• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մոռանալ չի լինի… մի խումբ սեբաստացիներով՝ Իզմիրի տիեզերագիտական ճամբարում և Ստամբուլում

Սեբաստացի ճամբարական Արամ Պետրոսյանի անմիջական ու հետաքրքիր պատումաշարը կարող եք ընթերցել Արամի բլոգում։

Դեռ անցյալ տարի էր, երբ դասի ժամանակ եկան ու հայտարարեցին, որ կարող ենք Իզմիր գնալ՝ NASA-ի տիեզերագիտական ճամբար: Ես կցանկանայի գնալ, բայց անգլերենս դեռ այնքան լավ չէր, որ կարողանայի շփվել այնտեղի երեխաների հետ ու ընկերներ ունենալ: Դե, այդ ճամբարը, որը կոչվում է Space Camp Turkey, պահանջում է ճամբարականներից իմանալ բավարար խոսակցական անգլերեն:

Ժամանակն անցավ շատ արագ: Մեկ տարի հետո ծնողներս առանց տատանվելու ինձ գրանցեցին Իզմիր մեկնողների ցուցակում: Ես շատ էի ուրախացել ու ոգևորվել:

Դպրոցի ավանդական հունիսյան ճամբարին մենք մասնակցեցինք Իզմիր մեկնողների ջոկատով, որպեսզի  պատրաստվեինք այդքան սպասելի ճամփորդությանը՝ դեպի Թուրքիա, Իզմիր, Ստամբուլ և մեր պատանեկության մի, իսկապես, անմոռանալի շաբաթ:  Դրա համար մենք նախ խոսակցական անգլերենի արագացված դասերի մասնակցեցինք, հետո՝ սովորեցինք երգել Զար Զընգին, պարել Փափուռի, պատրաստեցինք փոքրիկ տեսանյութեր՝ մեր մասին: