• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

մամուռ

Մենք տեղանք հասանք խիստ անձրևին: Չնայած ճամփա էին ընկել առավոտ ծեգին ու թարմ թեթև էր մեր ճամփորդի հոգին (Չարենց, ինչ արեց չարեց քո մայրը արեց): Երբ ուզեցի պատմել այս մասին, Հնեվանքի կիրճում, ինձ ամենը շատ հեշտ թվաց: Մտովի պատկերները թևածեցին գրչի տիրույթում: Բայց արի ու տես, որ հետո ամեն ինչ ավելի բարդ էր: Ակամա սկսեցի մտածել. եթե յուրաքանչյուր ոք իր զգացածն ու տեսածը նույնությամբ հաղորդեր, ինչքան տաղանդներ կծնվեին:  Ուզում եմ գրել Հնեվանքի ռազմական ճամբարի մասին: Չգիտեմ անգամ, թե ինչքան կստացի: Միգուցե շատ, հնարավոր է՝ քիչ: Վերջերս հազվադեպ եմ գրում: Գրածս էլ՝ չեմ հրապարակում: Բոլոր ներշնչող վայրերում ափսոսում եմ որ թուղթ ու գրիչ չունեմ: Սպառվելու մաղձն է թևածում, կամ ինքս ինձ գերազանցելու նարցիզը: Ամեն դեպքում ցանկալի է երկրորդը՝ գրելու հետ կապված: Նվաստիս տեսակին վաղ է սպառվել:

Ինձ չեմ դավաճանի: Առօրյան իմը չէ: Մի քիչ խստություն, հստակ կարգ, և ամեն ինչ իր տեղում է: Հետևաբար առօրյայի միակ հետաքրքիր բաղկացուցիչը մնում են մանր <<զանցանքները>>  և ներկաների կիքսերը: Դրանք այնքան հարազատ ու ուրախ են: Չնայած առաջին պահին զայրացել ես: Կռվել, համոզել, պարտադրել: Բայց երբ ինքդ քեզ հետ մենակ ես եղել, ու գիշերային երազը միայն միտքդ է խանգարել, ծիծաղել ես մտովի: Ինչքան հարազատ ու ցանկալի են այդ <<մեղսավորները>>: Մի պահ քեզ զգա վակումում և լիարժեք կհասկանաս նրանց արժեքը:

Անձրևը մաղում է դանդաղ: Նրանք վրաններում են: Թվում է թե անձրևը և երկար ճանապարհը հոգնեցնող են: Բայց նրանք ժիր են ու դուրեկան: Կարևորը չեն մրսում: Իսկ դու նստի բացօթյա հանգստարանում ու մտածիր: Միևնույնն է, անձրևն օգնում է: Տերյանը կսիրեր դրվագը: Բայց նա վատն է, լացկան է: Թերևս թոքախտն էր ստիպում: Կամ էլ` ազգագրագետ էր, դրանից էր: Չարենցը բորբ կտեսներ անձրևի մեջ: Նաիրյան անհաս աշունը, որը շուտ էր թևածում, ինչպես շուտ էր հասունանում 14 ամյա աղջիկը հին Հայաստանում: Դրա համար էլ Չարենցը բնական է: Շատերն են ուզում տառփանք ու կիրք տեսնել Չարենցում: Բայց իրականում նա նաիրցի է: Փոքրատառով գրվող նաիրցի, ինչպիսին այդ աշխարհի ծնուդն է` սիրելի պապիկը:

Ջուրը` ամենազորը, որը հաղթում է հողին, մարում կրակը, ժիր մանուկ ու պատանի դարձնում հողը, ապստամբում է քամու դեմ (փոթորկում է), իր տարերքն էր հյուսում: Հանգիստ, մեղմածոր: Տերն է վիճակի և բնության: Ժայռի բեկորին, որը կտրված էր մի մայր ժայռից (արտացոլանքը մեր ողջ հայության), մամուռն էր բնակվել: Նայեք մամուռին: Դա համաչափ է: Կանաչ, այսինքն` հանգստացնող, ներդաշնակ է: Երբեք չի լինում բնությունից օտարված: Հանգիստ է: Իր փոքրության մեջ ծալքեր ունի անհամար: Յուրաքանչյուր ծալքում մի մտքի ու մտածումի խորխորատ: Կանաչը ստիպում է գերվել, ներդաշնակը` համաչափ լինել, փոքրությունը` զգալ գոյիդ ոչնչությունը: Մամուռը երբեք շատ չի լինում:

Ավտոբուսի վարորդը մեր օրերի համար անճաշակ էր: Չափազանց անճաշակ: Սովորողների համար դա հաճո էր: Մտահոգիչ է: Անճաշակ էր երաժշտության առումով: Հիշողություններ: Այդպիսի երգեր լսել էի 1998-2000 թթ., երբ Արմավիրից մրգեր էին բերում Կումայրի վաճառելու: Որպես կանոն վերադառնում էին գիշերը երկուսին: 24 ուղևոր թույլատրվող Պազիկում, լինում էր 26 ուղևոր և 20-25 տոննա արկղ ու մեշոկ: Որպես կանոն Պազիկի հոգին հայհոյում էր իրեն ստեղծողներին: Որպես կանոն ես նստում էի պատվանդանին (տամբուռին) և դուռը միշտ բաց էր լինում: Քրտինք, ծիծաղ, հայհոյանք, ծուխ, հառաչ, հաշվարկ: Այդ ամենը միշտ միախառվում էր միմյանց: Միակ լուսավոր բանը խորհրդային Դինամիկներից հնչող երաժշտությունն էր: Կապ չունի դրա բովանդակությունը: Կարևորը դա խլացնում էր միասեռ դարձած ամբոխի ձայները: Ու ահա վարորդը պարգևեց ինձ այդ անցյալը: Ես դիտմամբ նստում էի տամբուռին` դա վերհիշելու համար:

Մնացածը` իր հունով: Ինչպես նախատեսված է: Կարևորը հոգի կար ու կյանք: Երբեմն մենք շփոթում ենք: Իրական ապրողներին խառնում ենք մահացածների հետ:

Հ. Գ.

Ուշադիր նայեք մեռնող հոգիներին: Նրանք մի օր կարթնանան: