• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ծովն էլ է հյուրընկալ

Օրերն անցնում են բավականին հետաքրքիր ու բովանդակալից: Կազմակերպիչները ոչինչ չեն խնայել կատարյալ հանգիստը աշխատանքային միջավայրի հետ համատեղելու համար: Աշխատանքային գրաֆիկը չափազանց հագեցած է: Երևի սա կոչվում է եվրոպական ռիթմ: Առավոտյան ժամը յոթից նախաճաշի սեղանները արդեն պատրաստ են (այստեղի խոհանոցի մասին խոսելը առանձին ու ծավալուն թեմա է): Բոլոր տեսակի քննարկումները, զեկուցումները և խմբային աշխատանքները անցնում են չափազանց հետաքրքիր: Եվրոպացի գործընկերները բավականին արդյունավետ մեթոդներ են կիրառում մասնակիցներին չձանձրացնելու համար՚  շեշտը դնելով խմբային, բովանդակային ռոտացիոն աշխատանքի վրա: Այս երկու աշխատանքային օրերը մեթոդական առումով կրկնապատկեցին իմ զինանոցը:

Քաղաքը, որտեղ ընթանում են աշխատանքները գտնվում է Հյուսիսային և Բալթիկ ծովերի ջրերի միախառնվելու հատվածում՚  Սկանդինավյան թերակղզու դեմ դիմաց: Հանդիպակաց ափին պարզ երևում է Շվեդիան: Հրաշալի վայր է հանգիստ անցկացնելու համար: Եթե անգամ չեք հանգստացել 15 տարի (ինչպես ես), ապա մեկ շաբաթը բավական է այստեղ այդ բացը լրացնելու համար: Ամեն ինչ միտված է հանգստի և ինտելեկտուալ հաճելի աշխատանքի համար: Մարդիկ սիրալիր են, հաճելի է շփվել բոլորի հետ: Ցանկացած մասնակցի հետ կարելի է շփման եզրեր գտնել: Չնայած այն հանգամանքին, որ կան մասնակիցներ աշխարհի 35 երկրներից (շուրջ 120 մասնակից), բայց բացառվում է որևէ կոնֆլիկտ կամ լարված իրավիճակ: Միջավայրն է այդպիսին, ինչ կարող ես անել: Չնայած մեր մեղքով մի թեթև վեճ եղավ Սլովակիայի և Թուրքիայի մասնակիցների միջև: Հարցը վերաբերվում էր Ցեղասպանության խնդրին: Սլովակ մասնակիցը պնդում էր հայկական տեսակետը, իսկ թուրքն էլ բնականաբար պաշտպանվում էր: Կրքերը փոքր-ինչ թեժացան և համակարգողներից մեկը անհույս ու օգնություն աղերսող հայացքով ինձ էր նայում: Դե ես էլ բնականաբար մեծահան դիտողություն արեցի երկուսին էլ (մեր մեջ ասած թուրքին մի քիչ շատ), ու ամեն ինչ հարթվեց:

Շրջակայքում ամեն ինչ խնամված է ու համակարգված: Կոկիկությունը, սեփական երկրի նկատմամբ խնամքը, հյուրընկալությունը և անկրկնելի ժպիտը յուրաքանչյուր դանիացու նկարագրի գերագույն բաղկացուցիչներն են: Ամբողջ Հելսինգոր քաղաքում, մի տեղ տեսանք աղբ թափված. պարզվեց այդտեղ կանգնում են երրորդ աշխարհի երկրներից ներգաղթած տաքսիստները: Այսպիսի բաներ ընկերներ: 

Բայց ինչպես յուրաքանչյուր երկիր, Դանիան ևս ունի իր թերությունները: Այս օրերի ընթացքում ես դեռևս գեղեցիկ աղջիկ, կամ գոնե իմ ու Ձեր չափանիշներով գեղեցիկ աղջիկ չեմ տեսել: