• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հաղթահարում ենք բարձո՞ւնքը, թե՞ ինքներս մեզ

Նկարագրություն: 
Բարձունքի հաղթահարո՞ւմ, թե՞ ինքնահաղթահարում, կամքի լարում, համառության ցուցաբերում: Համաձայնեք, որ այդքան մեծ չէ տարբերությունը: Կհաղթահարե՞ն 11-12 տարեկանները Արագածի բարձունքը, ինչքա՞ն կքայլեն, մինչև ո՞ւր կհասնեն: Ոչ ես, ոչ տիար Գևորգը չունեինք դրա պատասխանը: Երկօրյա Ճամբարում էր Բյուրականում: Առաջին օրը նախատեսված էր Ամբերդ բարձրանալ:Միջին դպրոցի սովորողները անցած տարի Բյուրականի ճամբարից Ամբերդ ոտքով էին գնացել՝ ձորով քայլել էին մի քանի ժամ: Հիշում էին, սիրով ու հպարտությամբ էին պատմում 6-րդ դասարանցիներին, թե ի՜նչ դժվար էր ճանապարհը, և իրենք ինչպես են հաղթահարել: Իրոք հեշտ չէր: Չէին չափազանցնում: Այս անգամ գնացինք միկրոավտոբուսով: Տիար Գևորգը խորհուրդ էր տվել Արագած բարձրանալուց առաջ չհոգնեցնել սովորողներին: Ամբերդ, Վահրամավանք, Տերունական աղոթք, հոգևոր երգեր, պատում Ամբերդի, Վահրամաբերդի մասին (նախագիծ է,սովորողները նախօրոք կարդացել էին, գիտեին), այցելուների հիացական հայացքներ՝ էս որտեղի՞ց գիտեն էսքան բան, ու 6-րդ դասարանցի Ստեփանի դիտողություն՝ գալուց առաջ մի անգամ գոնե կարդայիք, բա առանց իմանալու ինչո՞ւ եք եկել, մենք էինք ու էստեղ չէինք: Հետո՝ ճամբար, ընթրիքի միասնական պատրաստություն, միասնական մաքրություն, հետո խաղեր, հանգիստ, երեկոյան խարույկ, Լեբլեբիջիների երգ, Ես իմ անուշ Հայաստանի, չարենցյան շարք, ծափ, ծիծաղ, ուրախություն, խարույկի լույսի տակ փայլող աչքեր, գիշեր, երկինք ու զարմանալի լուսին... Դե ճամբարային լիքը օր՝ միասնական առօրյայով, ուրախությամբ, պարտականություններով: Հաջորդ օրը սկսվեց նախաճաշով, շրջապատի մաքրությամբ, մեզնից առաջ եղած աղբի փաթեթավորմամբ, սենյակների ու գույքի հանձնումով, ճանապարհի նախապատրաստմամբ: Ես սիրով հետևում էի, թե նախաճաշի, ճաշի, ընթրիքի պատրաստման ժամանակ ինչպես էին Վարդն ու Արևիկը խոհարարական հմտություններ փոխանցում օգնող սովորողներին: Ուսումնական գործունեությունը անընդհատ է, երբ կա կենսափորձով ավելի հարուստ մեկը, կա գործունեություն, և կա սովորելու տրամադրող միջավայր: Մեզ առավոտ վաղ այցելել էին տիար Գևորգն ու տիար Յուրան: Դե, ընկերությունն ուրիշ ո՞նց է լինում: Հո չէի՞ն կարող մեզ մենակ թողնել էդ անկանխատեսելի Արագածի քմահաճույքին: Արի ու պլանավորիր, որ սովորողները Արագած բարձրանալուց առաջ չհոգնեն: Մեր միկրոավտոբուսը լռվեց-կանգնեց հենց Բյուրականի ձորում՝ Քարե լճից ավելի քան1 կմ ներքև: Տիար Գևորգի իմաստուն որոշմամբ՝ չսպասեցինք: Խումբը սկսեց հաղթահարել դեպի Քարե լիճ տանող բարձունքը: Քայլում էինք դանդաղ, իծաշարուկ. ճանապարհը նեղ էր, գնացող-եկեղ ավտոմեքենաները՝ շատ: Հասանք Քարե լիճ: Նայում եմ սեբաստացիներին. մեծ մասը 6-րդ դասարանցիներ են: Տեսնես՝ կբարձրանա՞ն: Կարծես թե հոգնել են: Կցանկանա՞ն շարունակել վերելքը,թե՞ ստիպված