• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հրաշք աշխարհ

Ամառային ճամբարը ինձ համար անցավ չափազանց հետաքրքիր և բովանդակալից: Ճամբարի մի շարք օրեր մենք անցկացրեցինք այգիներում և զբոսայգիներում: Ինտելեկտուալ խաղեր, մաֆիա, նախագիծ մեր փոքրիկ ընկերների համար, ինչու չէ, նաև մանկության վերհիշում և այլն:

Հատկապես տպավորիչ էր մեր  Լոռի ուղևորությունը: Դա այս տարվա իմ առաջին ճանապարհորդությունն էր և առաջին անգամ էի Լոռիում` այն էլ գիշերակացով: Սա էլ քիչ էր` վրաններով: Գեղեցիկ բնություն, հետաքրքիր շրջապատ, լավ խաղեր էլ ինչ է պետք լավ ժամանակ անցկացնելու համար: Սկզբում այցելեցինք Լոռու բերդ, որը հետաքրքիր էր իր անցած պատմությամբ, բայց անմխիթար` ներկայիս վիճակով: Հետո հերթը Դենդրոպարկինն էր, որտեղ առաջին անգամ էի, և շատ տպավորված եմ գեղեցիկ բնությամբ: Սեքվոյաներից մինչև Էրիկի անզուգական հումոր: Ճանապարհին ընկերներով այնքան զբաղված էինք, որ անգամ չհասցրեցի նկատել, թե ինչպես հասանք Դսեղ:

Լոռու բնաշխարհը իրավամբ տպավորիչ էր և անզուգական ներշնչող: Կարծես Թումանյանի գաղտնիքն ինձ համար բացվեց: Գիշերը խարույկ վառեցինք: Զրույցները և անցկացրած ժամանակը խարույկի շուրջ` ընկերական ջերմ միջավայրում` մեր տղաների բռնած ձկների խորովածի շուրջ (այնքան էլ հաջող ձկներ չէին), ինձ տեղափոխեցին ֆիլմերի հրաշալի աշխարհ: Ճիշտ է, եղանակը մատուցեց իր անակնկալը` անձրևի տեսքով, այն էլ գիշերվա ժամը չորսին, բայց դա էլ իր հետաքրքրությունն ուներ:

Սանահին այցելելուց հետո մեր լավ տրամադրությունը եղանակի հետ միասին վերադարձավ:

Ալավերդիում մեզ հյուրընկալեց մեր հյուրասեր ծանոթը` Հրաչը: Այստեղ  մեզ շատ ջերմ ընդունեցին, ինչի համար խորապես շնորհակալ ենք: Հրաչն ունի հրաշալի ընտանիք` երեք չքնաղ դուստրերով:

Ամեն ինչ ավելի լավ էր, քան ես կարող էի պատկերացնել:

Հռիփսիմե Մելիքյան, Վարժարան, 11-րդ դասարան