ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի Նոր դպրոցի կանոնադրություն
նախագիծ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի (այսուհետ` Կրթահամալիր) Դպրոց-պարտեզը (այսուհետ` Դպրոց ) Կրթահամալիրի մասնաճյուղ է:
2. Դպրոցի կանոնադրությունը (այսուհետ` կանոնադրություն) Կրթահամալիրի տնօրենի (այսուհետ` Տնօրեն) ներկայացմամբ հաստատում է Կրթահամալիրի խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ):
3. Դպրոցն իրավաբանական անձ չէ:
4. Դպրոցն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ, կրթահամալիրի կանոնադրությամբ (այսուհետ` Կանոնադրություն), կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով (այսուհետ` Կանոններ), կրթահամալիրի զարգացման ծրագրով (այսուհետ` Զարգացման ծրագիր), դպրոցի զարգացման ծրագրով և կանոնադրությամբ:
5. Դպրոցի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան Բաբաջանյան 38/1
6. Դպրոցը կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ: Ձևաթղթերը, խորհրդանիշը և անհատականացման այլ միջոցներ ձևավորելիս, անհրաժեշտության դեպքում, հայերենին կարող են զուգակցվել այլ լեզուներ:
7. Դպրոցը չունի ինքնուրույն հաշվեկշիռ և բանկային հաշիվ:
8. Դպրոցը կրթահամալիրի էլեկտրոնային mskh.am կայքում ունի ենթակայք:
II. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ
9. Դպրոցի գործունեության առարկան նախադպրոցական, ընդհանուր տարրական`1-3-րդ,հիմնական` 4-5-րդ դասարաններ , հատուկ (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների), լրացուցիչ (այդ թվում` արտադպրոցական) հեղինակային կրթական ծրագրերի իրականացումն է:
10. Դպրոցի նպատակը բխում է Կրթահամալիրի նպատակներից, այն է` ապահովել.
• կրթության հավասար հնարավորությունները, մատչելիությունը, շարունակականությունը, հաջորդականությունը և համապատասխանությունը նախադպրոցական երեխայի, աշակերտի (այսուհետ` Սովորող) զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին.
• կրթություն բոլորի համար - ներառական ուսուցում.
• ստեղծականության, ինքնակրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ունակությունների զարգացման առաջնայնությունը.
• կրթության մեջ նոր տեխնոլոգիաների կիրառումը.
• կրթական բաց համայնքի ձևավորումը և զարգացումը.
• դպրոցի ինքնավարության, Սովորողի և աշխատողի ինքնուրույնության, նախաձեռնողականության ու անհատական պատասխանատվության առավելագույն մակարդակի ապահովումը.
• հանրակրթական և այլ կրթական ծրագրերի փոխհամաձայնեցվածությունը:
11. Դպրոցի խնդիրներ են`
• հետազոտող ուսուցիչների հեղինակած Կրթական և այլ ծրագրերի, ուսումնական ձեռնարկների, մեթոդական ուղեցույցների կիրառում, փորձարկում.
• ուսուցողական նոր միջավայրի ստեղծում
• մանկավարժական գիտափորձերի իրականացում.
• հետազոտող, անընդհատ վերապատրաստող և վերապատրաստվող, կրթական նորարարությունը տարածող մանկավարժական աշխատողի համար աշխատանքային պայմանների ապահովում.
• Սովորողի (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած) ներդաշնակ ու բնական զարգացման համար մանկավարժական–հոգեբանական, սոցիալական անհրաժեշտ պայմանների ապահովում.
• անհատականության զարգացման և ազատ գործունեության, փոխադարձ հարգանքի, վստահության ու գործընկերության մանկավարժության կազմակերպում, Սովորողի անհատական կրթական պատվերի իրականացում.
• կրթություն բոլորի համար - ներառական ուսուցում ապահովելու նպատակով նախադպրոցական, հիմնական հանրակրթական և լրացուցիչ կրթության ծրագրերի հնարավորությունների համախմբում.
• անհատի ընդունակությունների առավելագույն դրսևորում և զարգացում, Սովորողի ընտրությամբ գործունեության միջոցով մասնագիտական կողմնորոշման ապահովում.
• կրթության սուբյեկտների միջև իրական ու լիարժեք հաղորդակցության ապահովում` տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ.
• ֆիզիկական և վիրտուալ միջավայրում ուսուցման հավասարակշռում.
• կրթության որակի և արդյունավետության բարձրացում` թվային տեխնիկական միջոցների և մեդիատեխնոլոգիաների կիրառմամբ:
III. ԴՊՐՈՑԻ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
12. Դպրոցում իրականացվող կրթական ծրագիրը (այսուհետ`կրթական ծրագիր) Կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի ենթածրագիրն է:
13. Ուսումնական տարվա սկիզբը, տարվա ընթացքում արձակուրդների ժամանակը, ուսումնական տարվա ավարտը սահմանվում են կրթական ծրագրի ուսումնական պլանով:
14. Ուսումնական աշխատանքները կազմակերպվում են կրթական ծրագրի ուսումնական պլանի, Կրթահամալիրի ուսումնական օրացույցի, ուսումնական ժամանակացույցի և դասացուցակների հիման վրա:
15. Ուսուցումը կազմակերպվում է խմբով` դասարան, սովորողների ընտրությամբ գործունեության խումբ, սովորողների նախասիրությունների զարգացման ակումբ, ճամփորդության խումբ, ճամբարական խումբ, ջոկատ, այցելուների խումբ և անհատական: Խմբերում սովորողների թիվը որոշվում է Կրթահամալիրի ծախսերի նախահաշվով ամրագրված ցուցանիշների համաձայն:
16. Խմբային ուսուցումը կազմակերպվում է դասերի, ակումբային պարապմունքների, ուսումնական նախագծերի, ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունների, ճամբարների, ստեղծագործական հավաքների, համերգների, ցուցահանդեսների, ներկայացումների (ուսումնական պարապմունքներ) ձևով:
17. Դպրոցում կիրառվում են առկա, հեռավար, առցանց, տնային ուսուցման ձևեր:
18. Նախադպրոցական կրթության հեղինակային կրթական ծրագրով կազմակերպվում են 2-4 տարեկանների խնամքի և զարգացման, 5 տարեկանների` դպրոցին նախապատրաստական ուսուցման կրթական ծառայություններ: Ծրագրի բովանդակությունը և կազմակերպման միջավայրին ներկայացվող պահանջները որոշվում են Խորհրդի հաստատած հեղինակային կրթական ծրագրի չափորոշիչներով: Նախապապատրաստական ուսուցում ստացած վեց տարեկան երեխաները կրթությունը շարունակում են դպրոցի առաջին դասարաններում: Կրտսեր դպրոցի նախապատրաստական ուսուցման դասարանում չընդգրկված երեխաներին տրվում է կրթական ծրագիրը ընտանեկան կրթությամբ ստանալու հնարավորություն` համադրելով ուսուցման առկա, հեռավար, առցանց ձևերը:
19. Տարրական կրթության կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացները կազմում են «Իմացումի հրճվանք» ծրագիրը, որի ղեկավար-դասվարը մասնակցում է գործունեության կազմակերպման բոլոր ձևերին: Տարրական կրթության ծրագրում սովորողի ուսումնական աշխատանքը նիշով չի գնահատվում: Կիսամյակի վերջում Սովորողի համար լրացվում է զարգացման բնութագիր: Չորրորդ դասարանի վերջում անցկացվում է ուսումնական աշխատանքի արդյունքների ամբողջական ուսումնասիրություն:
20. Հիմնական կրթության 4-5-րդ դասարանների ծրագիրն ուղղված է Սովորողի բազային ուսումնական կարողությունների զարգացմանը, սահուն անցում է ապահովում առարկայական ուսուցման:
21. Լրացուցիչ կրթական ծրագիրն ուղղված է սովորողի կրթական պատվերի կատարմանը: Լրացուցիչ կրթական ծրագիրը բաղկացած է դասընթացներից, որոնք, որպես ծառայություններ` իրականացվում են դպրոցում:
22. Դպրոցն ընդգրկում է 2-4 տարեկանների մանկապարտեզային խմբեր, 5 տարեկան երեխաների համար` սահմանված կարգով գործող կրտսեր դպրոցի նախապատրաստական ուսուցման դասարաններ, տարրական դպրոցի 1-3-րդ դասարաններ, միջին դպրոցի 4-5-րդ դասարաններ:
23. Սովորողի օրինական ներկայացուցիչը Դպրոցի ղեկավարի հետ կնքում է պայմանագիր ուսումնառության մասին (այսուհետ՝ Պայմանագիր):
IV. ԴՊՐՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
24. Դպրոցի ղեկավարին Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը:
25. Դպրոցի ղեկավարը՝
• կազմակերպում և ղեկավարում է Դպրոցի ընթացիկ գործունեությունը.
• Խորհրդի հաստատմանն է ներկայացնում Դպրոցի զարգացման ծրագիրը.
• մասնակցում է Խորհրդի, կրթահամալիրի վարչական խորհրդի, մասնաժողովի նիստերին.
• ապահովում է Դպրոցի ենթակայքի աշխատանքը.
• մասնակցում է Դպրոցում աշխատողի անհատական աշխատաժամանակի կազմման աշխատանքին և այն ներկայացնում Տնօրենի հաստատմանը.
• ապահովում է Դպրոցում Կանոնների, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահպանումը.
• նշանակում է Դպրոցի կաբինետների ղեկավարներին.
• կատարում է Տնօրենի հրամաններն ու կարգադրությունները.
• կատարում է սովորողների ընդունելությունը Դպրոց.
• Օրինական ներկայացուցչի(ծնողի) հետ կնքում է ուսումնառության պայմանագիր,
• Տնօրենին միջնորդագիր է ներկայացնում Սովորողին ուսումնական վճարի զեղչ տրամադրելու համար,
• կազմավորում է Դպրոցի ուսումնական խմբերը.
• հաստատում է Դպրոցի դասացուցակը.
• ուսումնական պլանին համապատասխան ապահովում է կրթական ծրագրի իրականացումը, կրթական գործընթացի կազմակերպումը.
• Սովորողի առողջության պահպանման, ֆիզիկական ու մտավոր զարգացման դժվարությունները կանխարգելու, վերականգնելու նպատակով տարին առնվազն մեկ անգամ սահմանված կարգով կամակերպում է բժշկական (պրոֆիլակտիկ) հետազոտություն.
• առողջական վիճակի պատճառով ժամանակավորապես հաճախել չկարողացող կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող Սովորողի համար սահմանված կարգով կազմակերպում է հեռավար, առցանց կամ տնային ուսուցում.
• անհրաժեշտության դեպքում կազմակերպում է հեռավար ուսուցում.
• ստեղծում է Սովորողի առողջության, հիգիենայի, սննդի, հանգստի, ֆիզիկական և հոգևոր զարգացման համար անհրաժեշտ պայմաններ.
• վերահսկողություն է իրականացնում դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման, Սովորողի կողմից իր աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.
• ապահովում է պարտադիր գործածության երաշխավորված փաստաթղթերի վարումը և պահպանումը.
• ապահովում է Կրթական ծրագրով որոշված էլեկտրոնային փաստաթղթերի վարումը և պահպանումը.
• ապահովում է պայմաններ սովորողների նախասիրության զարգացման ակումբների գործունեության համար.
• ապահովում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթություն ստանալու իրավունքը.
• ներկայացնում է դպրոցի գործունեության կիսամյակային, տարեկան հաշվետվությունները.
• օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն օրենքների, հիմնադրի, նախարարության, Խորհրդի, Տնօրենի որոշումների, այլ իրավական ակտերի և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.
• Դպրոցի ղեկավարը պարտավոր չէ կատարել կառավարման մյուս մարմինների Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Կանոնադրությանը և սույն կանոնադրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:
26. Դպրոցի ղեկավարի բացակայության դեպքում, Տնօրենի որոշման (կարգադրություն, հրաման) համաձայն, նրա լիազորություններն իրականացնում է այլ անձ:
27. Դպրոցի գրասենյակի ղեկավարին աշխատանքի է նշանակում Կրթահամալիրի Տնօրենը` Դպրոցի Ղեկավարի հետ խորհրդակցելով: Գրասենյակի ղեկավարի գործունեությունը կարգավորվում է պաշտոնական հրահանգով:
28. Դպրոցի ղեկավարի ներկայացմամբ Տնօրենը տվյալ ուսումնական տարվա համար նշանակում է Դպրոցի կազմակերպիչներ:
29. Կազմակերպիչը կրթահամալիրի մանկավարժական աշխատող է, ով.
• պատասխանատու է դպրոցի` իրեն ամրակցված սովորողների ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման համար.
• հսկողություն է իրականացնում ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների առաջադիմության և վարքի նկատմամբ.
• դպրոցի ղեկավարի հետ համատեղ իրականացնում է Տնօրենի՝ օրենսդրությանը չհակասող հանձնարարականների կատարումը.
• իրականացնում է իրեն ամրագրված սովորողների ուսումնական պլանի կազմակերպումը
• կազմակերպում է սովորողների ուսումնական պարապմունքների հսկողություն.
• ներկայացնում է առաջարկություններ ուսումնադաստիարակչական գործընթացի կատարելագործման ուղղությամբ.
• հսկում է Կանոնադրությամբ, Կանոններով, սույն կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով սահմանված պահանջների կատարումը:
• ապահովում է Դպրոցի և ընտանիքի սերտ կապն ու համագործակցությունը.
• կազմակերպում է սովորողների հանգիստն ու ժամանցը, միջոցներ է ձեռնարկում սոցիալապես անապահով երեխաներին oգնություն ցույց տալու համար.
• աշխատանք է տանում սովորողների վարքի կուլտուրայի, վարվեցողության նորմերի և կանոնների ապահովման ուղղությամբ, աջակցում դպրոցական ինքնավարությանը, հասարակական վերահսկողությանը:
30. Դպրոցում կրթական գործունեության արդյունավետ կազմակերպման, ինչպես նաև զարգացման ծրագրերին աջակցելու և համայնքի հետ արդյունավետ համագործակցություն ապահովելու նպատակով ձևավորվում են խորհրդակցական մարմիններ` մանկավարժական, ծնողական, աշակերտական խորհուրդներ: Դպրոցում կարող են ձևավորվել խորհրդակցական կամ խորհրդատվական այլ մարմիններ:
31. Մանկավարժական խորհուրդը կազմավորվում է Դպրոցում դասավանդող բոլոր մանկավարժական աշխատողներից: Մանկավարժական խորհրդի աշխատանքները ղեկավարում է Դպրոցի ղեկավարը:
32. Մանկավարժական խորհուրդը քննարկում է՝
• հանրակրթական դպրոցի զարգացման ծրագիրը և երաշխավորում է այն խորհրդի հաստատմանը.
• ուսուցման բովանդակության, սովորողների ուսումնառության որակի, նրանց հետ տարվող արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման հարցերը.
• ուսումնական գործընթացին վերաբերող այլ հարցեր:
33. Մանկավարժական խորհրդի նիստերի օրակարգը նիստից երեք օր առաջ տեղադրվում է mskh.am կայքում: Նիստի արձանագրությունը տեղադրվում է Դպրոցի ենթակայքում:
34. Մանկավարժական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն երկու ամիսը մեկ անգամ, անհրաժեշտության դեպքում գումարվում են արտահերթ նիստեր`
• Դպրոցի ղեկավարի նախաձեռնությամբ.
• մանկավարժական խորհրդի անդամների 1/3-ի նախաձեռնությամբ.
• Տնօրենի նախաձեռնությամբ:
35. Մանկավարժական խորհրդի նիստերը բաց են:
36. Անհրաժեշտության դեպքում մանկավարժական խորհրդի նիստերին, խորհրդակցական ձայնի իրավունքով, հրավիրվում են` ծնողներ, աշակերտական խորհրդի ներկայացուցիչներ և այլ անձինք:
37. Դպրոցի ծնողական խորհուրդը կազմավորվում է սովորողների ծնողներից: Ծնողական խորհրդի նախագահը ընտրվում է փակ քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Ծնողական խորհրդի նախագահը մանկավարժական խորհրդի անդամ է:
38. Դպրոցի ծնողական խորհրդի նախագահը խորհրդի նիստից առնվազն երեք օր առաջ mskh.am կայքով տեղեկացնում է նիստի անցկացման տեղի, ժամի և օրակարգի մասին: Ծնողական խորհրդի որոշմամբ նիստի օրակարգում կարող են կատարվել փոփոխություններ:
39. Դպրոցի ծնողական խորհուրդը՝
• Դպրոցի ղեկավարի կամ մանկավարժական խորհրդի քննարկմանը ներկայացնում է սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքի բարելավման, մանկավարժների խրախուսման, իրենց պարտականությունների մեջ թերացող մանկավարժներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ առաջարկություններ.
• Դպրոցին դժվար դաստիարակվող սովորողների դաստիարակության, սոցիալական աջակցություն է կազմակերպում.
• լսում է Դպրոցի ղեկավարի հաղորդումը Դպրոցի վիճակի ու հեռանկարային ծրագրերի մասին, ստանում ծնողներին հետաքրքրող հարցերի պարզաբանումներ.
• Դպրոցի և ծնողների միջև ամրապնդում է կապերը, մանկավարժական աշխատողների և ծնողների կողմից երեխաների դաստիարակության հարցերում ձևավորում է միասնական պահանջներ.
• ծնողներին ներգրավում է սովորողների արտադպրոցական և արտադասարանական աշխատանքներում.
• մասնակցում է սովորղների ուսուցման ու դաստիարակության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, աջակցում է հանրակրթական դպրոցի ուսումնանյութական բազայի հարստացմանը` այդ գործում ներգրավելով հովանավորների.
• աջակցում է արձակուրդների ժամանակ սովորողների հանգստի և ժամանցի կազմակերպմանը.
• ապահովում է երեխայի իրավունքների պաշտպանությունը Դպրոցում.
• ապահովում է ծնողներին տեղեկատվությամբ, կազմակերպում սեմինարներ, խորհրդատվություններ:
40. Դպրոցի ծնողական խորհուրդը Դպրոցի ղեկավարի նկատմամբ անվստահություն կարող է ներկայացնել Տնօրենին, Խորհրդին:
41. Ծնողական խորհուրդը իր աշխատանքների մասին պարբերաբար հաշվետվություն է ներկայացնում Դպրոցի ենթակայքում:
42. Ծնողական խորհուրդը կարող է գրանցվել որպես հասարակական կազմակերպություն և իր գործունեությունը կազմակերպել օրենսդրությամբ սահմանված կարգով:
43. Կանոնադրությամբ սահմանված նպատակների իրագործման համար Դպրոցի ծնողական խորհուրդը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է իրականացնել այլ լիազորություններ:
44. Դպրոցում գործում է խորհրդակցական մարմին` աշակերտական խորհուրդ:
45. Աշակերտական խորհուրդը` ժողովրդավարության և ինքնավարության սկզբունքներին համապատասխան, անմիջականորեն աշակերտներին վերաբերող հարցերի մասին ազատորեն կարծիք է ներկայացնում հանրակրթական դպրոցի կառավարման և խորհրդակցական մարմիններին:
46. Աշակերտական խորհրդի ներկայացուցիչը, խորհրդակցական ձայնի իրավունքով, մասնակցում է մանկավարժական խորհրդի այն նիստերին (կամ հարցերի քննարկմանը), որտեղ քննարկվում են աշակերտներին անմիջականորեն վերաբերող հարցեր:
V. ԴՊՐՈՑԻ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
47. Դպրոցում կրթական գործընթացի մասնակիցներն են`
• սովորողը.
• Սովորողի Օրինական ներկայացուցիչը(ծնող).
• ուսուցիչը և մանկավարժական այլ աշխատողներ:
48. Դպրոցի աշխատողները կրթահամալիրի աշխատողներն են:
49. Սովորողի և ծնողի իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով, Կանոնադրությամբ, Կանոններով, Պայմանագրով:
50. Կանոնները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում օրենքով և Կանոնադրությամբ սահմանված ձևով Դպրոցի սովորողի նկատմամբ կիրառվում են կարգապահական տույժերը:
51. Մանկավարժական և մյուս աշխատողների իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով, Կանոնադրությամբ, Կանոններով, Պայմանագրով, աշխատողի պաշտոնական հրահանգով, Տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագրով:
VI. ԴՊՐՈՑԻ ԳՈՒՅՔԸ
52. Դպրոցը սեփականության իրավունքով գույք չունի: Յուրաքանչյուր ուսումնական տարվա համար Տնօրենը տրամադրում է անհրաժեշտ տարածք, գույք, սարքեր և սարքավորումներ:
53. Դպրոցն իր անունից չի կարող ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, դատարանում չի կարող հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
54. Դպրոցն իրավունք չունի իրեն տրամադրված գույքը հանձնելու վարձակալության:
VII. ԴՊՐՈՑԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
55. Դպրոցը վերակազմակերպվում կամ լուծարվում է Տնօրենի հիմնավորված առաջարկով` Խորհրդի որոշմամբ: