• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ջեյմս Ջոյսի ‹‹Ուլիսես›› վեպը

 

 

Հեղինակ` Թամար Ղահրամանյան

Համաշխարհային գրականության զարմանալի վեպերից  մեկի` Ջեյմս Ջոյսի  ‹‹Ուլիսես››-ի  լույս աշխարհ գալուց համարյա 100 տարի  հետո վեպը թարգմանվել է հայերեն և դրվել հայ ընթերցողի սեղանին: ‹‹Զարմանալի›› բառը պատահաբար չօգտագործեցի, իսկ  այ ‹‹վեպ›› բառի գործածության վրա  երկմտում եմ: Գիրքը նախաձեռնելիս Ջոյսը մտահաղացել է գրել այնպիսի մի վեպ, որ կջախջախի դասական վեպն իր բոլոր հնարավոր պատկերացումներով, տեքստ, որ դուրս կլինի գեղարվեստականության սահմաններից և կբավարարի հեղինակի` վեպն ու ընդհանրապես գրականությունը սպանելու գիտակցական թե անգիտակցական ցանկությունը:  Ժակ Դերիդան իր ‹‹Երկու խոսք  Ջոյսի մասին›› գրքում գրում է ‹‹…Այն ամենը, ինչ կարող ենք ասել ‹‹Ուլիսես››-ի մասին, արդեն այս գրքում կանխորոշված է:  Մենք  բռնված ենք այս ցանցում: Բոլոր ջանքերը, որոնց միջոցով մենք կփորձենք  առավելություն ձեռք բերել կամ շարժվել այս կամ այն ուղղությամբ, արդեն հայտարարված են այս գերներուժականացված տեքստում, որը մի որոշակի պահի կհիշեցնի մեզ, որ մենք գերի ենք` խճճված լեզվի, գրի, գիտելիքի, և նույնիսկ պատմողական արվեստի ոստայնում››: Սեմուել Բեքեթը համոզված է ,որ ‹‹Ուլիսես››-ը ‹‹միայն ընթերցելու համար չէ. այն նաև դիտելու և  ունկնդրելու համար է: Այն ինչ-որ բանի մասին չէ, այլ այդ ինչ-որ բանն է››:  Վեպը գրված է ‹‹ենթագիտակցական հոսքի›› ձևով, այսինքն` հերոսի գործողությունները արտաքին-գիտակցական պլանում ներկայացնելուց զատ` գրողը փորձում է երևան հանել նրա` հերոսի  ամենախորը-ենթագիտակցական մտքերը, խոհերը: Ընթերցողի համար շատ դժվար է հասկանալ` որտեղ ու երբ է հերոսը մտորում, և որտեղ է գրողը պատմում նրա արարքների, գործողությունների մասին: Այս և այլ առումներով այսպիսի վեպի թարգմանությունը դառնում է դժվարագույն , եթե չասենք անհնարին մի գործ: Խրթինագույն  այս խնդրի տակից, կարծում եմ, պատվով ու վարպետությամբ է դուրս եկել գրքի թարգմանիչը` Սամվել Մկրտչյանը:  Իսկ ահա գրքի լեզու՜ն… Դա բազում ոճերի, լեզվի ու տեքստի մի շշմելու համաձուլվածք է, որի հնարավորությունը ժամանակին Ջոյսին տվել է բազմաշերտ անգլերենը, իսկ այսօր Սամվել Մկրտչյանին տալիս է նույնքան բազմաշերտ հայերենը: Ավելացնենք նա, որ վեպը 1922թ. հրատարակվելուց հետո մինչև այժմ թարգմանվել է աշխարհի միայն 20 լեզուներով, և հայերեն այս թարգմանությունը 21-րդն է :  Վեպը կազմված է 18 գլուխներից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր լեզուն, ոճը, ռիթմը, գործողության վայրը, ժամը, գույնը, մարմնի օրգանը և արվեստ-գիտությունը: Վեպը կոչվում է ‹‹Ուլիսես››, այսինքն`Ոդիսևս, բայց ընթերցելիս այնքա՜ն դժվար է, եթե չասենք անհնար է տեսնել աղերսները Հոմերոսի  ‹‹Ոդիսականի›› հերոսի և Ջոյսի  վեպի  դուբլինյան իրականության և հերոսի`            Լեոպոլդ Բլումի  միջև:  Ինտելեկտուալ այս վեպի  ինտելեկտուլ հայ ընթերցողին  հետաքրքիր ընթերցում է սպասվում, սակայն ինչպես թարգմանիչն է ձևակերպում  ‹‹մի՛թույլ տուր ասելու` ես կարդացել եմ Ջոյս, որովհետև մենք միշտ գտնվում ենք նրան ընթերցելու եզրին››:

                                                                                              Թամար Ղահրամանյան