• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Իթվինինգպլյուս Հայաստան» ծրագիր

eTwinning–ը եվրոպական դպրոցների էլեկտրոնային համագործակցության համայնք է, որտեղ մասնակից երկրների ուսուցիչները և սովորողները, ինչպես անհատապես, այնպես էլ խմբերով կարող են գրանցվել և օգտվել Իթվինինգի առցանց գործիքներից, վիրտուալ միջավայրում հանդիպել միմյանց, իրականացնել գաղափարների և  փորձի փոխանակում, ձեռք բերել թիմային աշխատանքի հմտություններ, զարգացնել օտար լեզուների և համակարգչային գիտելիքների իմացությունը, իրականացնել ուսումնական և այլ կրթական առցանց ծրագրեր։ Աշխատանքի կազմակերպման գլխավոր միջավայրն Իթվինինգ պորտալն է (etwinning.net): Պորտալը հասանելի է 25 լեզվով, ունի 170 000 անդամ, նրանում իրականցվել է 5324 նախագիծ: Պորտալի գործիքներն օգտագործողներին հնարավորություն են տալիս հեշտությամբ որոնել և գտնել գործընկերներ, մշակել նախագծեր, կատարել փորձի փոխանակում, կիսվել գաղափարներով և անմիջապես կայքում սկսել համատեղ աշխատանքը:

«eTwinningplus»-ը «eTwinning»-ի մասնակի ընդլայնումն է դեպի Եվրոպական հարևանություն։ Ծրագիրը ներառում է Եվրոպական հարևանության վեց երկիր՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա, որոնք Արևելյան գործընկերության մաս են կազմում, և Թունիս, որը հանդիսանում է Եվրոպայի Միջերկրածովյան գործընկերության անդամ։ Հայաստանում իթվինինգի աշխատանքները համակարգում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը:

2013թ.–ի մարտին Հայաստանի 7 մարզերից և Երևանից 22 դպրոցներ, այդ թվում նաև «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրը, պաշտոնապես միացել են Իթվինինգ Պլյուս ծրագրին։

Կրթահամալիրը լինելով Իթվինինգի համայնքի անդամ՝ բացի նախագծերից (1,2, 3), մասնակցել է նաև 2013 թ-ի սեպտեմբերի 13-15-ը Աղվերանում կազմակերպված մասնակիցների ծանոթացման դասընթացին, 2014 թ-ի մայիսի 17-19-ը Աղվերանում կազմակերպված ուսուցիչների միջազգային հանդիպում-խորհրդակցությանը:

«Իթվինինգպլյուս Հայաստան» ծրագիրը շարունակվելու է և  նոր ուսումնական տարում նախատեսվում են նոր հնարավորություններ: Մասնավորապես՝

  • պատրաստվում է «Անգլերեն լեզվի միջին մակարդակ (Intermediate)» հեռավար դասընթացը, որին կարող են մասնակցել Իթվինինգ պորտալում գրանցված անգլերեն չդասավանդող ուսուցիչները (50 մարդ),
  • պատրաստվում է «Մեդիա գործիքների կիրառումը Իթվինինգի շրջանակներում առավել հաջողված ծրագրեր իրականացնելու համար» հեռավար դասընթացը, որին կարող են մասնակցել Իթվինինգ պորտալում գրանցված բոլոր ուսուցիչները (25 մարդ):

Այսքանը ծրագրի և հետագա աշխատանքների մասին:

Հարգելի գործընկերներ, եթե հետաքրքրեց և ցանկանում եք միանալ ցանցին, կարող եք [email protected] էլ. հասցեին  ուղարկել Ձեր տվյալները (անուն, ազգանուն, դպրոց, էլ. հասցե): 

Հ.Գ. Շնորհակալություն Լուսինե Բուշին, իթվինինգյան աշխատանքներում ինձ օգնելու համար: