• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պաշտոնական հաղորդագրություն Արարատյան Հայրապետական թեմից

 

 

Սուրբ Ծննդյան արարողություններ
 
Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից:  Եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Ս. Պատարագ: Ճրագալույցի Ս. Պատարագ տարին 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներին: Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն` վառել: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: 
Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագ մատուցվեց ԱՀԹ-ի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ: Ներկա էին նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, այլ հյուրեր:
Վերջին 7 տարիներին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ճրագալույցի Ս. Պատարագը նշում է առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում:
Ճրագալույցի Ս. Պատարագից հետո Արարատյան թեմի առաջնորդարանում Տնօրհնեքի արարողություն կատարվեց, որով ազդարարվեց Սուրբ Ծննդյան տնօրհնեքի շրջանը:
Հունվարի 5-ի երեկոյից մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց», «Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի» ավետիսով:
 Ճրագալույցի Ս. Պատարագից հետո մարդիկ դուրս են գալիս պահեցողությունից:
Հունվարի 6-ին առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Սուրբ Ծննդյան հանդիսավոր Պատարագ կմատուցի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Ս. Պատարագի ավարտին կկատարվի Ջրօրհնեք, որը խորհրդանշում է  Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Ս. Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին` ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի:
Հունվարի 7-ը, ինչպես և բոլոր տաղավար (մեծ, գլխավոր) տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Հունվարի 7-ին` Ս. Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմները: 
Ս. Ծննդյան տոնի հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին` Տիրոջ Անվանակոչությամբ, որը նվիրված է Մանուկ Հիսուսին` տաճարին ընծայելու, 8-րդ օրը թլպատվելու և անվանակոչվելու հիշատակին:
 
qahana.am