• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ռաֆայել Իշխանյանը Թումանյանի լեզվի մասին

Թումանյանի ստեղծագործության բազմաթիվ արտահայտություններ, բառեր, անուններ, վերնագրեր, մտան հայերեն խոսակցական, նաև գրավոր լեզվի մեջ, բանահյուսական մի շարք անուններ ու ասույթներ էլ Թումանյանի երկերի շնորհիվ, նրա շնորհի գունավորմամբ նույնպես հաստատվեցին ամենօրյա հայերենի մեջ, ինչպես նաև հայերենում կազմվեցին արտահայտություններ թումանյանական խոսքերի  ազդեցությամբ: Հիշենք բանաստեղծի տարբեր երկերի մի շարք կտորներ, որոնք իբրև ասույթ անցել են հայոց առօրեական խոսքի մեջ. «Բանը հասավ դիվանբաշուն», «Աչքիս վրա, քեռի քուչի», «Նոր եմ ցրցամ տվել», «Գող փիստ», «Քաչալ շուն», «Էս սարը իմն է», «Ո՞վ է տվել էն լրբին սար», «Սարն ամենքիս է հավասար», «մի զըռ չոբան», «մահը մերն է, մենք մահինը», «Գործն է անմահ», «Չարն էլ է միշտ ապրում անմեռ», «Ի՞նչը կհաղթի կյանքում հերոսին, թե չլինին կինն ու գինին», «Քարը պատռվի`դուրս արի մեյդան», «Դե մեռի´ր, էլի, գետինը մտի´ր», «Տանը վե´ր ընկիր` իլիկ պտտիր», «Է˜յ, գիտի, օրեր, որտեղ եք կորել», «Ինչ-որ ուզեց, ասին` ոչ», «Բա մեռած հո չենք, ապրում ենք էլի, ամեն մեռնողի երանի տալով», «Հորս ծնունդով, մորս կնունքով», «Ա˜խ, էսպես էլ գիժ ամիս, մարդուն հանգիստ չի տալիս», «Մի´լինիր ուրագի պես...», «Մի տուն լիքը մանուկներ» և այսպես շարունակ:

Բերոմ ենք նաև Թումանյանական հերոսների ու երկերի անուններ, որոնք գործածվում են որևէ մեկին բնորոշելու համար. Ջախորդ Փանոս («Իսկական Ձախորդ Փանոս ես»),  Քաջ Նազար («Քաջ Նազար»), Չախչախ թագավոր («Դառել է Չախչաղ թագավորը»), Ձենով Օհան («Ձենով Օհան»), նաև` «Իրար հետ շուն ու կատու են» , «Եղավ Կիկոսի մահը», «իսկական բազազ Արտեմ», «չարի վերջն էդ է», «Դառավ մի կաթիլ մեղրը» և այլն:

 

Ռաֆայել Իշխանյան, «Արևելահայ  բանաստեղծության լեզվի պատմություն», Երևան, 259-260 էջ:

Հատվածը  պատրաստեց  Անուշ Աղաջանյանը, քոլեջ, 1-ին կուրս