• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ավանդական Համբարձման տոնը Նորք- Մարաշի ս. Աստվածածին եկեղեցում

Այս տարի մայիսի 14-ին Հայ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այն նշվում է Ս. Հարության 40-րդ օրը: Ունի 35 օրվա շարժունակություն: Միշտ նշվում է հինգշաբթի:
Մայիսի 14-ին՝ ժամը 12:30-ին՝ հավարտս. պատարագի, ԱՀԹ Նորք-Մարաշի ս. Աստվածածին  եկեղեցու երիտասարդաց միությունը հրավիրում է Համբարձման տոնին:

Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Զաքարիա քահանա Ավետիսյանի գլխավորությամբ երիտասարդները Երևանի N 2 հատուկ դպրոցի սաների հետ համբարձմաներգերով կայցելեն հիվանդանոց, թաղապետարան ու մարաշցիների տներ՝ավանդական ջանգյուլումի տոնախմբության: Հավաքված նվերները կբաժանվեն Նորքի տուն ինտերնատիծերերին:

Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա եւ երեւում Իր աշակերտներին: Այդ ընթացքում Հիսուս Իր վարդապետությունն ուսացանում էր նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ էր տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում երկինք:

Քրիստոսի Համբարձման մասին վկայում են Մարկոս եւ Ղուկաս ավետարանիչները, վկայություններ կան նաեւ Գործք Առաքելոցում. «Եւ Ինքը` Տեր Հիսուս, նրանց հետ խոսելուց հետո, դեպի երկինք վերացավ եւ նստեց Հոր աջ կողմը» (Մարկ. 16:19): Հայ Առաքելական Եկեղեցում մայիսի 1-ը հիշատակվում է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սբ. Էջմիածին փոխադրելու օր:

Պատմության թելադրանքով 484 թվականից Հայաստանի տարբեր վայրերում էր հանգրվանել կաթողիկոսական աթոռը: 1441 թվականին՝ Համբարձման տոնի օրը, Հայրապետական Աթոռը Վաղարշապատի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ մեկընդմիշտ վերահաստատվում է Լուսավորչահիմն Ս. Էջմիածնում: Ի հիշատակություն պատմական այդ օրվա` Ս. Էջմիածնում Համբարձման տոնի առթիվ մատուցվող ս. պատարագի ընթացքում Իջման ս. սեղանի առջեւ կատարվում է նաեւ Հայրապետական մաղթանք:

Քրիստոսի Համբարձման տոնն ուղեկցվում է նաեւ ժողովրդական հանդիսություններով և կոչվում է Ջանգյուլում (գյուլ` նշանակում է վարդ, ծաղիկ):  Հնում Համբարձման օրվա տոնակատարություններն սկսվում էին չորեքշաբթիից: Կանայք այդ օրն անվանում էին «Ծաղկամոր կիրակի»: Ծաղկամայրն, ըստ ավանդության, քրիստոնյա Վարվառե կույսն է, որը փախչելով կռապաշտ հորից, ապաստանում է Աշտարակի մոտ գտնվող Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդում է աղջկան, գտնում, ուր նա ապաստանել էր և սպանում դստերը: Նահատակվելուց առաջ Վարվառեն խնդրում է Աստծուց, որ ծաղիկ և կարմրուկ հիվանդություններ ունեցող մանուկները բժշկվեն իր անունով: Աստված կատարում է նրա խնդրանքը, և Վարվառեի բարեխոսությունը խնդրող ծնողների զավակներն ազատվում են այդ հիվանդություններից: Այդ քարանձավը դարձել է ուխտատեղի: Քարանձավի պատերից մշտապես ջուր է հոսում, որն ունի բուժիչ հատկություն: Ժողովուրդն հավատացած է, որ այդ ջուրը Վարվառե կույսի արցունքներն են:  

Տոնը Հայաստանի տարբեր շրջաններում յուրովի է նշվում: Սակայն նախապես կատարվում է ծաղկահավաք: Տոնի ժամանակ ամենուրեք կատարվում է վիճականահություն և պարզվում, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու: Տոնի օրը ջրով լի կուժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում են երգերով, կատակներով և դրամահավաքով: Հետո սկսվում է վիճակահանությունը, ում պատկանում է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց պատկանող անձանց խրատներ և բարեմաղթանքներ են տրվում:

Աղբյուրը՝ Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին