• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մայրենիի ստուգատեսի կիրակնօրյա ընթերցարան

Մարդու բարձրագույն նյարդային համակարգը որքան ավելի շատ է ուսումնասիրվում և որքան ավելի շատ գաղտնիքներ է բացում, այնքան ավելի շատանում են հարցականները: Սակայն կան առանձին հարցեր, որոնք թեև իրենց մանրամասներով լիակատար պարզություն չեն ստացել, բայց և որպես երևույթ բավականին հստակված են։ Դրանցից է ուղեղ-մայրենի լեզու հարցը։

Մարդու լեզվական կարողությունների, խոսքի և ուղեղի հարաբերությունների մասին հարյուրավոր ուսումնասիրություններ են կատարվել, գտնվել են ուղեղի այն շերտերը կամ հատվածները, որոնց հետ առնչվում են մարդու խոսքային հիշողությունը, խոսելու կարողությունը, բառընտրությունը, խոսքընկալումը և այլն։ Հայտնի է դարձել նաև, որ խոսքընկալման ժամանակ ականջների և ուղեղի կիսագնդերի կապը խաչաձև է` աջ ականջի ազդանշանները հասնում են ձախ կիսագնդին, ձախինը` աջին։

Որոշ ուսումնասիրություններ էլ կատարվել են հատկապես ուղեղ-մայրենի լեզու հարցի շուրջը։ Դրանցից մեկն է ճապոնացի պրոֆ. Թադանոբու Ցունոդայի հետազոտական աշխատանքը, որը կարևոր հայտնագործության է հանգեցրել։ Պրոֆ. Ցունոդան համաշխարհային հեղինակություն է բնախոսական (ֆիզիոլոգիական) հոգեբանության ասպարեզում, և նրա ուսումնասիրությունների արդյունքը արժանի է լիակատար վստահության։

Կարծում եմ` ընթերցողներին ավելի կհետաքրքրեն Ցունոդայի հետազոտության բուն արդյունքը և նրանից բխող եզրակացությունները, քանի որ հետազոտման եղանակները, նրանց մանրամասները նեղ մասնագիտական բնույթի են և բոլորի համար չէ, որ լիովին դյուրամատչելի կլինեն։

Նախքան Ցունոդայի աշխատանքի արդյունքը մեկնաբանելը կարևոր եմ համարում հակիրճ տեղեկություն տալ մայրենի լեզու անվանման և ըմբռնման մասին։ Շատերը անճիշտ պատկերացում ունեն դրա վերաբերյալ. օրինակ, կարծում են, թե որևէ մարդու ազգային լեզուն հենց նրա մայրենի լեզուն է։ Այդպես չէ։ Որևէ անձի ազգային լեզուն այն ազգի լեզուն է, որի ներկայացուցիչ այդ մարդն իրեն համարում է։ Այսպես. ճապոնացու ազգային լեզուն ճապոներենն է, վիետնամցունը`վիետնամերենը, ռուսինը` ռուսերենը, հայինը` հայերենը և այլն։ Իսկ մայրենի լեզուն մարդու առաջին կամ հիմնական լեզուն է, մտքի ու մտածողության լեզուն, այն լեզուն, որով նա ավելի հեշտ, ազատ է արտահայտվում: Դա կարող է լինել տվյալ անձի ազգային լեզուն, կարող է և չլինել։ Ճապոնացիներ կան, որ անգլիախոս են և ճապոներեն թույլ գիտեն, կնշանակի նրանց մայրենի լեզուն անգլերենն է։ Կամ հայեր կան, որ, ասենք, ֆրանսախոս են, կնշանակի նրանց մայրենի լեզուն ֆրանսերենն է և այլն։ Մեր ժողովուրդը դիպուկ բնորոշում է տվել` այսինչախոս, որ նշանակում է թե, տվյալ մարդու մայրենի լեզուն այսինչն է. ասում են այս մարդը հայախոս է, կնշանակի մայրենի լեզուն հայերենն է կամ այնինչը ռուսախոս է, անգլիախոս է, թուրքախոս է, այսինքն մայրենի լեզուն ռուսերենն է, անգլերենը կամ թուրքերենը։ Եվ այսպես, մայրենի լեզու ասելով հասկանում ենք որևէ ազգության պատկանող մարդու առաջին, հիմնական լեզուն։ Շատ կարևոր է նկատի առնել նաև այն իրողությունը, որ մարդը ունենում է միայն մեկ մայրենի լեզու։ Մարդիկ կան, որ գիտեն երկու, երեք, չորս, մինչև 15, 20 լեզու, դեպքեր են եղել, երբ մարդն իմացել է մինչև 40 լեզու, բայց բոլոր դեպքերում դրանցից մեկն է եղել մայրենի։ Երբեմն ասում են այսինչը հավասար գիտի երկու, կամ երեք լեզու։ Սա կեղծիք է, փաստերին, իրողությանը հակառակ. մարդու իմացած երկու լեզվից էլ մեկն է լինում առաջինը, մայրենին։ Նույնը և երեք և ավելի լեզուների դեպքում։

Անցնելով պրոֆ. Թ. Ցունոդայի եզրահանգումներին, պետք է հիշեցնեմ, որ խոսքն ամենից առաջ վերաբերում է մարդու ուղեղի խոսքային գրգռունակության կամ ընկալունակության բնախոսական առանձնահատկություններին` առնչված տվյալ անձի մայրենի լեզվի հետ։ Այսինքն` թե տվյալ անձի մայրենի լեզուն բնախոսական ինչ կնիք է դնում նրա ուղեղի վրա կամ ինչ հատկություններ է ձեռք բերում ուղեղը` պայմանավորված տվյալ մարդու մայրենի լեզվով։

Ցունոդայի փորձերը նախ ցույց են տվել, որ որևէ անձի ինչ մայրենի լեզու ունենալու հետ է առնչված այն հանգամանքը, թե որ ականջը և ուղեղի որ կիսագունդն են ընկալում որոշակի ձայնային և խոսքային ազդանշանները։ Այսպես, պարզվում է, որ ճապոնացիները, ավելի ճիշտ` ճապոնախոս մարդիկ կայուն ձայնավոր հնչյունները, նաև լացի ու ծիծաղի ձայները ընկալում են աջ ականջով, ուստի` այդ ձայների գրգռունակ շերտը ուղեղի ձախ կիսագնդում է։ Մինչդեռ նույն այդ ձայները, օրինակ, ֆրանսախոսները ընկալում են ձախ ականջով, այսինքն` այդ ձայների համար գռդռունակ է նրանց աջ կիսագունդը։

Տարբեր մայրենի լեզուներ ունեցող բավական քանակով մարդկանց խոսքաձայնային ընկալումները և ուղեղի աշխատանքը փորձելուց հետո` գիտնականը եզրակացրել է, որ մարդու մայրենի լեզուն պայմանավորում է ուղեղի այս կամ այն կիսագնդի և նրա այս կամ այն մասի գրգռունակությունը տարբեր ձայնախոսքային ազդանշանների նկատմամբ: Բայց իր այդ եզրակացությունը ստուգելու համար Ցունոդան նաև այլ կարգի փորձեր է արել։ Ոմանք կարող էին Ցունոդային առարկել` ասելով, թե տարբեր ազգության պատկանող մարդկանց ուղեղների խոսքաձա յնային գրգռունակ շերտերի տեղադրման տարբերությունները պետք է պայմանավորված լինեն պարզապես մարդու ծագումով, նրա ազգային կամ ցեղային պատկանելությամբ։ Օրինակ, ճապոնացիները շեղ աչքեր ունեն, ֆրանսիացիները` ոչ, կամ իսպանացիները հիմնականում սևահեր են, իսկ նորվեգացիները` շիկահեր և այլն, սրանք ցեղային մարդաբանական հատկանիշներ են։ Գուցե մարդկանց ուղեղների տարբերությունները խոսքաձայնային գրգռունակության բնագավառում նույնպե՞ս մարդաբանական-ցեղային տարբերություններից են, և ճապոնացի ծնված բոլոր մարդիկ գուցե մի կերպ են ընկալում, բոլոր ֆրանսացիները կամ հայերը մի այլ կերպ և այլն։ Պրոֆեսոր Ցունոդան սպառիչ կերպով ապացուցել է, որ այդպես չէ։ Նա փորձերի է ենթարկել իսպանախոս, պորտուգալախոս, անգլիախոս ճապոնացիների, ինչպես և ճապոնախոս ամերիկացիների ու կորեացիների։ Բոլոր փորձերը ցույց են տվել, որ մարդու ուղեղի խոսքաձայնային գրգռունակությնների բնախոսական առանձնահատկությունները կապված չեն մարդու ծագման, նրա մարդաբանական-ցեղային առանձնահատկությունների հետ, այլ պայմանավորված են բացառապես մայրենի լեզվով։

Պրոֆ. Ցունոդան իր ուսումնասիրությունների և փորձերի ներկա փուլում ըստ ուղեղի խոսքաձայնային գրգռունակության առանձնահատկությունների առայժմ մարդկանց երկու խումբ է նշել. առաջին` մարդիկ, որոնց մայրենի լեզուն ճապոներենն է, թոնգան, արևելյան սամոան, մաորին, երկրորդ` նրանք, որոնց մայրենի լեզուն ֆրանսերենն է, անգլերենը, իսպաներենը, չինարենը և մի քանի այլ լեզուներ։ Առաջին խմբի գլխավոր առանձնահատկությունը հետևյալն է` ձայնավոր հնչյունների և խոսքային վանկերի գրգռունակ շերտերը գտնվում են նրանց ուղեղի ձախ կիսագնդում, իսկ երկրորդ խմբինը` ձայնավոր հնչյունների գրգռունակ շերտերը գտնվում են ուղեղի աջ կիսագնդում, խոսքային վանկերինը` ձախում։

Սա նախնական դասակարգում է. պրոֆ. Ցունոդան իր փորձերի այս շրջանում, հայտնագործելով ուղեղի խոսքաձայնային գռգռաշերտերի պայմանավորվածությունը մայրենի լեզվով, եթե կարելի է ասել, կոպիտ բաժանում է կատարել: Փորձերի ընթացքը ցույց է տալիս, որ գնալով բաժանումները պետք է ավելի ու ավելի մանրամասների վերաբերվեն, և աստիճանաբար հնարավոր կլինի առանձնացնել լեզուների ավելի փոքր խմբեր, լեզուներ, որոնց մայրենի լինելու դեպքում ուղեղի խոսքաձայնային գրգռունակ շերտերի մեջ էլ նոր առանձնահատկություններ կհայտնաբերվեն, այսինքն` ուղեղների մեջ կորոշվեն առանձին մայրենի լեզուներով պայմանավորված գրգռունակության այլևայլ յուրահատկություններ։

Պրոֆ. Ցունոդայի հայտնագործումը, որի համաձայն մարդու ունեցած մայրենի լեզուն պայմանավորում է կենտրոնական նյարդային համակարգի մի քանի էական բնախոսական առանձնահատկություններ, զուտ փորձի վրա է հենված, տարբեր կողմերից, տարաբնույթ փորձերով ստուգված ու հաստատված։ Բայց մինչև այդ էլ մայրենի լեզվի և անհատի հարաբերության մասին մարդիկ մտածել և որոշ եզրակացությունների հանգել են։ Օրինակ, դիտված է, որ ծագումով տվյալ ազգության պատկանող, բայց այլ (ոչ ազգային) մայրենի լեզու ունեցող անհատների աչքերի, դեմքի ընդհանուր արտահայտությունը փոխվում է այդ ժողովրդի ազգային լեզվով խոսող ու մտածող մարդկանց համեմատ։ Հիշյալ անհատները հաճախ զուրկ են լինում իրենց ժողովրդին հատուկ, մի շարք ընդհանուր հոգեբանական առանձնահատկություններից և այլն։

Դեպքեր կան, օրինակ, երբ միայն արտաքինից` հայացքից, շարժուձևից և այլն, որոշում ենք, թե հայ ծնողների զավակ այս կամ այն երեխայի, պատանու կամ չափահասի մայրենի լեզուն հայերե՞նն է, թե՞ ոչ։ Երբեմն հաջողվում է գրեթե անսխալ որոշել, թե, ասենք, տասը կամ տասնհինգ հայազգի ծնված աղջիկների մեջ ո՞ւմ մայրենի լեզուն է հայերենը, ումը՝ ոչ։ Այժմ, ահա Ցունոդայի փորձերով պարզվում է, որ դա իր բնախոսական հիմքն ունի. եթե մայրենի լեզուն պայմանավորում է կենտրոնական նյարդային համակարգի՝ ուղեղի աշխատանքի ինչ-որ հատվածների յուրահատկությունները, ապա, բնականաբար, դա իր արտահայտությունն է ունենում մարդու, ազգային կերտվածքի վրա։ Ամեն մի ժողովուրդ բաղկացած է անհատներից, և այն հանգամանքը, թե այդ անհատների որ մասի մայրենի լեզուն է տվյալ ժողովրդի ազգային լեզուն, որ մասինը՝ ոչ, հատուկ գիտական հարց է դառնում։

Այս տեսակետից, բնականաբար, պրոֆ. Ցունոդայի հայտնադործումը ավելի շատ հին աշխարհի ժողովուրդներին կհետաքրքրի, որտեղ լեզուն է մեծ մասամբ մի ժողովրդի գոյության փաստը։ Նոր աշխարհի, օրինակ, ամերիկյան մայր ցամաքի ժողովուրդների տարբերակման գործում լեզվի, նաև մայրենի լեզվի հարցը երբեմն էական չէ (հիշենք` արգենտինացիները, ուրուգվայցիները, կուբացիները, մեքսիկացիները և այլն հիմնականում իսպանախոս են. կամ Հյուսիսային Ամերիկայի բնակչության մեծ մասը անգլիախոս է և այլն)։ Հարավարևմտյան Ասիայի ժողովուրղների մեջ հազարամյակներ շարունակ մայրենի լեզվի դերը ազգորոշման և ազգապահպանման գործում վճռականը և միակն է եղել: Շումերները մ.թ.ա. 2-րդ հազարամյակի սկզբներին թողեցին շումերերենը և սկսեցին խոսել աքքադերեն, որը դարձավ նրանց մայրենի լեզուն, ու միայն դա բավական էր, որ նրանք դառնան աքքադացի: Աքքադացիներն էլ մ.թ. ա. 7-6-րդ դարերում թողեցին աքքադերենը, սկսեցին խոսել արամեերեն, որը դարձավ նրանց մայրենի լեզուն, և հենց միայն դրանով աքքադացիները դարձան արամեացի (ասորի): Այդպես էլ էլամցիները պարսկախոս դառնալով` դարձան պարսիկ, փյունիկցիները արարախոս դառնալով դարձան արաբ և այլն։ Այսպիսի շատ օրինակներ կան։ Գիտենք նաև, որ շատ ու շատ հայեր էլ հայերենն իբրև մայրենի լեզու թողնելով և այլախոս դառնալով, հենց միայն դրանով դադարել են հայ լինելուց, դարձել են այլազգի։ Ո՞ւր են Առտիալի, Գալիցիայի (Լեհաստան), Սուչավայի, Չերքեզիայի, Հնդկաստանի, Հնդկաչինի և շատ այլ վայրերի հարյուր հազարավոր հայերը. նրանք թողեցին հայերենը որպես մայրենի լեզու և այլ լեզու դարձավ նրանց մայրենին, ու այդպես նրանք էլ դարձան տվյալ լեզվով խոսող ժողովրդի ներկայացուցիչ, հունգարացի, լեհ, ռումինացի և այլն։ Սա և շատ այլ փաստեր ցույց են տալիս, որ հայության` իբրև առանձին ժողովրդի գոյության առանցքը հայոց լեզուն է, որի վրա հիմնված են մյուս հատկանիշները` մշակութային (երաժշտական, ճարտարապետական և այլն), ազգագրական և ուրիշ։ Հանեք առանցքը, կթափվեն մյուսները։ Այսպես եղել է հազարամյակներ շարունակ, հայերի ծագումից ի վեր։ Այդպես է նաև այսօր։

Մեր անցյալի ականավոր մտածողներից շատերը դեռ պրոֆ. Ցունոդայի և այլոց բնախոսական փորձերից առաջ ներքնազգացողությամբ հասկացել են մայրենի լեզվի դերը ազգային չափանիշով։ Ահա մի քանի օրինակ. «Ներկայիս ժամանակումն մեր ազգության ապացույց և նշանն միայն մեր լեզուն է, եթե այն ևս միջիցն բառնանք, էլ հայ չենք» (Մ. Թաղիադյան), «Մեկ ազգի պահպանողն էլ լեզուն ա ու հավատը» (Խ. Աբովյան), «Քանի որ ազգ մը իր լեզուն կպահե, թեպետ և ուրիշ ամեն ազգային հատկություններն ալ կորսնցնե, ազգությունը չըկորսնցներ, իսկ լեզուն մեկդի ձգելուն պես ազգությունն ալ խիստ շուտ կկորսվի» (Գ. Այվազովսկի), «Ազգությունը ունի յուր հոգին և այս հոգին լեզուն է: Առանց այս լեզվին չկա ազգ. սուտ բան է. առասպել սոսկ» (Մ. Նալբանդյան), «Ազգային տարրերից ամենահզորը և կենդանապահը լեզուն է» (Մ. Միանսարյանց), «Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության և էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության և հեռավոր անցյալի խոշոր դրոշ մը, պատմության հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին և հոգեբանությունը» (Հ. Թումանյան), «Հայրենիքը լեզուն է» (Ա. Իսահակյան), «Լեզուն ազգի հոգին է, կենդանի է այդ հոգին, կենդանի է ազգը, կենսունակ է առաջինը, ուրեմն կենսունակ է երկրորդը» (Վ. Տերյան), «Լեզուն ժողովրդի սիրտն է, լեզուն գիտակցություն է, լեզուն հուր է և սուր» (Ս. Զորյան):

Ցունոդայի փորձերը ցույց են տվել, որ մարդու մայրենի լեզուն ձևավորվում է մանկությունից։ Ո՞րն է տվյալ երեխայի ընտանեկան, դպրոցական, նաև մանկապարտեզային (գուցե և մսուրի) լեզուն, դա էլ դառնում է նրա մայրենին։

Երեխայի ծնված օրից մինչև 10-12 տարեկան հասակը նրա մայրենի լեզվի հաստատման և ուղեղի մեջ կատարվող համապատասխան ձևավորման շրջանն է։ Կան դեպքեր, երբ մի քանի ամսական կամ մեկ-երկու տարեկան երեխան ընկել է գազանների մեջ և մեծացել գայլերի կամ կապիկների շրջապատում, սնվել մայր գայլի կամ կապիկի կաթով։ Այդպիսի երեխաների ուղեղն այնպիսի կառուցվածք է ստանում, որ նրանք այլևս անընդունակ են լինում որևէ լեզու սովորելու։ Գայլերից խլված տաս-տասներկու տարեկան երեխան չորեքթաթ է ման գալիս, գայլային ձայներ է հանում։ Այդպիսի երեխայի փորձել են խոսել սովորեցնել, ապարդյուն են անցել ջանքերը, նա որևէ լեզու սովորելու անընդունակ է եղել: Ավելի փոքր հասակում գազաններից խլվածը մեծ դժվարությամբ սովորել է որոշ բառեր արտասանել։ Այս կարգի դեպքերը ևս վկայում են, որ մարդու ուղեղի խոսքային կենտրոնների դասավորման և մայրենիի հաստատման գործում վճռականը մանկության տարիներն են։ Հետագայում գրեթե միշտ անհնար է ձևավորվածը փոխել։

Այս ամենով հաստատվում է ականավոր ռուս մանկավարժ ու մտածող Կոստանդին Ուշինսկու ուսմունքը մարդու կյանքում մայրենի լեզվի ձևվավորման և դերի մասին, իրոք, մանկապարտեզի ու դպրոցի լեզուն լինում է մարդու մայրենի լեզուն ամբողջ կյանքում (չհաշված աննշան բացառությունները)։ Երբ ծնողները երեխայի համար ընտրում են նրա հաճախելիք մանկապարտեզն ու դպրոցը` ազգային լեզվով, թե՞ մի ուրիշ լեզվով դասավանդվող, նրանք դրանով ընտրում են իրենց երեխայի մայրենի լեզուն, և հետո, դպրոցն ավարտելով, պատանի դարձած այդ երեխան այլևս չի կարող փոխել իր մեջ որպես մայրենի արմատացած դպրոցական լեզուն: Իսկ այն վիճակը, երբ մի անհատի մայրենի լեզուն նրա ազգային լեզուն չէ, ինչպես տեսանք, իր կնիքն է դնում այդ անհատի կենտրոնական նյարդային համակարգի` ուղեղի, ուստի` մտածողության ու հոգեկան աշխարհի վրա։

Հասկանալի է, որ ամեն ժողովրդի մեջ բնականոնն ու ցանկալին այն վիճակն է, երբ նույնանում են մարդկանց ազգային լեզուն և նրանց մայրենին: Սա անշուշտ, վերաբերում է նաև մեզ` հայերիս։ Եվ այդ վիճակից շեղումները, բնականոնի խախտումներն են, փոքր ազգերի մեջ` անցանկալի։

Ուրեմն և ամեն մի հայի համար, որտեղ էլ նա բնակվելիս լինի, թե բնախոսական, թե բարոյական տեսակետից բնականոն վիճակն այն է, որ հայոց լեզուն լինի նրա մտածողության, կյանքի լեզուն, այսինքն մայրենին։ Իսկ դա ձեռք է բերվում, ինչպես ասվեց, մինչև 10-12 տարեկան հասակը, և այդ տարիներին է, որ հայազգի երեխան տանը, մանկապարտեզում, դպրոցում պետք է խոսի, պատմի, կարդա հայերեն և լսի այն ու միայն հայոց լեզվի հիման վրա սովորի այլ լեզուներ։

Հաճախ լսում ենք այսպիսի արտահայտություններ` «Նա հայկական արյուն ունի» կամ «Իմ երակներ ում հայկական արյուն է հոսում»։ Կենսաբանությունը ցույց է տվել, որ արյան այդպիսի տեսակ չկա, ինչպես որ չկան վրացական, ռուսական, ֆրանսիական և արյան նման այլ տեսակներ։ Կան արյան չորս խմբեր, որոնք ընդհանուր են բոլոր ազգերի համար։ Եվ այնուամենայնիվ, հայկական, վրացական, ռուսական և այլ այսպիսի արյունների մասին խոսելը հիմք ունի։ Արյուն ասելով` այս դեպքում պետք է հասկանալ մայրենի լեզու, այդ լեզվի մտածողություն։ Ցունոդայի փորձերն ավելի են հաստատում դա։ Հայկական արյունը, այո՛, հայերեն լեզվամտածողությունն է, հայերենը որպես մայրենի, առաջին, հարազատ լեզու ունենալը։ Եվ միայն դա։

Վերջում ուզում եմ բերել Կ. Ուշինսկու հայտնի խոսքերից մեկը այս հարցերի մասին. «Եվ չկա ավելի անտանելի բռնություն, քան այն, որն ուզում է ժողովրդից խլել նրա ապրած, գնացած նախնիների անհամար սերունդների ստեղծած ժառանգությունը։ Խլեցեք ժողովրդից ամեն ինչ, նա կարող է վերականգնել. սակայն խլեցե՜ք լեզուն, և նա այլևս չի ստեղծի այն։ Ժողովուրդը կարող է ստեղծել նույնիսկ նոր հայրենիք, բայց լեզու` երբեք. մահացավ լեզուն ժողովրդի շուրթերում, մահացավ և ժողովուրդը»[1]:

Աղբյուրը՝ Բանասիրության հանրագիտարան