կլինենք օրն անցկացնել Քարե լճի շրջակայքում՝ Արագածի փեշերին: Արագածի լանջին, հասկանալով իրավիճակի բարդությունը, տիար Գևորգը հայտարարեց, որ ով չի ցանկանում, ով դժվարանում է քայլել, կարող է մնալ ներքևում: Ես պատրաստվեցի չբարձրացող խմբի հետ մնալ Արագածի լանջին: Եվ գիտե՞ք սեբաստացի սովորողների պատասխանը՝ բարձրանում ենք: Ասացին հաստատուն՝ առանց անգամ մտածելու: Միայն 2 սովորող՝ 6-րդ դասարանցիներ Ալեքսը և Լևոնը, ովքեր ամենավատն էին իրենց պահել ճամբարում, հրաժարվեցին բարձրանալուց: Այդքան անկարգ և այդքան ծույլ... Բայց սա առանձին քննարկման հարց է: 21 սովորողը տիար Գևորգի, Վարդուհու, Արևիկի ուղեկցությամբ սկսեցին վերելքը: Ես Ալեքսին և Լևոնին իջեցրի Քարե լճի մոտ մեզ սպասող, նաև վարորդին օգնող տիար Յուրայի մոտ (տիար Յուրայի ոտքը ցավում էր, և նա չէր կարող բարձրանալ),ով էլ սիրով ստանձնեց մեր անկարգների խնամակալությունը: Շնորհակալություն, տիար Յուրա: Այ հիմա ինձ էր փորձություն սպասվում: Սեբաստացիների մեր խումբն արդեն տեսադաշտում չէր: Պիտի կարողանա՞մ հասնել նրանց: Չմանրամասնեմ. կարողացա: Իզուր չէ իմ ամենառավոտյան 7 կմ-ոց 1- ժամյա արագ քայլքը: Սովորողները դանդաղ, բայց հաստատուն քայլերով շարժվում էին առաջ:Ճանապարհին նստեցին և չշարժվեցին երկու սովորող՝ վեցերորդցիներ Վասակն ու Վարդանը: Ամեն դեպքում թույլ են մեր տղամարդիկ: Ոչ մի համեմատություն իգական սեռի հետ: Պետք էր տեսնել՝ ինչ համառությամբ էր շարժվում փոքրիկ, բարալիկ Էլենը, ով նախորդ օրը ստիպված եղավ մեկ ժամ անկողնում անցկացնել ուժեղ գլխացավի պատճառով:Եվ ինչո՞ւ, ո՞ր տրամաբանությամբ ենք մենք համարվում թույլ սեռ: Լավ, ինչևէ: Հասանք առաջին կանգառին՝ մեծ, երկաթյա սափոր հիշեցնող անձրևաջուր հավաքող իրին:Տիար Գևորգն ասաց,որ այստեղ կիսվում է դեպի Արագածի գագաթ տանող ճանապարհը, և ճիշտ կլինի, որ այդտեղից ետ դառնանք: Այսպիսի որոշում կայացնելու պատճառն այն էր, որ արդեն ուշ էր, և գագաթին հասնելու դեպքում ստիպված կլինեինք տունդարձի ճանապարհը մթնով բռնել: Եվ բացի այդ՝ ճանապրհի կեսին քարերին նստած էինք թողել մեր երկու ընկերներին՝ Վասակին ու Վարդանին, ովքեր մեր այս բարձունքից երևում էին, իսկ շարունակելու դեպքում կկորչեին մեր տեսադաշտից: Սկսվեց վայրէջքը, որն անհամեմատ հեշտ էր: Ներքևում արդեն տիար Գևորգն ասաց, որ ինքը հաջողված է համարում մեր քայլքը. նրա ճշգրիտ հաշվարկմամբ՝ մենք քայլել էինք 5 կմ, որից 3 կմ վերելք էինք հաղթահարել, երկուսը՝ վայրէջք: Մեզ համար կարևոր էր մեր հայտնի լեռնագնացի դրվատանքի խոսքը, ով հայտնի է նաև գովասանքի խոսքի ոչ շռայլությամբ: Ես էլ մի քանի դրական խոսք ասեմ մեր երիտասարդ մանկավարժներին՝ Վարդիկին և Արևիկին: Կեցցեք: Բնական, ոչ շինծու ընկերություն էր ավագի և կրտսերի՝ ուսուցչի ու սովորողի, միասին եփել-թափելով, խաղալով, երգելով, պարելով, իրար օգնելով, հոգատարությամբ և սիրով լի զայրույթով: Էլի ապրեք այն տոնի համար,որ պարգևեցիք ձեր սովորողներին: