• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վայր, որտեղ յուրաքանչյուր քար մշակութային մեծ արժեք է...

Հետաձգված բարձունքի հաղթահարումն իրականացավ: Ճամփորդություն, որին սպասում էի անհամբեր: Այս անգամ Վայոց Ձորի Հերհեր գյուղում էինք: Մեզ սպասում էին: Հանդիպեցինք դպրոցի այգում, ծանոթացանք , զրուցեցինք, ստացանք մեզ հուզող հարցերի պատասխանները: Հերհեր գյուղը բավականին մեծ էր, բնակչությունը՝ քիչ,  ամենաջրառատ գյուղն էր, որ երբևէ տեսել եմ՝ աղբյուրներ, կծու և թթու ջուր, գետ, ջրամբար, ջրվեժ, ամեն քայլափոխի ջուր կար. երևի դրա համար էր առատ բուսականությամբ: Գյուղի անունը առաջացել է երերալ-շարժվել բառից, հետագայում երերը դարձել է Հերհեր: Ոչ միայն ջրով էր հարուստ, այլ մշակութային վայրերով՝ եկեղեցիներ, մատուռներ, խաչքարեր, բերդ և այլն: Հերհերում յուրքանչյուր քար մշակութային մեծ արժեք էր ներկայացնում, յուրքանչյուր քար գյուղի պատմության մի մասն էր: Պատմություն, որ գիտեին և պատմում էին բոլորը՝ և՛ չորրորդ դասարանի սովորողը, և՛ տարեցը, և՛ ճանապարհին հանդիպած կինը: 

Հետո 4-րդ դասարանի սովորողների հետ քայլելեցինք դեպի Չիքի վանք /Սուրբ Գևորգ մատուռ/, որը գտնվում էր ոչ մեծ բարձունքի վրա: Դեպի վանք տանող ճանապարհը երկար է,կարճելու համար մի փոքր զրուցեցինք և լսեցինք այս վայրի հետ կապված պատմությունը: Մատաղ արված աքլորի արյունը խառնում են վանքի մոտակայքի հողի հետ, և խառնուրդը քսում վերքին, որը բուժում է մաշկային հիվանդությունները, այլ վերքեր: Այստեղից էլ առաջացել է անունը. վանքը հիվանդությունները չիք է անում: Այս ավանդությունը պահվում է մինչև այսօր: 

Չիքի վանքից հետո քայլեցինք Գագիկի բերդ կամ Կապտաբերդ, որը գտնվում է անմատչելի բարձունքի վրա: Մեծ դժավարությամբ, բայց կարողացանք այն հաղթահարել: Բերդից միայն ավերակներ էին մնացել: Գյուղացիների պատմելով՝ այստեղ էին պահել մանուկ Գագիկին, որպեսզի ապահով վայրում լինի: 

Երեկոյան մեր սովորողները հյուրընկալվեցին Հերհերի բնակիչների տներում և իրենց տարիքի սովորողների հետ մասնակցեցին բնագիտական ֆլեշմոբին: Առավոտյան նորից հավաքվեցին, քայլեցինք Հերհեր գետի հունով, տեսանք գետի ափերին, հողից դուրս եկող և գետին խառնվող կծու ջուրը, համտեսեցինք: Այնուհետև միասին գյուղական մթերք վայելեցինք գետի ափին...

Հերհերում դեռ պահպանվել են մի շարք ավանդույթներ: Գյուղում կան շատ եկեղեցիներ, բայց գործող եկեղեցի չկա: Կենտրոնում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցին 13-րդ դարի յուրօրինակ կառույց է, լավ է պահպանվել: Ավանդության համաձայն բանակ ճանապարհելուց առաջ ամբողջ գյուղը հավաքվում է այս եկեղեցու մոտ և ճանապարհ դնում զինակոչիկին: Այս ավանդույթը երբեք չի խախտվում:

Հերհերում դեռ շատ բան կա տեսնելու և ճանաչելու, գյուղի արժեքներից մեկն էլ բնակիչների հյուրընկալությունն էր և ջերմ վերաբերմունքը, չափազանց ուշադիր էին յուրաքանչյուրի հանդեպ: Մեզ կրկին հրավիրեցին...