• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հացպանյանը Թուրքիայի հայերի մասին

Այսօր` նոյեմբերի 28-ին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողների հյուրն էր հանրային գործիչ Սարգիս Հացպանյանը: Հանդիպման նպատակը հետևյալն էր՝ մեզ պատմել, թե ովքեր են այն հայերը, որ ապրում են Թուրքիայում, ինչ խնդիրներ ունեն նրանք, և որն է հայերի դերակատարությունը:
Հանդիպումը սկսվեց Սարգիս Հացպանյանի  կյանքի պատմությամբ, ինչը շատ հետաքրքիր էր: Նա ծնվել է Կիլիկիայի Ալեքսանդրետ քաղաքում, հայախոս ընտանիքում: 6 տարեկանում  գնացել է Պոլիս և սովորել հայկական դպրոցում: Զարմանալի է, բայց հենց հայկական դպրոցում է սովորել նաեւ թուրքերեն: Այնտեղ դասավանդող սերունդը ցեղասպանությունը վերապրած սերունդ էր: Եվ հենց նրանց շնորհիվ,  հայտնվելով հիանալի դասախոսների ձեռքում, Հացպանյանի սերունդը հիասքանչ հայերեն է սովորել: Բոլոր հայկական  դպրոցներում ոչ մի սենթ չպետք է վճարվեր ուսման համար: Յուրաքանչյուր դպրոցում ամեն տարի մեկ անգամ մի երեկույթ էր տեղի ունենում, որի ժամանակ  դպրոցի պատի վրա նշվում էր մի գումարի չափ և ասվում, որ եթե այդ գումարը չհավաքվի, ոչ ոք այդտեղից չի գնա. և այդ հավաքված գումարով էին հոգում դպրոցի բոլոր ծախսերը: Յուրաքանչյուր դասամիջոցի հնչում էր դասական երաժշտություն, և հասարակական գործիչը մեծանում է Արամ Խաչատրյանի երաժշտության ուղեկցությամբ. մի երևույթ, որը, ցավոք, այժմ այնքան էլ չի գնահատվում:
«Հայը հային չի խփի»,- Սարգիս Հացպանյանը պատմում էր, որ եթե հայը հային խփում էր, այդ հային թուրք էին անվանում:
Ցեղասպանությունից հետո Թուրքիայից հայերի նոր արտագաղթ է սկսվել այն պահից, երբ նրանց ունեցվածքի վրա թուրքական իշխանությունները կալանք են դրել: Դա եղել է 1936-ին: Նա պատմեց նաև,  որ 1942 թվականին հարկահավաքության ժամանակ Թուրքիայի վարչապետը հայտարարել է, թե թուրքերը իրենց երկրում ստրուկի պես են ապրում և այդ պահից հայերն են դառնում ստրուկ, իսկ թուրքերը` տեր, դրա համար էլ հայերի հարկերը շատ են բարձրացրել: Եվ հայերը նորից են ստիպված եղել լքել երկիրը: 
Իմացանք նաև, որ Թուրքիայում այն ժամանակ լույս է տեսել «Ակոս» թերթը, որը թուրքաահայերին հասանելի էր:
Հանդիպման ավարտին արդեն մենք պատմեցինք մեր դպրոցի մասին, Թուրքիայի  Իզմիր քաղաքի միջազգային տիեզերական ճամբար և Վան այցելած խմբերի մասին:
Ժամանակը կարճ էր, իսկ խոսելու թեմաները` շատ: Ժամանակի սղության պատճատով երկար զրուցել չկարողացանք, բայց տիար Բլեյանն ասաց, որ հանդիպումը շարունակական կլինի:
 
Կարինե Կիրակոսյան, ավագ դպրոց-վարժարան, 10-րդ դաս.
Լուսանկարները Աստղիկ Արարատյանի, գեղարվեստի ավագ դպրոց, 11-րդ դաս.