• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Քաղաքը երգ չունի

Մի մեծ տարբերություն կա Կումայրու և Երևանի թանգարանների միջև (գոնե այն թանգարանների, որտեղ ես եղել եմ): Կումայրու թանգարաններում հիմնականում գումար չեն ուզում, ինչ տվեցիր-տվեցիր, իսկ եթե «չունիս էլ՝ ջանդ սաղ էղնի»: Աշխատակիցը ևս փող չի ուզում և կարևոր չէ, դու ուզում ես, որ նա ներկայացնի ցուցասրահները թե ոչ, նա ամեն դեպքում ներկայացնում է: Այսպիսին է Կումայրին թանգարանային մասով: Իսկ մնացած մասով սովորողներն արդեն մասամբ պատմել են: Ավելացնելու շատ բան չկա: Քաղաքի կենտրոնը մաքուր էր, հատկապես իմ մանկության փողոցները, դե հիմնականում կեղտոտող էլ չի մնացել:  Տաքսու վարորդ Գարիկն իր տեղում էր: Թվում է, թե այդ անկյունը (չանգեն), կվերանա այն ժամանակ, երբ չի լինի Գարիկը: Արդուշ քեռին էլ ավելի էր նիհարել, բայց դեռ աչքերի փայլը կար, իսկ մարդիկ արդեն վաղուց չեն երգում... 

Մի պատանի կար ԱԼՄ-ի ժամանակներով, անունը չեմ հիշում, ռաբիզ երգ էր երգում՝ «Գյումրին երգ ունի, Գյումրին վերք ունի»: Ցավոք, Կումայրու միայն վերքն է մնացել, իսկ երգը վաղուց չկա: Երբեք չէի փորձել ուրիշի աչքով նայել քաղաքին: Ինձ համար այն սովորական է. նորություններ կամ բացահայտելու բան շատ քիչ կա: Այս անգամ նայեցի սովորողների աչքերով: Ի՞նչ կարող է այն տալ այցելուին: Եթե չհաշվենք Կումայրի արգելոցի տարածքի մի քանի թանգարաններն ու հեքիաթային փողոցներն իրենց տներով (որոնցից մեկն էլ իմն է), որտեղ նկարահանվել են մեր կողմից սիրված բազմաթիվ ֆիլմեր, ապա ուրիշ ոչինչ էլ չկա: Վաղուց չկա Գորկու այգու այն հատվածը, որտեղ ես ֆուտբոլ եմ խաղացել (այնտեղ հիմա սրճարան է), ամեն անգամ բարի ժպտացող Ծաբուլի սեղանիկը, ով փոքրիկներին քաղրավենիք էր բաժանում, Մայր Հայաստանի արձանի կողքի լճակն իր նավակներով: Անգամ սիրահարների համբուրվելու մթին ծառուղիներն էին վերացել: Փոխարենը էլ ավելի կիսաքանդ էին երկրաշարժից տուժած շենքերը: Մեռնող քաղաքում ագռավներն էին շատ: Իսկ աշխարհի երբեմնի ամենամեծ զուգարանը (փոքր ժամանակ կատակով այդպես էինք անվանում երկրաշարժից ավերված «Շիրակ» հյուրանոցի շենքին) դեռ կանգնած էր համառորեն: Կանգնած էր՝ ի հեճուկս տաս տարում աղետի գոտի վերացնողների և Շառլի արձանին տանջելու համար: Լավ է, որ գոնե օրվա երկրորդ կեսին Վանուշի Շուշիկ տատիկը իր ջերմությամբ պարուրեց մեզ և թույլ տվեց հիշել, որ կար մի ժամանակ, երբ բոլոր մարդիկ էին այդպես: