• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ինձ հանդիպած ամենաՍարգիսը

Տիկին Նունե, այս պատմությունն այնքան լավն էր, որ չկարողացա մեր կայք չբերել ձեր ֆեյսբուքյան էջից: 

Ինձ հանդիպած ամենաՍարգիսը

Իսկապես դժվարանում եմ ասել դպրոցը` ավարտական վկայականից ու համալսարանը` դիպլոմից բացի ինձ էլ ինչ են տվել, բայց,  որ իմ ընտանիքն ինձ լիուլի տվել է ու շարունակում է տալ անգամ այսօր, երբ նրանք` իմ ընտանիքի մեծերը, ֆիզիկապես իմ կողքին չեն, դա հաստատ է:

Ընտանիքում միշտ լինում է մեկը, ով առավել հոգեհարազատ ու սրտամոտ է լինում քեզ: Այ, հենց այդ մեկի մասին էլ ուզում եմ ձեզ պատմել: Պատմելու եմ իմ Սարգիս պապի մասին: Նա երբևէ ինձ հանդիպած ամենաՍարգիսն է եղել: Զարմանալի մարդ էր` արտասովոր ու անսովոր: Ամբողջ կյանքում գրավել էր մի շարք ղեկավար պաշտոններ, բայց միայն տեսնել էր պետք, թե ինչ սիրով ու նվիրումով էր զբաղվում այգեգործությամբ, ինչ քնքշանքով ու շշուկով էր խոսում հողի, ծառ ու թփի հետ: Ու չէր դադարում կրկնել. «Սա երբևէ իմ ունեցած ամենամեծ պաշտոնն է»:

Չափազանց մարդասեր էր: Մի առիթով էլ եմ ասել` իր նախագահ եղած տարիներին գյուղից ոչ մեկը  աքսորի ճամփան չի բռնել ու սովից չի մահացել: Բայց, արի ու տես, երբ մեկնել է պատերազմ, նույն այդ գյուղացիները կարիքից դրդված` անընդհատ անհանգստացել են տատիկին, վախեցրել, անգամ` հարձակվել տան վրա:

Երբ վիրավոր պապիկին զորացրել են տուն, տատիկս ամեն ինչ պատմել է պապիկին` հույս ունենալով, որ նա կմեղադրի «իրենց հաց ու ջրով» ապրած համագյուղացիներին: (Ջրով, որովհետև այն ժամանակ միակ աղբյուրը սարերից բերել,  գյուղ է հասցրել պապիկը: Հիմա էլ կա այդ աղբյուրը, համագյուղացիները այն կնքել են «Սարգիսի աղբյուր» անվամբ): Ու գիտե ՞ք` պապիկն ինչ է պատասխանել.

-Լռիր, կին, դու չգիտես` ինչ է սովը, որովհետև ոչ մի օր սոված չես եղել:  Եղել ես ռեսի (գյուղապետ) աղջիկ, հետո` նախագահի կին: Դու իրավունք չունես մեղադրելու սովահար մարդկանց:

Հիշում եմ, երբ տան հինգ երեխաներիցս մեկը հիվանդանում էր, պապիկս բացում էր Նարեկը, կանգնում հիվանդի գլխավերևում, խաչակնքում ու կարդում: Ու մենք լավանում էինք: Ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել, որ մեզնից մեկն ու մեկը հիվանդանալիս դեղ խմած լինի: Հիմա էլ  պապիկիս գիրքը կա, պահվում է իմ Սարգիս եղբոր տանը:

Լինում էին դեպքեր, երբ մենք վիճում էինք ու վազում  պապի մոտ, որպեսզի նա ասի` ով է սխալ, ով` ոչ:

Նա թողնում էր գործը, ուշադիր լսում մեզնից առաջինին ու ասում.

-Դու ճիշտ ես:

Հետո նույն ուշադրությամբ լսում էր երկրորդին ու ասում.

-Դու հմնուց ճիշտ ես:

Մենք համբերություններս կորցրած` բղավում էինք.

-Այ պապի, հիմա մեզնից ով է ճիշտը:

Ու միշտ ստանում էինք նույն պատասխանը.

-Երկուսդ էլ ճիշտ եք, դե հիմա բարիշեք ու վազեք միասին խաղալու:

Ութսուն անց մարդ էր, բայց անդադրում աշխատում էր:  Մի բան սարքում, վերջացնում էր, հետո թաքուն քանդում էր, որ էլի գործ ունենա անելու…

Ինքը չէր տեսել էրգիրը` Մուշը, բայց կարոտով ու առանձնակի հուզմունքով էր վերապատմում իր Մովսես պապու պատմածները:

Երբ արդեն ուսանող էի ու սկսեցի տեղեկություններ հավաքել իմ պապերի ծննդավայրի` Մուշի Դիադին գյուղի մասին, զարմանքից քար էի կտրել: Այդքան ճշգրիտ ու այդքան պատկերավոր: Պատկեր առ պատկեր պապիս պատմածն էր:

Երբ հայրս ցանկություն հայտնեց մեր ազգանունը ի պատիվ պապիկի դարձնել Սարգսյան, պապս ընդդիմացավ`  ասելով.

-Մովսիսյանի մեջ 200 տարվա պատմություն կա,  մեր պապերի ու Մուշի պատմությունը կա: Մի փոխիր, տղաս:

Սովորական առավոտ էր: Պապս պատրաստվում էր գնալ իրենց գյուղ: Պապ ու թոռ նախաճաշեցինք: Այդ օրը ինքը մի տեսակ ուրիշ էր. անհանգիստ էր, նստում էր, վեր կենում, գնում-գալիս էր:  Հետո գնաց, բերեց  ժանգոտված բանալիների մի խուրձ ու տվեց ինձ: Բանալիները ես էլի էի տեսել. Մուշի տան բանալիներն էին:

-Պահիր քեզ մոտ,-ասաց ու շտապ դուրս եկավ տնից:

Դա մեր վերջին հանդիպումն էր:

…Առ այսօր, երբ պապիկենցս գյուղում` Լուսագյուղում, հարսանիք է լինում, երախտապարտ գյուղացիները առաջին բաժակը բարձրացնում են ի հիշատակ և խորին հարգանք Սարգիս Մովսիսյանի, նոր հետո միայն շարունակում իրենց ուրախությունը…

Նունե Մովսիսյան