• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արատեսի դպրական կենտրոն․ տեղեկանք

Ներկայացնում է Քնարիկ Ներսիսյանը․ Արատեսի դպրական կենտրոնը, կենտրոնի նյութական միջավայրի զարգացումը, առկա ութ շինությունները։ Ամբողջականը՝ բլոգում․

Արատեսի դպրական կենտրոնը (այսուհետ՝ դպրական կենտրոն), որպես դպրոց բնության գրկում, «Երևանի «Մխիթար Սեբաստեցի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ է՝ սահմանված կարգով հաստատված կանոնադրությամբ։ Դպրական կենտրոնը ներառում է տնակային ավան, ռազմամարզական գոտի, վրանային կայան, ծիսական հարթակ, ուսումնաարտադրական տնտեսություն, պանդոկ:

Կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերով մշակվող, կազմակերպվող, տարածվող հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրով Արատեսի դպրական կենտրոնի շուրջտարին գործող տնակային ավանում շուրջ տարին կազմակերպվում են հայրենագիտական-բնապահպանական-ընթերցողական-ազգագրական բաց ճամբարներ, մանկավարժական, պատանեկան ստեղծագործական հավաքներ, որոնք հետաքրքրում են նաև Եղեգիսի կիրճի, Վայոց ձորի, հանրապետության այլ մարզերի, Արցախի սովորողներին, ուսուցիչներին, կրթական փոխանակումների ծրագրով մեր գործընկերներին այլ երկրներից՝ Վրաստանից, Ստամբուլից, Ֆրանսիայից, Իտալիայից։

Վրանային կայանը նախատեսվում է հունիսի 1-ից մեկնարկող ամենամյա առաջին ռազմամարզական-արշավախմբային-վրանային ճամբարի համար, որին մինչև ուշ աշուն եռօրյա-հնգօրյա հերթափոխներով կմասնակցեն Երևանի, Հայաստանի մարզերի, Արցախի հանրակրթական դպրոցների պատանիներ, մանկավարժական աշխատողներ։ Կարևորում ենք, որ ճամբարի պայմանները մոտ լինեն դաշտային-զորանոցային պայմաններին։

Ռազմամարզական գոտին ապահովում է շուրջտարյա մարզական գործունեության պայմաններ Արատեսի դպրական կենտրոնում կազմակերպվող ճամբարների, հավաքների մասնակիցների համար՝ մեկօրյա քայլարշավների, արտակարգ իրավիճակներում գործելու, նախաբանակային պատրաստության, անվտանգ կենսագործունեության հմտությունների յուրացման հնարավորություն։

Ուսումնաարտադրական տնտեսությունը՝ պտղատու այգի, խաղողի այգի, բանջարանոց, մառան, գոմ, ախոռ, արհեստանոցներ, կսպասարկի դպրական կենտրոնին, և դպրական կենտրոնի սովորողները, աշխատողները գործուն մասնակցություն կունենան տնտեսության աշխատանքներում՝ որպես ուսումնական գործունեություն։ Այստեղ կիրականացվեն մասնագիտական-նախամասնագիտական դասընթացներ:

Ծիսական հարթակում՝ Արատեսի կիսավեր վանքի տարածքում կազմակերպվում են կրթահամալիրի, Արատեսի  դպրական կենտրոնի ուսումնական օրացույցներով որոշված ծեսերը, այդ թվում՝ հարսանյաց, տոները։

Պանդոկը նախատեսված է Արատես այցելող զբոսաշրջիկներին, Արատեսի վանքի ուխտավորներին ընդունելու, կրթահամալիրի սովորողների և աշխատողների ընտանեկան նախագծերի համար։

Կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոն մասնաճյուղը ներառվել է կրթահամալիրի 2019-2022 թթ զարգացման ծրագրի 7 հրաշալիքների՝ ծրագրային, նյութական, մեդիա միջավայրի զարգացման նախագծերի փաթեթում։ Նախագծի դրամական միջոցները, այդ թվում՝ գործընկերների ներդրումները, այլ նպատակային հատկացումները, ուսումնաարտադրական աշխատանքի, ծառայությունների միջով նախագծային խմբի ստեղծած միջոցները, հավաքվում և ծախսվում են «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի միջոցով։