• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դու՛ք եք Մեր Նոր տարին

Մարտիրոս Սարյանի ուղերձը
Ավանգարդ
01.01.1963թ.

Իմ շատ սիրելի երիտասարդներ: Նոր տարվա առթիվ սովորաբար հին խոսքեր են ասում՝ հաջողություն, առողջություն, երկար կյանք… Բայց դրանք ինչքան հին, այնքան էլ նոր են որովհետև ազնիվ ու բարի ցանկությունները երբեք չեն հնանում, ինչպես աշխարհի ամեն ազնիվ ու բարի բան: Նոր տարի ասելով՝ ամենից առաջ ես ձե՛զ եմ տեսնում, իմ շատ սիրելի երիտասարդներ, որովհետև նրա պես դու՛ք էլ եք նոր, դու՛ք էլ եք մեզ համար նոր տարի, և ձեզնի՛ց էլ, ինչպես ամեն մի նոր տարուց, բոլորս էլ լավ, թարմ ու նոր գործեր ենք սպասում…

Ամենից առաջ ես սրտանց կուզեի, որ էլ ավելի շատ սիրեք աշխատանքն ու արվեստը, որովհետև դրանք իրարից անբաժան են, լրացնում և օգնում են իրար, որովհետև առանց աշխատանքի չկա արվեստ և առանց արվեստի չկա աշխատանք: Սիրեցեք հայրենին և մայրենին:
Է՛լ ավելի շատ սիրեցեք գրականությունն ու երաժշտությունը, նկարչությունն ու կինոն: Եվ ոչ միայն սիրեցեք, այլև աշխատեցեք խորապես զգալ և հասկանալ, ապրել նրանցով, դարձնել ձեր առօրյայի անբաժանելի մասը: Ես գիտեմ երիտասարդների, որոնք, առօրյա որոշ պրոզայիկ մանրուքներում թաղվելով, չեն կարողանում տեսնել կապու՜յտ երկինքը, պայծա՜ռ արևը, մի խոսքով՝ գեղեցկությունը:

Իսկ դա տեսնելու համար պետք է նախ և առաջ երևույթներին նայել գեղեցիկ հոգով, երեխայի և իմաստունի աչքերով, ամենուր և ամեն ինչի մեջ մի լավ բան գտնելու ակնկալությամբ:

Երիտասարդները միշտ էլ համարձակ են: Ես կուզեի ամեն ինչ անեիք այնպես, որ ձեր արած գործը շատ մոտ լինի ժողովրդի սրտին, նրան էլ ավելի վեր տանի եւ բյուրեղացնի…

Այդ բարի ցանկությամբ էլ ՝ ձե՛ր կենացը լինի, սիրելի երիտասարդներ՝ մեր կյանքի նոր տարիներ…

Աղբյուրը՝ Թամար Ղահրամանյանի բլոգ։