• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արցախ. օր առաջին

Դե, ինչպես արդեն ձեզ հայտնի է, մի քանի ամիս առաջ վերջացավ Երկիր Մեդիա Հ/Ը ընթացող «Զարթոնքի սերունդ» ինտելեկտուալ խաղը: Երկու հաղթող թիմերից մեկը մենք էինք, և որպես պարգևատրում պետք է երկու հաղթող թիմերը  մեկնեին Արևմտյան Հայաստան: Սակայն պարզվեց, որ մենք այդքան էլ բախտավոր աստղի տակ չենք ծնվել. Արևմտյան Հայաստանում իրադրությունը շատ լարված էր. մենք որոշեցինք մի փոքր համբերությամբ  զինվել և սպասել, բայց ապարդյուն: Գնալով վիճակը ավելի էր լարվում: Որոշվեց մեկնել ոչ պակաս պատմություն ունեցող Արցախ: Այսինքն` ուղղությունը փոխվեց արևմուտքից արևելք:

Առաջին կանգառը Խորն Վիրապն էր: Առասպել՝ խառնված իրականությանը: Պատմություններ, դաս, քննարկում: Լուսավորիչ և ոչ միայն: 13 տարի այդ փոսու՞մ: Գեղեցիկ առասպել է: Անձամբ ես առաջին անգամն էի Խոր Վիրապում: Հաջորդ կանգառը Արենու քարանձավն էր: Իհարկե, նշանավոր կոշիկը կամ տրեխը չտեսանք, բայց պեղումների ծավալն ու բովանդակությունը բավականին հետաքրքիր էր: Բնության մի տեսակ ներդաշնակություն կար այդ քարերի ճեղքերի մեջ: Ծտերի քարանձավը նույնպես հետաքրքիր էր, բայց ծիտ չկար: Նորավանքում մեր զբոսավարը որոշ պատկերներ նույնացրեց Եհովայի հետ, իսկ որոշներին պարբերաբար տալիս էր Աստղիկի ու Վահագնի բնորոշումը: Կարծում եմ՝ հասկացաք, որ բանավեճերի պակաս չէր զգացվում: Քարահունջում հասկանալի դարձան հին աշխարհի պատկերացումները աստղերի ու համաստեղությունների մասին: Իսկ այ, արդեն բուն Արցախում, մեքենայում սկսվեց մի բանավեճ՝ կապված 20-րդ դարի առաջին քառորդի անցքերի հետ: Դա նկարագրելի չէ: Այժմ արդեն հարմարավետ տեղավորվել ենք Շուշիի մեր հյուրանոցում: Ուզեցի պարզապես կիսվել ճամփորդության առաջին օրվա տպավորություններով, չգիտեմ՝ որքան ստացվեց:

Վահե Պապոյան