• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սբ.Պատարագ

 

Այսօր երեկոյան մեր Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվելու է Ճրագալույցի սուրբ Պատարագ: Ճրագալույցի Ս. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Սբ. Ծննդյան և Սբ. Հարության տոներին:

Ըստ Հայ Եկեղեցու՝ Սբ. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Սուրբ ծննդյան տոնն սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո: Ընդհանրապես՝ բոլոր տոները Հայ Եկեղեցին սկսում է տոնել նախորդ երեկոյից: Պատճառը մեկն է. համաձայն եկեղեցական կարգի՝ օրը սկսվում է երեկոյան մայրամուտից հետո: Այսինքն հունվարի 5-ի երեկոյան արդեն հունվարի 6 -ն է: Եվ երեկոյան գոհաբանական Պատարագ է մատուցվում, որի ժամանակ էլ հավատավոր ժողովրդին տրվում է Սուրբ Ծննդյան Ավետիսը: Եկեղեցում եղողները Այդ Ավետիսը տանում են տուն: Եվ որպես իրենց Ավետիսի առհավատչյա, իրենց հետ նաև վառցած ճրագներ են տանում, ինչը խորհրդանշում է Քրիստոսի լույսը, որ մութով մտավ մեր աշխարհ և լուսավորեց մեզ: Ճրագալույց նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը:  

Բոլոր նրանք, ովքեր պահքն են պահել, կարող են լուծել իրենց պահքը՝ Հաղորդվելով: Սակայն այս երեկո շատերի համար դժվար է լինում, քանի որ պետք է դեռ նախորդ երեկոյից ծոմ պահած լինել: Ծոմ պահել նշանակում է ոչիչն չուտել, ոչինչ չխմել, բացի ջրից: Ովքեր կարողանում են հաղթահարել այս փոքրիկ դժվարությունը, հաղորդվում են Ճրագալույցի Պատարագին: Իսկ ովքեր պատրաստվում են հաղորդվել հաջորդ օրը, մասնակցում են Պատարագին, ստանում են Ավետիսն ու լույս են տանում տուն: Սակայն նրանք կարող են նաև Մաս վերցնել: 

Աղբյուր՝ qahana.am