• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հանրակրթական Դիջիթեքի նոր նախագիծ ամբողջ տարվա համար

Հարգելի սեբաստացի համայնք՝ դասավանդողներ, սովորողներ, ծնողներ, շրջանավարտներ, բարեկամներ. 

2022թ. հունվարի 13-ին կրթահամալիրի mskh.am-ին սպասարկող համակարգիչը (սերվերը) հերթական անգամ խափանվել էր էլ.հոսանքի ընդհատման պատճառով։ Սերվերի աշխատանքի վերականգնման ժամանակ պարզվել են նաև կրթահամալիրի կայքի, ենթակայքերի բազաներում առկա ինքնաշխատ ծրագրեր (վիրուսներ),  որոնց պատճառով mskh.am-ի աշխատանքը պարբերաբար դանդաղում է, հարկ է լինում սերվերը վերագործարկելու։ Այս անթույլատրելի վիճակը հաղթահարելու համար «Վեբ» ընկերության տնօրեն, կրթահամալիրի բարեկամ Ալբերտ Տոնեյանը, վերջին տարիներին մեր կայքին առնչված մասնագետները խորհուրդ են տալիս արմատապես լուծել 2010-ից գործող mskh.am-ի նորացման խնդիրը։ 

Շնորհակալ ենք համակարգերի ծրագրավորող Հրայր Գրիգորյանին, կրթահամալիրի շրջանավարտ Տիգրան Հակոբյանին քառօրյա ջանադիր աշխատանքով կայքերի գործունեությունը վերականգնելու համար։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ խնդիրն ամբողջությամբ լուծված չէ. հերթական արտակարգ պատահարը հերթական անգամ մեզ կկանգնեցնի տեղեկությունների բազան կորցնելու վտանգի առաջ։ Այս պահին  կայքը չի պահեստավորվում (backup չի լինում), որպես սերվեր օգտագործվող համակարգերն անջատված են, մաքրվում են, իսկ կայքերը գործում են այլ համակարգչի վրա։  

Փորձության դասերը։  

  1. Կրթահամալիրի սերվերային տնտեսությունը պետք է նորացվի և՛ ծրագրային առումով, և՛ տեխնիկակական միջոցներով, այդ թվում՝ կայուն սնուցման աղբյուրներով, այդ աշխատանքն ավարտելուց հետո էլ անխափան սպասարկվի ծրագրավորողի կողմից։  
  1. Ինչ վերաբերում է mskh.am-ին, ապա կայքը, նրա 30-ից ավելի ենթակայքերը ստեղծվել, սպասարկվել են, ծրագրային-տեխնիկական բարելավման ծառայություններ են ստացել տարբեր մարդկանց կողմից, տարբեր ժամանակներում։ Դրանք տարբեր ծրագրային հարթակներ (պլատֆորմներ) ունեն, տարբերվում են իրենց սպասարկման, պահպանման, թարմացման ռեժիմներով, հնարավորություններով։ Նոր կայքը հնարավորություն կտա ազատվելու տարիների ընթացքում հավաքած վիրտուալ աղբից, միասնականացնելու ծառայության սպասարկումը։ Հանրակրթական Դիջիթեք 2022-ը ամենապատշաճ հարթակն է կրթահամալիրի մեդիամիջավայրի նորացման խնդրի համար, և այսօր ՏՏ լաբորատորիայում քննարկումը ցույց տվեց, որ ավագ դպրոցի, քոլեջի ծրագրավորող սովորողները կարող են ստանձնել լուծումը՝ ուսուցիչների, շրջանավարտ մասնագետների, գործընկերներ մասնագետների աջակցությամբ։ Նոր կայքը կստեղծվի Բլեյան դպրոցի մանկավարժական սկզբունքների համաձայն, որպես ուսումնական աշխատանք, սովորողների և ուսուցիչների ջանքերով, ՏՏ լաբորատորիայի համակարգմամբ։ Այնպես, որ եթե ոչ մայիսյան հավաքին կամ Սեբաստացիների տոնին, ապա ամենաուշը Հանրակրթական Դիջիթեք 2023-ին նոր mskh.am ունենանք։ Մանկավարժության լաբորատորիան սկսում է տեխնիկական առաջադրանքի ձևակերպման աշխատանքը։  

Սա պահանջում է, որ սեբաստացի համայնքը համախմբի ջանքերը, ներուժը։  

Մինչ այդ մեզ պետք է.  

  • սովորել առժամանակ ըստ անհրաժեշտության առանց mskh.am-ի հաղորդակցվելուն՝ օգտվելով ուսումնական բլոգներից, էլհասցեներից, սոցցանցից. 
  • կայքում, ենթակայքերում այս փուլում հրապարակել լուսաբանող նյութեր, հայտարարություններ՝ միայն հղումներով, ունենալով բոլոր նյութերը բլոգներում, այնպես, որ անդառնալի կորուստ չունենանք որևէ պատահարի դեպքում.  

Հարգանքով՝ Աշոտ Բլեյան, Գևորգ Հակոբյան, Հերմինե Անտոնյան, Սուսան Մարկոսյան

Աղբյուրը