• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ծանոթանանք, ես Նոյեմին եմ

Ես Նոյեմ Գրիշայի Անդրեասյանն եմ: Սիրում եմ, որ ինձ դիմում են Նոյեմի ձևով: Այս կյանքում մի շատ լուրջ ու կարևոր կոչում ունեմ` մայր եմ: Ունեմ երկու որդի:

Ծնվել եմ 1980թ փետրվարի 26-ին Երևանում: Ասում են, որ ժամանակից շուտ եմ ծնվել ամբողջ մի ամիս: Գուցե պատճառն այն հուզմունքն է, որ ապրել եմ մորս ու տատիս հետ 3-րդ մասի կինոթատրոններից մեկում հնդկական կինո նայելով: Այնքան եմ հուզվել, որ հնարավոր էր, որ ծնվեի տրամվայում:

Հետո 2 տարի ապրել եմ Վարդենիսում, քանի որ հայրս այնտեղ էր աշխատում, ապա` տեղափոխվել Երևան: Հետո` մանկապարտեզ, դպրոց:

Դպրոցն ավարտելուց հետո շնչակտուր ընդունվել եմ Երևանի պետական համալսարան, որ դառնամ լրագրող: Սկզբում չգիտեի, թե դա ինչ է, չնայած մինչև համալսարան հասնելս հինգ տարի հաճախել եմ Հայաստանի ժուռնալիստների միությանը կից Պատանի լրագրողի դպրոցը:

2002թ. ամռանը մասնակցել եմ Ինտերնյուս-Արմենիա ՀԿ-ի կազմակերպած` «Հեռուստալրագրություն» մեկամսյա դասընթացին:

Համալսարանում բակալավրիատն ավարտելուց հետո որոշեցի դառնալ մագիստրոս, որ ավելի շատ բան իմանամ, սակայն դա ինձ քիչ օգնեց:

Ես սկսեցի հասկանալ, թե ինչ են լրագրությունն ու մեդիա, միայն գործնական աշխատանքի անցնելիս: Առաջին լուրջ փորձս եղել է Արարտյան Հայրապետական Թեմի ռադիոհաղորդումում: Հետո դրան ավելացավ Մայր Աթոռի հաղորդումը: Հետո՝ հեղինակային մշակութային հաղորդումը ԱՐ հեռուստաընկերությունում:

Շատ բան սովորեցի «Շանթում» աշխատելուս տարիներին` որպես սցենարիստ-խմբագիր:

Սրանից հետո կյանքումս ուրիշ փորձառության շրջան եկավ. ամուսնացա, ունեցա մի որդի, անունը` Նարեկ, բայց առանց պոպոզ գդակի:

Մի քանի տարվա լճացումից դուրս գալու համար ընդունվեցի Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտ` քաղաքագիտություն, կովկասագիտություն բաժինը:

Լրագողական աշխատանք վերականգնեցի Երկիր մեդիա հեռուստաընկերությունում, ամսագրերում: Հետո նորից գործի անցա «Շանթ» հեռուստաընկերությունում, այս անգամ Անոնսների ու PR բաժնի տնօրեն կամ ղեկավար, ինչպես կուզեք: Ռադիոհաղորդումներ վարելը երբեք չեմ դադարեցրել ավելի քան 2 ամսով:

Մի քանի անգամ մասնակցել եմ Եվրամիության Նոր հարևանության ծրագրի շրջանակներում կազմակերպված սեմինարներին. ծրագրի ընթացքում այցելել եմ Բրյուսել, Բեռլին, Կիև:

Մի անգամ էլ հասցրել եմ լինել Թբիլիսիում: Այնտեղ էինք մեկնել Եկեղեցիների Համաշխարհային Կլոր սեղանի կազմակերպած քննարկանը մասնակցելու, որ նվիրված էր հայ-ադրբեջանական փոխհարաբերություններում հանդուրժողականությանը նպաստող ծրագրերի քննարկմանը:

Հեռուստատեսություններից զատ աշխատել եմ նաև բնապահպանական կազմակերպությունում` FPWC, հայերեն ու կարճ ասած` Արևորդիում:

Հիմա ամսվա մեջ երկու անգամ վարում եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ավետիս» հաղորդաշարը, որը կարող եք ունկնդրել ամեն շաբաթ 15:15-ին Հանրային ռադիոյի եթերում:

Ավագ որդիս Կրթահամալիրի Նոր դպրոցի սան է: Շուտով կդառնա յոթ տարեկան: Երկրոդ որդիս արդեն երկու տարեկան է և Նոր դպրոցի մանկապարտեզի սան է:

Իսկ ես սիրով ընդունելով Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում աշխատելու հրավերը, մեծ պատասխանատվություն ստանձնելով` կատարելու եմ mskh.am-ի ղեկավարի պաշտոնը:

Իմ ամբողջական ու պաշտոնական CV-ին, իհարկե, սա չէ, սակայն չեմ ուզում ավելորդ ծանրաբեռել ձեզ:

Սիրով կլսեմ բոլոր առաջարկությունները, որոնք կգրեք ինձ, դրանք անպայման քննարկման կդնեմ ու կփորձեմ մեր Կրթահամալիրի դեմքը` կայքը, առավել գրավիչ ու լավը դարձնել:

Ինձ գտնելու ամենակարճ տարբերակները`

հեռ` 093 999 539

e-mail` [email protected]

Սիրով` Ա.Նոյեմի