• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Եզրափակիչ

Ամիսներ տևած պայքարը մտնում է վճռորոշ փուլ: <<Զարթոնքի սերունդ>> ինտելեկտուալ հեռուստանախագծի շրջանակներում այսօր տեղի ունեցավ կիսաեզրափակիչ առաջին խաղը, որում որոշվեց եզրափակիչ խաղի առաջին մասնակիցը: Անկեղծ ասած լարվածությունն հասել է գագաթնակետին: ճիշտ է, ինչքան էլ ուզենանք շատ չկարևորել վերջնական արդյունքը, քանի որ 64 թիմերի մեջ լավագույն քառյակ, իսկ այժմ արդեն լավագույն զույգում հայտնվելը մեծագույն պատիվ է, այնուամենայնիվ, ցանկությունը մեծ է, որպեսզի թիմի հետ կատարած տարիների համառ աշխատանքը արդյունք տա (նախորդ թիմի վետերանների` Աիդա Գրիգորյանի, Ռուզան Ամիրխանյանի և այլոց կողքին աճեց ու կայացավ այս թիմը): Ինչևէ, այսօրվա խաղը ստացվեց էլ առավել լարված ու դինամիկ, քան կարելի էր պատկերացնել: Երբեմն-երբեմն մասնակիցների նյարդերը տեղին էին տալիս, որը գալիս էր խաղի արժեքից: Մրցակիցը թույլ չէր, ավելին` ի սկզբանե հավակնորդներից մեկն էր, քանի որ նախորդ բոլոր խաղերում 10 հնարավորից վաստակել էր 10 միավոր (ներկայացնում էր ԵՊԲՀ հենակետային վարժարանը): <<Մոնթեյի հետնորդներ>>, այսպես էր թիմի անվանումը, որը մրցեց մեզ հետ (անկեղծ ասած այսպիսի անվանումներ` Մոնթե, Տալվորիկ, Սասուն, Մշո դաշտեր, Անդրանիկի զավակներ անվանումները տանել չեմ կարողանում: Կեղծ հայրենասիրությունը աչքի է զարնում միանգամից): Առաջին 4 փուլերում երկու կողմերն էլ ցույց տվեցին 100 տոկոսանոց արդյունք` 7 հնարավորից վաստակելով 7 միավոր: Ամեն ինչ վճռվեց որոշիչ` 5-րդ փուլում: Հակառակորդը վրիպեց միանգամից երկու միավոր, որից անմիջապես օգտվեցին ամբողջ խաղում թիմային բարձր կարգապահություն և զգոնություն ցուցաբերած մեր սաները: Էրիկ Նիկողոսյանն առանց ժամանակ վերցնելու միանգամից պատասխանեց 5-րդ փուլի բոլոր 3 հարցերին, որի արդյունքում խաղը շահեցինք 10-8 հաշվով: Եզրափակիչն ամենայն հավանականությամբ տեղի կունենա հուլիսի 6-ին: Հիշեցնեմ, որ մրցաշարի հաղթողներին սպասվում է ուղևորություն Արևմտյան Հայաստան: Առաջարկում եմ եվս մեկ անգամ ծափահարել թիմի անդամներին` Աննա Գսպոյան, Էդուարդ Հովհաննիսյան, Էրիկ Նիկողոսյան, Վահե Պապոյան, Սանասար Գևորգյան: