• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի տնօրենի փոստից

2010-ին, երբ պոլսահայ մեր սքանչելի հայրենակցուհի լրագրող Վերջիհան Զիլֆիյանի միջնորդությամբ մենք հրավեր ստացանք մասնակցելու ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչություն (ՆԱՍԱ) Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբարին, շփոթվեցինք։ Լավ է, որ չընկրկեցինք և հաստատակամ եղանք։ Արդեն երրորդ տարին է, կրթահամալիրի «Տիեզերք» ակումբը, որն արդեն հայտնի է իր աստղացուցարանով և աստղադիտարանով, «Կրթասեր» ՀԿ-ի աջակցությամբ կարողանում է հաջողությամբ մասնակցել Իզմիրի ամառային ճամբարի աշխատանքներին. արդյունքում կրթահամալիրի միջին ու ավագ դպրոցների 40-ի չափ տիեզերասեր պատանիներ և ուսուցիչներ Իզմիրյան ճամբարի ճանապարհին ծանոթանում են պատմական Հայաստանին, ժամանակակից Թուրքիայի առօրյային` հաստատելով ուղղակի կապեր թուրք և այլ ազգերի հասակակիցների հետ։ Ուսումնական նախագծում գլխավորն այն է, թե ինչ է ստացել արդյունքում սովորողը… Ես հրապարակում եմ կրթահամալիրի միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորող Զորյան Դիանայի մայրիկի նամակը նույնությամբ, քանզի նրանում բարձրացված են հանրային նշանակության խնդիրներ։

«Հարգելի պարոն Բլեյան, ես ցանկանում եմ այս նամակով իմ խորին շնորհակալությունը հայտնել Ձեզ և Ձեր ղեկավարած կոլեկտիվի անդամներին և փոխանցել այն տպավորությունները, որ մենք ստացանք քաղաք Իզմիր ճանապարհորդության ընթացքում:
Անկեղծ ասած, եթե ես հնարավորություն չունենայի մեկնել երեխաների հետ, ամենայն հավանականությամբ չէի համաձայնվի աղջկաս ուղարկել ճամբար, այն էլ`Թուրքիա: Սակայն  ճամփորդելուց հետո հասկացա, որ գործ ունեմ արհեստավարժ մանկավարժների և բանիմաց կազմակերպիչների հետ: Ամեն ինչ նախօրոք մտածված և պլանավորված էր, անգամ անսպասելի իրավիճակների համար: Ամբողջ ճամփորդության ընթացքում արվում էր հնարավորինը, որպեսզի որևէ երեխա չունենա անհարմարության կամ ընկճվածության զգացողություն. բոլորը շրջապատված էին մեծ ուշադրությամբ և հոգատարությամբ:
Ես հնարավորություն ունեցա այցելել տիեզերական ճամբար և տեսնել երեխաներին աշխատանքի ժամանակ: Բոլորը ինքնամոռաց տարված էին իրենց առաջադրանքներով, իմ աղջիկն անգամ դժգոհեց, որ իրեն կտրում ենք խմբային աշխատանքից: Ճամբարի վերջին օրը, երբ մենք միացանք երեխաներին` ճամփորդությունը շարունակելու համար, ես տեսա երեխաների մի խումբ, որոնց աչքերում պայծառ կրակ կար ու անկեղծ հրճվանք: Ամբողջ ճանապարհին խոսում ու պատմում էին, նաև տխրում էին, որ այդ գեղեցիկ հեքիաթը վերջացավ: Այդ պահին միայն  մեղավորության զգացումով ես հասկացա, որ շատ գեղեցիկ ու կարևոր բանից էի զրկելու իմ աղջկան: Չեմ կասկածում, որ այս լուսավոր հիշողությունները դեռ շատ երկար կպահպանվեն նրանց հիշողության մեջ:
Անպայման ցանկանում եմ խոսել նաև ճամփորդող երեխաների մասին: Ես հիացած եմ, շատ լավն են մեր երեխաները, չափավոր հումորով, կազմակերպված և խելացի:
Ես չէի եղել Թուրքիայում, ինձ համար էլ  ես շատ բան հայտնագործեցի, իմ պատկերացումներում շատ բան փոխվեց, տեսա երկիր, որը արագ տեմպերով բարգավաճում է: Հիմա առաձնապես կարևորում եմ մեր երեխաների այցելությունը Թուրքիա: Նրանք հայ են և պետք է տեսնեն ու հասկանան, թե իրականում ում հետ գործ ունեն: Շատ կուզենայի, որ ավելի շատ հայ երեխաներ այցելեին այդ երկիր։

Մարինե Խոջայան»:

Իմ սիրելի Դիանայի հարգելի մայրիկ, հարգելի Զորյաններ, շնորհակալ եմ Դիանայի համար։ «Իզմիրի տիեզերագիական միջազգային ճամբար» մեր նախագիծը չէր կայանա, չի զարգանա առանց հասրակական աջակցության, գլխավորապես կրթահամալիրի «Տիեզերք» ակումբի սաների ու նրանց ծնողների աջակցության։
Դուք Ձեր նամակում, Դիանան ու տիեզերագիտական ճամբարում նրա կրթահամալիրցի ընկերները` իրենց նյութերում անմիջական ու ամբողջական եք արտահայտվել։ Լավ է։ Մենք հաստատակամ ենք, հանրակրթության նպատակներին հավատարիմ, պարբերական կրթական փոխանակումներ իրականացնել Վրաստանի և Թուրքիայի մեր գործընկերների հետ` շարունակ ընդլայնելով աշխարհագրությունը և ծավալը, մասնակիցների թիվը։