• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Ապրե՛ք: Լավ բան եք կազմակերպել»: Հիշատակի վազքարշավ

-Ներեցեք, սա ի՞նչ մարթոն է: 

-Վազքարշավ ենք կազմակերպել Վահան Ասատրյանի հիշատակին: 

-Իսկ ո՞վ է նա: 

-Մեր կրթահամալիրի դասավանդողներից էր: Նենց լավ մարդ էր: Վաստակավոր մարզիչ: Միջազգային կարգի: 

-Պլակատների վրա իր անուն եք, հա՞, գրել:

-Դե, այո, մենք այս կերպ ուզում ենք հիշել մեր ուսուցչին: 

-Իսկ ո՞րն է ձեր կրթահամալիրը: 

-«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը: 

-Տնօրենը Բլեյա՞նն է:

-Այո: 

-Ապրե՛ք: Լավ բան եք կազմակերպել: 

 

Հ.Գ.

Կներեք, որ զրույցը ներկայացնում եմ առանց հեղինակի: Ակամայից լսեցի այս զրույցը: Սուրբ Երրորդություն եկեղեցուց մի փոքր վերև գտնվող բեմի մոտ կրթահամալիրի սովորողներից մեկին մոտեցել էր տարիքով մի տղամարդ ու փորձում էր հասկանալ, թե մարզահագուստով պատանիներն ինչ էին անում: Նրա ուշադրությունը գրավել էին հատկապես պլակատները: Սովորողի անունը չգիտեմ: Զրույցից անմիջապես հետո սովորողը տեսադաշտիցս կորավ խմբի մեջ:  

Բայց ուզում էի ներկայացնել այս փոքրիկ զրույցը: Անկեղծ ասած, եթե այդ սովորողը գրեր, որ կրթահամալիրի մարզական ակումբը կազմակերպել էր մարաթոնյան վազք ի հիշատակ Վահան Ասատրյանի, եթե պատմեր, որ սովորողների մի մեծ խումբ առավոտյան սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից վազքով գնաց դեպի կրթահամալիր, կարծում եմ՝ Վահանի հիշատակին ավելի քիչ բան արած կլիներ: Վահան Ասատրյան մարդուն պետք է հիշել ոչ թե բառերով, այլ զգացողությամբ, ժպիտով, դրական լիցքերով, ինչպես այս սեբաստացին էր զգում: 

Զրույցի մեջ ինձ գրավեց այն, որ սովորողը իսկապես հստակ  ու վստահ էր պատմում Վահանի մասին: Համոզիչ էր խոսում:

Եվ տղամարդը ժպտալով գնաց:  Նա հաստատ այսօր իր ընտանիքում, գուցե նաև ընկերներին, կպատմի, որ տեսել է Վահան անունով մի մարդու հիշատակի համար վազքարշավ կազմակերպած սովորողների, որ նրանք իսկապես սիրում ու հիշում են նրան: