• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Խաղարկային դատարանի կիսամյակային ծրագիրը

 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի խաղարկային դատարանը կրթահամալիրի տնօրենի խորհրդակցական մարմինն է, կրթահամալիրի իրավական կրթության ուսումնական-արտադրական լաբորատորիա:

· Սույն կիսամյակի ընթացքում Խաղարկային դատարանն ավելի ակտիվ գործունեություն կծավալի, մասնավորապես՝ ակումբի անդամներն ավելի հետևողական կլինեն կրթահամալիրում տեղի ունեցող տարբեր գործընթացներին և, իրավական խնդիրների առկայության դեպքում, կտեղեկացնեն կողմերին հարցը խաղարկային դատարանի շրջանակներում լուծելու հնարավորության մասին, այսինքն՝ տվյալ դեպքում ակումբը կունենա ոչ միայն պասիվ դերակատարում, սպասելով դատական նոր գործերի, այլ նաև ակտիվ՝ փորձելով ինքնուրույն գտնել համապատասխան իրավական խնդիրներ և դրանք դարձնել խաղարկային դատարանի քննության առարկա:

· Նախատեսվում է խաղարկային դատարանը դարձնել իրավունքի լաբորատորիա, որտեղ դատական քննությունից զատ կհետազոտվեն տարբեր իրավական խնդիրներ, օրենսդրության մեջ առկա բացեր, օրենսդրական դաշտում կատարված կամ կատարվելիք բարեփոխումներ, ի մասնավորի՝ ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգքրում կատարվելիք մեծածավալ փոփոխությունները և ՀՀ Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումը, հետազոտությունների արդյունքում ակումբի անդամների կողմից կգրվեն վերլուծական հոդվածներ և կհրապարակվեն www.mskh.am  կայքում, ակումբի բլոգում, հարկ եղած դեպքում՝ առցանց ԶԼՄ-ներում:

· Պարբերաբար կկազմակերպվեն վերոնշյալ իրավական խնդիրներին և օրենսդրական փոփոխություններին վերաբերող սեմինարներ, բանավեճեր, քննարկումներ, կլոր սեղաններ: Նշված միջոցառումները կվարեն ինչպես ակումբի անդամները, այնպես էլ՝ կրթահամալիրի այլ սովորողներ, դասավանդողներ, ինչպես նաև՝ հեղինակավոր իրավաբաններ, անձինք, ովքեր պատասխանատու են համապատասխան օրենսդրական փոփոխությունների կատարման համար:

· Նախատեսվում է կազմակերպել քաղաքային դատախաղ-մրցույթ, որին կմասնակցեն Երևան քաղաքում գործող հանրակրթական ավագ դպրոցները: Դատախաղ-մրցույթի քննության առարկա է դառնալու ոլորտի մասնագետների կողմից նախապես մշակված դատական գործը: Համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում հնարավոր է նաև կազմակերպել դատախաղ-մրցույթ ամբողջ հանրապետության մասշտաբով՝ ներառյալ Արցախը:

Ակումբի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը սույն ոլորտում ունի բավականաչափ փորձ, որպեսզի կարողանա հավուր պատշաճի կազմակերպել վերոհիշյալ դատախաղ-մրցույթները, մասնավորապես՝ երկու տարի անընդմեջ մասնակցել է Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային դատախաղ մրցույթին և ունեցել զգալի հաջողություններ:

· Խաղարկային դատարանը պատրաստակամ է մասնակցել կրթահամալիրի տոնական օրացույցով նախատեսված միջոցառումներին:

· Ակումբը նախատեսում է համագործակցել կրթահամալիրի շրջանակներում գործող մյուս ակումբների հետ, մասնավորապես՝ Հայերենագետ-էկոլոգների, Անգլախոսների, Ազատ խոսքի, Գիտակների և այլն:

Հարգանքով՝

Արմեն Մարտիրոսյան

Խաղարկային դատարանի ղեկավար ([email protected])