Նկարագրություն:
Թեժառույքի վանքը գտնվում է Մեղրաձոր գյուղի դիմաց` Ծաղկունյաց լեռնաշղթայի մի անտառապատ հրվանդանի գագաթին` 2000մ բարձրության վրա: Այն կառուցվել է 1190թ. Իվանե և Զաքարե Զաքարյան իշխանների օրոք: Անվան բաղադրիչները թեժ և առու արմատներն են, քանի որ վանական համալիրը կառուցվել է Մարմարիկ և Մեղրաձոր գետերի թեժ, արագահոս հատվածում: Տարածքի անվանումը գալիս է անտիկ ժամանակներից, շարունակվել է մինչև 17-րդ դար, դրանից հետո Թեժառույքում բնակություն են հաստատել թուրք-կարակալպակները, որոնք էլ նոր բնակավայրին տվել են Թայչարուխ անվանումը` թայ-զույգ և չայ-գետ բառերի բառաբարդումից կազմված, ասել է թե երկու գետերի արանքում տարածված բնակավայր և համանուն վանական համալիր: