Քանի գնում, օրերը հետաքրքիր են դառնում ։ Առավոտյան եղանակի պատճառով լիցքային վարժություն չարեցինք, օրը դատարկ չդառնալու համար Արցախի և Վրաստանի թիմերը ընկեր Մարթայի ղեկավարությամբ գնացինք փոքրիկ էքսկուրսիայի. անտառից իջանք Կողբ գյուղը։ Հմսյվելով նրա բնությանը, բարձրացանք սուրբ Հովհաննես նորակառույց, բարձրադիր, գեղեցիկ եկեղեցին։ Երևի բոլորս առաջին անգամ էինք լինում այս տարածքում։ Չնայած մեղմ անձրևին բարձունքից նայում ենք Կողբ գյուղին և հիանում իր մեծությամբ... Այնուհետև մտանք եկեղեցի . դեռ աղոթքները շուրթերիս, վառվող մոմերին հայացքներս հառած՝ մեկ էլ լսեցինք տիկին Համբարձումյանի հմայիչ երգի զիլ ղողանջները։ Այն « Հայր մերն» էր և Կոմիտասի պատարագից «Սուրբ սուրբը»։ Պահը հուզիչ էր, զգացմունքն աննկարագրելի։ Մի քիչ թեթևացած, ճանապարհվեցինք դեպի Նոյեմբերյան։ 2-3 ժամը բավարարեց շրջել Նոյեմբերյանի գողտրիկ փողոցներով ու տեսարժան վայրերով։ Մեր կարիքները բավարարեցինք, գոհ ու շնորհակալ, ուրախ տրամադրությամբ վերադարձանք հարազատ դարձած «Զիկատար» բնապահպանության կենտրոնը։ Ընթրիքից հետո բոլոր խմբերը սկսեցին լուրջ աշխատել. ճամբարի բացման համար համապատասխան համարներ էին պատրաստում, այնուհետև բոլոր խմբերը միասին պարեցին Ծաղկաձորի, Վերվերի և ավանդական Քոչարի, իսկ վրացիները՝ իրենց ավանդական Աջարուլին։ Իրարից սովորելու և իրար հետ կիսվելու շատ բան ունեինք... Մենք՝ Ստեփանակերտի Աղուլյանի անվան հիմնական դպրոցի «Էկոտուր 2015» - ի մասնակիցներս մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն տիար Բլեյանին, որ հնարավորություն ընձեռեց մեզ մասնակցելու և՛ ծաղկաձորյան ճամբարին, և՛ Էկոտուր մրցույթին, և՛ Զիկատարի միջազգային ճամբարին։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում նաև բոլոր կազմակերպիչներին ։Մենք ձեզ հուսախաբ չենք անի և մեր փորձը կտարածենք բոլոր դպրոցներում։
Ստեփանակերտ հ. 2 դպրոցի «Էկոտուր 2015»-ի մասնակիցներ ղեկավար՝ Անահիտ Մեսրոպյան