• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կիտչ, շուկա, ճաշակ

Սիրում եմ Ազգագրության ինստիտուտի գրադարանը: Երբ դեռ մագիստրատուրայի ուսանող էի և արդեն ունեի իրավունք այն գրադարանից օգտվելու, հաճախ էի գնում և ժամերով կարդում: Դա այլ միջավայր է, ինտելեկտուալ միջավայր է: Բառերով չես նկարագրի: Հանրային գրադարանում, գոնե իմ ուսանող տարիներին այդ միջավայրը չկար: Այնտեղ գործում էր հակառակ սկզբունքը` անհանգստությունը: Ինչ-որ աչոնիկներ նյարդերդ էին սղոցում, ինչ-որ ջահիլների ստիպված էիր անընդհատ բացատրել, որ նրանք գրադարանում են: Եվ ահա, անցյալ երեքշաբթի նորից այդ գրադարանում էի: ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրագետների խումբը յուրաքանչյուր երեքշաբթի կազմակերպում է հետաքրքիր և ամենատարբեր բովանդակությամբ սեմինարներ, որոնք բաց են: Արդեն չորրորդ շաբաթն անընդմեջ սովորողների խումբը, համալրված միջին և ավագ դպրոցների սովորողներով, մասնակցում է այդ սեմինարներին: Խմբերն հիմնականում ղեկավարում է Աշոտ Տիգրանյանը: Իհարկե, ժամը մի քիչ ուշ է. մենք ստիպված ենք հավելյալ ժամանակ և ռեսուրսներ ծախսել, բայց պետք չէ սովորողներին զրկել մտավոր հաճույքը զգալու միջոցից:

Այս երեքշաբթի բանախոսը Լևոն Աբրահամյանն էր: Եթե ԵՊՀ-ում իմ ուսումնառության վեց տարիների ընթացքում եղել է երեք մարդ, որոնցից ես ինչ-որ բան եմ սովորել, ապա նրանցից մեկը Լևոն Աբրահամյանն է: Բարի, բովանդակ, իմաստուն և հիրավի գիտնական անձնավորություն, որին լսելուց երբեք չես հագենա: Նա միշտ բան ունի տալու: Լինելով համաշխարհային համբավ վայելող գիտնական՝ Լևոն Աբրահամյանը լսարանի առաջ երբեք չի խոսում բարդ, գիտական, անհասկանալի լեզվով: Հասարակության մեջ մնացած փոքրիկ խմբերը, որոնք դեռևս մեխանիկայի ուժով հիշում են կամ կրողն են գիտական խմբակների կամ մտավոր ներուժի, առիթ բաց չեն թողնում նրան լսելու: Այդ է պատճառը, որ անգամ չգովազդվելու պարագայում, նրա բաց դասախոսությունների ժամանակ նստելու, անգամ կանգնելու տեղերը չեն հերիքում: Այս անգամ ևս բացառություն չէր: Եվ այդ բարի պապիկը, միշտ համեստորեն և անբռնազբոս զարմանում է, որ իր խոսքն այդքան մարդու է հետաքրքրում: Ե՛վ մենք, և՛ սովորողները տպավորված էինք Աբրահամյանի դասախոսությունից: Թեման բավական ընդգրկուն էր` կիտչից մինչև մասսայական մշակույթ և ժամանակակից արվեստ: Նուրբ հումոր՝ համադրված լուրջ գիտականությամբ: Սովորեցնող մտքեր, որոնք հագեցված էին դինամիկ զարգացող ցուցադրական նյութով: Մի խոսքով. ամեն ինչ տրամադրող էր: Դա մի միջավայր է, որտեղ մարդիկ չեն վիճում, այլ քննարկում են, ժպտում են միմյանց: Ոչ թե սովորեցնում են, այլ փոխանցում են:

Կարծում եմ, կշարունակենք մասնակցել և հագեցնել մեր սովորողների հմտությունները: