• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բաղրամյանն ու հուլիսի 5-ը

Բաղրամյանը մեռավ: Հնարավոր է, որ այս գույժը, այն էլ հուլիսի 5-ին, երբ կարծես մեծ շուքով պետք է նշեինք Սահմանադրության ընդունման 20-ամյակը, այդքան էլ տեղին չէ: Բայց կա իրողություն, և կա փաստ: Բաղրամյանի մասին դեռ շատ կխոսեն և կգրեն: Անձամբ ես պատրաստում եմ ներկայացնել ազգագրական-մարդաբանական դիտարկումներ: Դրանք շատ էին Բաղրամյանում: Կարող է ասեք, թե Բաղրամյանը դեռ հոգեվարքի մեջ է: Բայց ամեն դեպքում մեռել է: Տողերը գրում եմ ոչ թե չարախնդությամբ, այլ իսկական ցավով: Թվում էր, թե Սահմանադրության 20-ամյակին կարող ենք հրաշալի նվեր ունենալ` քաղաքական պողոտա` իր բաղադրիչներով, ու տոնել իրական Սահմանադրությունը, դրա գերակայությունը և հաղթանակը: Բայց... կա այն, ինչ կա, և այն, ինչ պետք է լիներ: Երկար-բարակ քաղաքական կամ քաղաքագիտական վերլուծությունների կարիք չկա: Բաղրամյանը մեռել էր հունիս 25-ի լույս 26-ի գիշերը, մինչև մեծ պառակտումը, երբ որոշ սահմանափակ ուժեր կարծում էին, որ քաղաքականն ու քաղաքացիականը դրանք տարբեր բաներ են: Երբ սովետական ԿԳԲ-ի մեթոդները աշխատել էին, ու բութ հասարակության զինանոցում ավելացրել քաղաքացիական-սոցիալական բաղադրիչը` կուրացնելով առանց այդ էլ կույր հասարակությանը: Տեքստս ստացվում է հախուռն, բայց այլ կերպ չի կարող լինել, զի շատ բան կա ասելու ու պատմելու: Բոլորս փայփայում էին Բաղրամյանը, այն մի տեսակ նմանվում էր մի վիճակի, երբ ընտանիքը կորցրել է բազմաթիվ զավակների, և օր ծերության ծնվել է մեկը, նորը, որ պետք է վառ պահեր այդ օջախի լույսը, բայց ավաղ... 

Առաջին օրերին կարծես 88-ն էր, իր կառնավալով, քաոսով և նորից կառնավալով: Հանդիպել էին քուչան ու փաբը, քաղաքականն ու մարգինալը, ֆեյսբուքն ու իրականությունը: Եվ բոլորը երկխոսում էին: Կառնավալն իրական էր` լեսբուհուն ու համասեռամոլին, գոթին ու էմոյին, հիփսթերին ու մետալիստին ընդունում էին հավասար: Նրանք բոլորը մեկ են, որովհետև Բաղրամյանում են: Բայց այս մշակութային երկխոսություններում հաղթեց քուչան, մարգինալը և արդյունքում դարձավ իրականություն: Կառնավալային քաոսը դարձավ անկառավարելի քաոս մասնակիցների կողմից: Եվ քանի այն դառնում է անկառավարելի մասնակիցների կողմից, ավելի շատ կառավարելի է դառնում իշխանությունների կողմից: Քայլ առաջ անելու պահը ուշացավ: Ուշացավ այնպես, ինչպես ուշացավ 2008-ի փետրվարի 26-ին: Մարդիկ հոգնեցին: Հոգնեցին այնպես, ինչպես 2008-ի օգոստոսին: Իսկ իշխանությունը: Հիշենք Վանոյին. «Թե 13-ից որին որի դեմ եւ երբ կհանի իշխանությունը, 14-րդ Արտաշին ե՞րբ բացահայտ քսի կտա մնացածի վրա, 15-րդ Պարույրին երբ մեյդան կգցի` որպես անկախության գաղափարի վարկաբեկիչ,- նախընտրական տակտիկայի հարց է...»: Վանո, ես քեզ սիրում եմ:

Շնորհավոր ՀՈՒԼԻՍԻ 5: