• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նոր տարին Ռուսաստանում

Անցյալում Ռուսաստանում Ամանորը կամ Ինդիկտը նշվում էր սեպտեմբերի 14-ին (հին տոմարով` սեպտեմբերի 1-ին), մինչև Պետրոս Առաջինը փոփոխեց  օրացույցը: Պետրոս ցարը որոշեց  Ամանորը նշել հունվարի 1-ին, ինչպես ընդունված էր Եվրոպայում: Եկեղեցական ավանդույթով մինչ օրս  պահպանվել է Ամանորը սեպտեմբերի 1-ին նշելու փաստը:

Նոր տարին սեպտեմբերի 1-ից սկսելու որոշումն ընդունվել է 325թ. տեղի ունեցած Առաջին Տիեզերական ժողովի ժամանակ: Համարվում է, որ դա արվել է ի հիշատակ այն բանի, որ 312 (313) թվականին Բյուզանդիայի Կոնստանտին Մեծ կայսրը քրիստոնյաներին իրենց կրոնը դավանելու լիակատար ազատություն շնորհեց:
Բյուզանդացիներից հետո Նոր տարվա սկիզբը կամ Ամանորը Ռուսաստանում սկսվեց նշվել սեպտեմբերի 1-ին: Բյուզանդիայից էլ ազդված Ռուսաստանում Ամանորն «ինդիկտ» անվանեցին:
«Ինդիկտ» բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է «հարկ»: Կոնստանտին կայսեր օրոք զինվորականները բանակում ծառայում էին 15 տարի: Երբ ծառայության ժամկետը լրանում էր, զինվորականները վերադառնում էին տուն  և ապրում պետության նպաստի հաշվին, որը գոյանում էր հարկերից: Հարկը հավաքվում էր սեպտեմբերի 1-ին` բերքահավաքից հետո: Տարվա սկիզբն էլ անվանում էին ինդիկտ՝ այսինքն հարկը տալու ժամանակը:

Հնում նաև ժամանակը հաշվարկում էին  532 տարվա փուլով:
Բանն այն է, որ յուրաքանչյուր 532 տարին մեկ կրկնվում է բնության այն վիճակը, երբ արևի և լուսնի շրջանները սկսվում են միասին: Քրիստոնյաների համար դա կարևոր է, քանի որ հենց այդպիսի աստղագիտական իրավիճակ է եղել այն օրը, երբ Քրիստոս սկսել է քարոզել:

Տոմարական հաշվարկներով այդ օրը եղել է սեպտեմբերի 14-ը, դրա համար էլ համարվել է, որ այդ օրը բարենպաստ է հոգևոր փրկության ուղին բռնելու համար:

Քրիստոնյաներից բացի հուդայականները ևս նշում էին Ռոշ-խա-շանան, ինչ բառացիորեն նշանակում է տարեգլուխ՝ նոր տարի:
Ռուսաստանում Ամանորը նշվում էր որպես եկեղեցական-պետական  տոն: Գլխավոր հանդիսությունը տեղի էր ունենում Մոսկվայում` Կրեմլի հրապարակում: Հենց հրապարակում պատրաստվում էր բեմահարթակ, որտեղից էլ միտրոպոլիտը և մեծ իշխանը հայտարարում էին տարվա ավարտի  մասին և շնորհավորում ժողովրդին: Միտրոպոլիտն օրհնում էր ջուրը և ցողում  իշխաններին ու շուրջը խմբված մարդկանց, բոլորը շնորհավորում էին միմյանց:
Ամանորին ընդունված էր առաջին անգամ ժողովրդին ներկայացնել գահաժառանգին, երբ նա հասնում էր չափահաս տարիքի (14 տարեկան): Ապագա իշխանը բեմահարթակից հրապարակային ելույթ էր ունենում:

Ի դեպ, ուսումնական տարին եկեղեցական-ծխական դպրոցներում միշտ սկսվում էր Ամանորին` սեպտեմբերի 1-ին: Այդ սովորույթի պատճառով էլ մենք մինչև հիմա ուսումնական տարին սկսում ենք սեպտեմբերի մեկին:    

 

Նյութը պատրաստեց Դալլաքյան Մերին

Աղբյույր՝ araratian-tem.am կայք

info.mskh ակումբ