• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում և Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ձեզ տարեմուտի այս երեկո: Նոր տարվա սեմին ենք վերստին. հուսառատ հոգով պատրաստվում ենք դիմավորել փրկչական 2013 թվականը, նաև վերհիշում ենք մեր ապրածը, մեր ձեռքբերումներն ու կորուստները անցնող տարում: Գոհություն և փառք Աստծուն, ապրեցինք խաղաղության մեջ, ջանքեր գործադրեցինք հոգևոր և ազգային մեր կյանքի զորացման, մեր ժողովրդի բարօրության և առաջընթացի համար, ջանացինք հաղթահարել մեր առջև ծառացող խնդիրները: Ունեցանք և՛ հաջողություններ, և՛ դժվարություններ: Տագնապեցինք Մերձավոր Արևելքում ապրող մեր ժողովրդի զավակների համար, որ շարունակում են կրել պատերազմական իրավիճակի նեղությունները: Տարեմուտի այս երեկո, երբ մեր ավարտուն և անավարտ գործերով, ձեռքբերումներով, հոգսերով ու խնդիրներով պատմությանն ենք հանձնում անցնող տարին, աղոթքն ու մաղթանքն է Հայրապետիս հոգում, որ նոր` 2013 թվականը լինի խաղաղաբեր ու բարեբեր աշխարհի և մեր ժողովրդի համար, և հավատավոր Մեր զավակները Հայրենիքում և Սփյուռքում ապրեն ու գործեն ազգասեր ու հայրենասեր ոգով, առ Աստված անսասան հավատքով, որպեսզի Տիրոջ զորակցությամբ իրականություն դարձնենք ազգային վերազարթոնքի մեր հույսերն ու տեսիլքները: Եկող նոր տարին մեր կյանքում առանձնանում է նախագահական ընտրություններով, որը մեր բարօր, արդար ու ծաղկուն կյանքի հավատով պիտի դարձնենք բարի հանգրվան մեր երկրի կայուն առաջընթացի ու զարգացման, մեր հզոր Հայրենիքի կերտման ճանապարհին: Բոլոր դժվարություններով ու խնդիրներով հանդերձ այսօր ավելի մոտ ենք տեսնում այդ լուսավոր օրը, որը մեր ջանք ու աշխատանքով պիտի կյանքի կոչենք, յուրաքանչյուրս մեր տեղում, որպես ճշմարիտ հավատացյալներ, որպես արժանավոր քաղաքացիներ և ազնիվ զավակներ մեր երկրի: Այս հուսաբեր ժամանակում չունենք նահանջի իրավունք: Դեռ պետք է առավել զորացնենք ու ամրագրենք Արցախի անկախությունը, հասնենք համընդհանուր ճանաչմանը Հայոց Ցեղասպանության, որի 100-ամյա տարելիցի ոգեկոչումը ուժ և անբեկանելի զորություն պիտի հաղորդի մեր ազգային միասնականությանը` շարունակելու մեր ջանքերը հանուն արդարության և մեր իրավունքների պաշտպանության: Այս պահին, երբ բոլորս համակված ենք նույն զգացումներով, նույնացած ենք մեր լավատեսությամբ, հայրենյաց սիրով, ազգային հույսերով, մեր մաղթանքներով ու աղոթքներով, հաստատուն պահենք մեր կամքը` ազգանպաստ ու հայրենանվեր գործերով կերտելու լուսավոր նոր օրը մեր ազգի, շենացնելու երկիր հայրենին, հավելելու պայծառությունը մեր Սուրբ Եկեղեցու: Բարի սպասումներով լի տարեմուտի այս պահին մեր աղոթքներում հիշենք Սիրիայում ապրող մեր ժողովրդի զավակներին, բոլոր նեղյալներին ու կարոտյալներին, աղոթենք հեռվում գտնվող մեր մերձավորների, 2012 թվականին ի Տերը ննջածների համար: Աղոթք բարձրացնենք Հայրենիքի սահմանները հսկող մեր բանակի և բոլոր նրանց համար, ովքեր իրենց ծառայական դիրքերում են դիմավորում նոր տարին: Թող Աստված Իր օրհնության ներքո պահպանի ամենքիս, սիրելիներ` պարգևելով խաղաղ ու բարի օրեր, հայրենաշեն ու ազգանվեր ջանքերի արդյունավորում, առաջընթաց ու բարգավաճում: Թող 2013 թվականը լինի հոգևոր արգասավորության, բարիքով առատ, ձեռքբերումներով և ուրախությամբ լեցուն տարի: Շնորհավոր նոր տարի: