• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մի ուրախացեք, որ Ադրբեջանում բազմահարկ շենք է հրդեհվել…

Ուզում եմ մի բան պատմել, որ գրեթե մեկ տարի է, ոչ մի կերպ չեմ կարողանում մոռանալ: 
Անցյալ տարի մենք ընտանիքով հանգստանում էինք Վրաստանի Շեքվեթելիի ափին: Ծովը անձրևից հետո հաճախ էր ալիքվում ու, բնականաբար, փոքր երեխաներ ունեցողները գերադասում էին չլողալ այդ օրերին: Էդպես, խաղում, զրուցում էինք մեր հյուրատան բակում, մեկ էլ մի 12-13 տարեկան հայ տղուկ վազելով եկավ ափի կողմից, հեկեկալով, իրեն կորցրած, թե՝ խնդրում եմ օգնեք, եղբայրս խեղդվում է: Երկու, երեք հայ տղամարդ կար հյուրատան բակում, բոլորը վազեցին: Երևի պատկերացնում եք, թե ինչ ապրումներով էր լեցուն էն մի 15 կամ 20 րոպեն, երբ մենք՝ առանց լուրի, սարսափած կանգնած էինք՝ սպասելով, որ մեկը կերևա ու մի լավ լուր կասի: Բայց նախկինում դառը դեպքեր էին եղել, ալիքված ծովը քշել տարել էր մարդկանց, հատկապես երեխաների: Ու մենք էդ գիտեինք: Ծովն էլ՝ այդ օրը թարսի պես սարսափելի ալիքված էր.... Մեր երեխեքը գալիս-գնում, հարցնում էին՝ մամ, բա փրկվե՞ց էդ տղան, մամ , բայց կփրկվի՞...... Հուզված, պապանձված մենք երևի աղոթում էինք, որ տղան փրկվի, որպեսզի համ ինքն ապրի, որպեսզի մեր հուզված երեխեքին կարողանանք լավ լուր ասել, ու կարողանանք նորից ծով մտնել.....Մի խոսքով , դարից երկար ձգվեցին էդ մի քանի րոպեները....
Այլայլված, շփոթված՝ մեր տղամարդիկ երևացին, շտապելով ասել, որ 17 ամյա հայ տղան փրկվեց: Փրկվեց նաև նրա հայրը, ով մտել էր տղային փրկելու, ու չկարողանալով դիմագրավել ծանր ալիքներին ու հուզմունքին՝ ինքն էլ էր սկսել խեղդվել..... Նրանց փրկել էին երեք ադրբեջանցիներ, ովքեր այդ ժամանակ մեզ պես հանգստանում էին ծովում՝ իրենց ընտանիքներով: Ափին կանգնած մարդիկ կարկամած պատմում էին, թե ինչ դժվարությամբ, անհնարինության հասնող գերճիգերով այդ մարդիկ կարողացել էին դուրս բերել տղային ու հորը ալիքվող ծովից: Ու հետո անշարժ, անուժ, գրեթե անկենդան փռվել ավազին.....
Տղային փրկող ադրբեջանցի տղամարդիկ գիտեին, որ 17 ամյա հայ պատանու են փրկում: Մենք բոլորս աներևեկայալեի հուզված էինք: Տղան փրիված էր ու նրան փրկել էին տղամարդիկ, որոնց երկրի բանակի հետ հենց այդ օրերին մեր պետությունը հայ-ադրբեջանական սահմանում թեժ պայքարի մեջ էր: Անցած տարվա օգոստոսն էր....
Ինչ ասեմ....Ես շատ երկար եմ ապրել այս դեպքի ազդեցության ներքո: Մտածել եմ բոլորի մասին՝ փրկված հայ տղայի, ով մեկ տարի հետո բանակ պիտի զորակոչվեր, ու գուցե հիմա ծառայում է հենց սահմանին, մտածել եմ նրանց ծնողների մասին, որ Աստված գիտի, թե ինչքան երախտապարտ են իրենց տղային փրկող ադրբեջանցի տղամարդկանց, ու հավանաբար երբեք չեն կարող մտքի ծայրով անցկացնել, թե՝ մա՛հ, թշնամուն, որովհետև հասկացել են, որ թշնամի ասված սարսափի մեջ ՄԱՐԴԻԿ կան, որոնց սրտի մեջ կարեկցանք ու սեր կա, մտածել եմ երեք ադրբեջանցի տղամարդկանց մասին, որ կարողացան հաղթահարել մեր միջև եղած ողբերգական ատելությունը ու կռիվ տվեցին ալիքների հետ: Սխալ չհասկանաք, խնդրում եմ, բայց ալիքների հետ այդ ինքնազոհ կռվի մեջ ես հազար բան եմ տեսել՝ ներում, ափսոսանք, խնդրանք, հույս, սեր, հավատ, անզորություն...... 
Երջանիկ էինք, որ տղան ու հայրը փրկվեցին: Մտքումս հազար անգամ շնորհակալություն եմ հայտնել իրենց փրկողներին: Իրենք իմ բեռն էլ են թեթևացրել. իմ տղաներին պատմելու բան են թողել ինձ. որ ամեն բան կորած չէ, որ մեր կռիվը մարդու մեջ ապրող գազանի դեմ է ու ոչ մարդու, որ հույս կա, որ երբևէ լավ կլինի , որ խաղաղությունը մի օր անքննարկելի ապրելու կերպ կդառնա բոլորիս համար ու որ դրան հասնելու համար մենք բոլորս քաջություն պիտի ունենանք կռվելու անհաղթահարելի թվացող ալիքների հետ:
Միշտ եմ ուզել պատմել այս դեպքը. բայց, ընդունում եմ, սխալ հասկացվելու վախով երևի, անընդհատ պահել եմ ներսումս ու կիսել մի քանի ընկերներիս հետ..... Երեկվանից կարդում եմ մտքեր, որոնց հեղինակները գոհ են ու երջանիկ վերջապես, որ Բաքվում շենք է հրդեհվել, որ մարդիկ են մահացել, այդ թվում՝ երեխաներ: Էս ի՜նչ հրդեհ է ձեր գլխում ու հոգում, մարդիկ ջան, սեփական մոխիրներում տապակվելուց ո՞նց եք, ախր, էդքան լավ Ձեզ զգում: 
Ի՞նչ գիտեք, ասեք, ի՞նչ գիտեք, որ հրդեհվող շենքում չէր ապրում մեր հայ տղային փրկող ադրբեջանցիներից որևէ մեկի ընտանիքը:

Աղբյուր՝ Մերի Մուսինյանի ֆեյբուքյան էջ