«Դավիթ Բեկ և Մխիթար Սպարապետ» նախագիծը մեկնարկեց:
Նախագիծն իրականացվեց ըստ նախապես ներկայացված կետերի:
Առաջին կանգառը Անգեղակոթն էր: Այստեղ տեղի ունեցավ դաս-նկարահանում` գյուղի բանասացներից մեկի` Մայնուս Կարապետյանի մասնակցությամբ: Այն ամբողջապես կլրացվի և կներկայացվի Աշոտ Տիգրանյանի լրացումներից հետո:
Հաջորդ կանգառը Զորաց քարերն էին: Սա պարզապես ճանաչողական այց էր, քանի որ մասնակից սովորողների մեծ մասը չէր եղել Զորաց քարերում: Այստեղ թերևս եղավ այն հանդիպումը, որը կոչվում է` Սեբաստացիներ բոլոր տարիքի, որտեղ էլ որ լինեք: Անակնկալ հանդիպեցինք Ստեփանակակերտից վերդարաձող մեր մյուս խմբին:
Հին Խնձորեսկում նկարահանվեց դաս` նվիրված Մխիթար Սպարապետին:
Բոլոր գիշերակացները Դավիթ Բեկ գյուղում էին:
Հաջորդ նյութը նկարահանվեց Ղափանի երկրագիտական թանգարանում: Դասը վարեց թանգարանի տնօրեն` պարոն Սմբատյանը:
Այնուհետ, Հալիձորի բերդում ներկայացվեց Դավիթ Բեկը և նրա ստեղծած Սյունիքի պետականությունը: Միջավայրը, բերդը, ամեն ինչ տրամադրող էին և կարևորագույն հատկանիշներ էին այս պատմական թեման մեկ անգամ ևս վերհանելու համար: Պետք է հատուկ փաստեմ, որ Հալիձոր հասանք քայլարշավով և վերադարձանք նույն կերպ` քայլելով ավելի քան վեց կիլոմետր:
Վերադարձի առավոտյան կազմակերպեցինք հանդիպում Կարմրաքարի հետախուզական զորամասում: Այս ընթացքում եղավ նաև ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որին մասնակցեցին նախագծում ներառված սովորողները և զորամասի զինվորները:
Տաթևի վանքում, մառախուղի պատճառով նկարահանում իրականացնել չստացվեց:
Բոլոր նյութերը կլինեն քիչ ավելի ուշ, մոնտաժային և տեքստային աշխատանքներն ամփոփելուց հետո:
Հ. Գ.
Հատուկ շնորհակալություն մեր շրջանավարտ Մամիկոն Եղիազարյանի ընտանիքին` սովորողներին ընդունելու, ջերմ հյուրընկալության և այս նախագծի իրականացումը հնարավոր դարձնելու համար: