• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հերթական վերելքը

Մի խումբ սեբաստացիներ հերթական անգամ նվաճեցին Արագածի հարավային գագաթը: Շատերի համար առաջին վերելքն էր:

Ճանապարհը դժվար է, քարքարոտ, շունչդ կտրվում է, բայց ետ դառնալ ոչ ոքի մտքով չի անցնում: Ամենաթույլ կասկածն անգամ վերանում է, երբ նայում ես անցածդ ճանապարհին և հասկանում, որ մի քայլ առաջ ես, որ ոչ մի դեպքում ոտքդ ետ չես դնի, քանի չես տեսել բնության հրաշքը: 

Երկար ճանապարհը մեզ վեր բարձրացրեց, միմյանց այլ տեսանկյունից ճանաչելու հնարավորություն տվեց, զարմացրեց և հիացրեց: Կանգնած ենք գագաթին:   Ավանդույթի համաձայն, տիար Գևորգն ու պարոն Ալբերտը մկրտեցին և վերամկրտեցին արշավի բոլոր մասնակիցներին: Ակամայից հիշեցի երեք տարի առաջ, երբ առաջին անգամ ոտք դրեցի Արագածի գագաթին. պարոն Ալբերտն ինձ էլ կնքեց: Կանգնած էի հեռվում, տեսնում էի, թե ինչպես են մկրտվողները մոտենում գագաթին ու հիացած բացականչում: Անհամբեր սպասում էի իմ հերթին և մտածում. «Տեսնես ի՞նչ կա այն կողմում, որ այսպես են արձագանքում»: Վերջապես հասավ իմ հերթը, պարոն Ալբերտը բացեց աչքերս, և ես տեսա ... Իմ արձագանքը մյուսներից պակաս չէր: Խոսքերով նկարագրելն այնքան էլ հեշտ չէ, ավելի լավ է ինքներդ անցնեք այդ ճանապարհը, հասնեք գագաթին և տեսնեք այն, ինչ ես տեսա:

Ամեն տարի Արագածը այլ է, երբեմն տաք է, երբեմն՝ մռայլ, բայց միշտ հյուրընկալ է: Ամեն վերելքի հետ տարբեր են նաև զգացողություններդ, հայացքդ, մտքերդ... 

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ, սիրելի՛ տիար, շնորհակալ եմ...