• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Լավ առիթ էր

...Ո՞ւ

Ու հերթական երկուշաբթի երեկոյան թերթում ես կրթահամալիրի՝ վաղուց թերթված-թերթվող կայքը ու հայտնաբերում, որ «Մխիթար Սեբաստացի» մրցանակը այս տարի քեզ է բաժին հասել: Ուռա՜…

Իրո՞ք: Չէ՛, հիմա ավելի պարտավորված ես, քան նախկինում: Ավելի մեծ է գոռոզանալու, ինքնասիրահարվելու հավանականությունը:

Լավ է՝ նման դեպք չի գրանցվել, և չգիտես ինչու վստահ ես, որ չի էլ գրանցվի:

Իսկ դու ի՞նչ անես, որ այս ամենամյա  մրցանակը մյուս «ամ»-երում քեզ էլ բաժին հասնի:

Չգիտեմ, որովհետև ինքս էլ չգիտեմ, թե ինչ եմ արել սրա համար: Ու ինքնվստահ, ստեղծագործ, օպերատիվ­, համարձակ, գործ անող և գործի մասին քիչ խոսող բզեզային իմ խորդուրդները ոչինչ են դառնալու, եթե դու միայն դրանցով ես շարժվելու ու չես ապրելու եղած, ստեղծված կյանքով: Կամ չես ստեղծելու ուզածդ կյանքն ու ապրելու: Որովհետև կրթական մրցանակը (լինի դա ներդասարանական, դպրոցական, քաղաքային թե համաշխարհային մասշտաբով) պիտի լինի նրանը, ում առօրյան է կապվում կրթության հետ, ոչ թե կես ժամում գրած հոդվածն ու նյութը: Պիտի ասի՝ ապրես, որ աշխատել, աշխատում ես, մի գոռոզացիր ու շարունակիր ու ոչ թե մեծարի ու ասի, թե հերիք է աշխատես, նստիր ու դրանց դիմաց ստանալիք թղթի կտորները հավաքիր:

Ուզում եմ ասել՝ պիտի երբեք մրցանակի կարիք չունենաս, որ ստանաս այն:

Անկեղծ լինեմ…

… Ու ասեմ, որ երբ երկու ամիս հետո անգամ ինձ պաշտոնապես վտարեն կրթահամալիրից ու զրկեն էդ տեսակ միջավայրում ապրելուց ու աշխատելուց, ամեն անգամ, երբ աչքովս կրթահամալիրից հետս տուն բերած, էդքան քննարկված, երբեք չսպասված, բայց ամենասիրելի մրցանակի վկայականը ընկնի… Չգիտեմ, մարդիկ,  դուք ասեք՝ ի՞նչ պիտի անեմ: Հավանաբար պիտի նոր գործեր ստեղծելու, նոր գաղափարների մասին մտածեմ, վերաուրախանամ, բայց երբեք ավելին չմտածեմ:

Եվ դա ճիշտ է: Հաճախ կարիք ունենք արվածը վերարժևորելու, նորերը սկսելու: Լավ առիթ էր: Վերջինը չլինի:


Շնորհակալ եմ:

Հեղինակ՝ Վիկա Մարկոսյան, 12-րդ դաս.

Ամբողջականը՝ Լուսաստղում: