը,   գրականության հայթայթում,  նվիրատվություններ,  ստեղծեինք այսօրվա մեր գրադարանը և ընթերցողների կորուստ չունենցանք, ունենցանք ընթերցող սովորողներ, ընթերցող ծնողներ ու թաղամասի բնակիչներ, ընթերցող ուսանողներ և անընդհատ նորացվող գրականություն:  Մեր առջև դրված խնդիրը, կարծում եմ, ստացվեց:  Այսօր ավանդական գրադարանից անցում ենք արել  էլեկտրոնային գրադարանի, որի ֆոնդերը  օրեօր համալրվում են: Հիմա մեզ Հայաստանում շատ լավ են ճանաչում,  որովհետև .  «Տիգրան Հայրապետյան» գրադարանից  շատերն են օգտվում,  գրադարանի կայքը  մեծ ճանաչում ունի և առանձնանում է իր տեխնիկական հագեցվածությամբ: 
-Ի՞նչ հիշարժան դեպք կպատմեք։
-Գրադարանում  հիշարժան դեպքեր շատ են եղել,  հանդիպումներ, շնորհանդեսներ, միջոցառումներ, այսօր էլ դրանք շարունակվում են, բայց ուզում եմ շեշտել,  որ  գրադարանում ձեռնարկված ամեն մի աշխատանք ըստ արժանվույն է գնահատվել ու աջակցության արժանացել:  Այսօր՝ կրթահամալիր տոնի այս օրերին,  գրքի իսկական տոն է, ցուցահանդես – վաճառք  գրադարանի  մեր սրահում, որտեղ ներկայացված են  նորատիպ  գրքեր,  գեղեցիկ ու շքեղ հրատարակություններ: Մեր գրադարանը անընդհատ զարգացում է ունեցել,  շատ դպրոցական գրադարաններ կան, որ այսպիսի աճ, այսպիսի միջավայր, այսպիսի գրականություն չունեն,  այսօր մենք աշխատանքներ ենք տանում այդ ուղղությամբ, մեր հարուստ ֆոնդերից նվիրատվություններ ենք անում հանրապետության ու մայրաքաղաքի  շատ դպրոցների գրադարանների: 
-Ձեր խոսքը, մաղթանքը Սեբաստացու օրերի առթիվ։
-Ես ինքս Սեբաստացի եմ, իմ ընտանիքի առաջին անդամն էի, որ եկա կրթահամալիր, ինձանից հետո եկան  աղջիկներս,  թոռնիկներս:  Մենք  ընտանիքով ենք  սեբաստացի: Մաղթում եմ, որ սեբաստացիներով  անընդհատ աճ ու զարգացում  ապահովենք, նորանոր գաղափարներ մեզ  ու նորանոր  նվաճումներ:
 
Հարցազրույցը վարեցին Դավիթ Մուրադյանը և Ժենյա Դավթյանը, ավագ դպրոց