• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճամբարային հագեցած շաբաթ

 

Դեկտեմբերի 17-ից մեկնարկած <<Ձմեռային ուսումնական ճամբար>>  նախագծի առաջին շաբաթվա ընթացքում Էկո-հայրենագիտական ակումբը ներկայացավ ողջ հմայքով: Աշխատանքները սկսվեցին համապատասխան նախoրոք հրապարակված ու հաստատված ծրագրի: Ինչպես հայտնի է  <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրը նախատեսում է անց կացնել թվով 3-րդ ամենամյա բաց էկոտուրը, որի կազմակերպման աշխատանքներին մասնակից են ակումբի բոլոր անդամները և էկոտուրին մասնակցել ցանկացողները: Արդեն կազմվել է հինգ մասնակից խումբ՝ յուրաքանչյուրը հինգական մասնակցով: Չեմ ուզում վաղաժամ կանխատեսում անել, աշխատանքների արդյունքներին ականատես կլինենք ապրիլի վերջին էկոտուրի արդյունքները ամփոփելիս:

Արդեն կա նախնական պայմանավորվածություն <<Ազատ խոսքի ամբիոն>> ակումբի հետ և հաշվի առնելով Արցախում՝ պատանեկան ակումբային հավաքի շրջանակներում կայացած բանավեճի փորձը, մյուս շաբաթ կանցկացնի ևս մեկ բանավեճ՝  <<Գենետիկորեն փոփոխված օրգանիզմներ>> թեմայով:

Բարեկարգման աշխատանքների շրջանակում փորձել ենք մայր դպրոցից դեպի գեղարվեստի դպրոց տանող ճանապարհը ազատել առատ ձյունից:

Ինչ վերաբերում է հետազոտական աշխատանքների հրապարակումներին, ապա դրանց մի մասը խմբագրման փուլում է և շուտով կհրապարակվի Լուսաստղ ամսագրում:

Իհարկե, հագեցած շաբաթը պահանջում էր իմաստավորված ավարտ: Ուրբաթ օրը Էկո-հայրենագիտական ակումբը արձագանքելով մի խումբ բնապահպանների կոչին՝ միացավ նրանց նախաձեռնած ակցիային: Այս անգամ բնապահպանները բողոքում  էին Թեղուտի հանքում շահագործողի կողմից կատարած չարաշահումների դեմ: Մինչև վերջ մասնակցելով բողոքի ակցիային, զրուցելով մտահոգ բնապահպանների հետ ու սովորողների մոտ քաղաքացիական հասարակության սաղմեր ձևավորելով՝ ավարտեցինք միջոցառումը:

Մինչ միմյանցից բաժանվելը, սովորողների խմբի հետ շրջեցինք Երևանով, ականատես եղանք երևանյան խնդիրներին ՝ քաղաքի տեսքն աղավաղող ճարտարապետություն, չմաքրված փողոցներ ու մայթեր, մեքենաների կուտակումներ, աղտոտված մթնոլորտ: Կուտակելով բավականաչափ նյութեր հանրակրթական դիջիթեքին ակումբը պատշաճ ներկայացնելու համար, հրաժեշտ տվեցինք միմյանց:

Ակումբի գործունեությանն ու անելիքներին ավելի մանրամասն ծանոթանալու, ինչպես նաև ակումբի աշխատանքներին ընդգրկվելու համար, այցելեք Էկո-հայրենագիտական ակումբի բլոգ: