• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Չարենցի ճակատագրական քառատողը

Չարենց  կարդալիս ակամայից ժպիտի պես մի բան խառնված ցավի և հուշի հետ, հայտնվում է իմ դեմքին,  ու ես հիշում եմ իմ մանկության Չարենցին:

Հանգուցյալ մորաքույրս՝ պատմաբան, մանկավարժ, ինքնուս կոմպոզիտոր, երգահան, մի քանի գրքերի հեղինակ, նախասիրությամբ նվիրյալ գրասեր Ցողիկ Հարոյանը, Չարենցի երկրպագուներից էր: Այդքան Չարենց սիրող ու պաշտող, ինչպիսին իմ մորաքույրն էր, ես երբևէ չեմ տեսել: Ցավոք, այդ սերը թանկ էր նստել մորաքրոջս վրա: Ուսանողական տարիներին չարենցյան մի փոքրիկ քառատող հիմնովին փոխել էր այն ժամանակ ստալինյան թոշակառու, գերազանց սովորող ուսանողուհու կյանքի ընթացքը: Հանրային գրադարանում պարապելիս կամացուկ Չարենց էր կարդացել ընկերուհու ականջին ու մի թղթի կտոր, որի վրա գրված է եղել Չարենցի տողերից, դրել է ընկերուհու գրքի էջերի արանքում …
Հետո՝ մի քանի օր անց, բռնել աքսորի դաժան ճանապարհը: Երկար ու ձիգ դաժան տարիներ, որոնց մասին մորաքույրս խուսափում էր խոսել, տարիներ, որոնք սակայն չէին ընկճել իմ ըմբոստ մորաքրոջը: Իր տանը ամենուրեք կարող էիր տեսնել Չարենցի նկարները (պատերին, գրադարակներին), երբ մեզ նվերներ էր տալիս, չէր մոռանում Չարենցի պատկերով կրծքանշանները, որոնք փակցնում էինք մեր շորերին ու ուրախ - ուրախ խաղում: Մեզ՝ իր քրոջ երեխաներին (մորաքույրս երեխաներ չուներ և իր ամբողջ սերը նվիրել էր մեզ) հանձնարարում էր անգիր անել Չարենցից իր ընտրած ոտանավորները, և երբ հյուրեր էին լինում տանը, մեզ կարդալ էր տալիս ու հպարտությամբ լսում: Ցողիկ մորաքույրս բազում ձոներ ու երգեր ունի նվիրված Չարենցին, որոնք հիմա ցուցադրվում են  Չարենցի  տուն- թանգարանում.

-Պսակ չտարանք պոետին անդուլ,
Միայն ողբն արինք՝ լուռ հառաչակուլ,
Մի կերպ թաքցրինք ձեռքերով դողդոջ,
Թողած գործերը, որ մնային ողջ.…

Ահա այսպիսին էր իմ չարենցասեր մորաքույրը՝ ազնիվ, մարդասեր, ըմբոստ ու պայքարող անարդարությունների, վատի ու չարի դեմ: