• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սիրիահայ ուսուցչուհի. «Եթե աստեղ գործ չգտա, ստիպված եմ ետ հոն դառնալու»

 

Սիրիահայ ուսուցչուհի. «Եթե աստեղ գործ չգտա, ստիպված եմ ետ հոն դառնալու»

Սոնա Ավագյան


09:29, 3 հուլիսի, 2012

Սիրիահայ ուսուցչուհի Թալին Վարդանեանը Հայաստան է եկել 2 շաբաթ առաջ: Թալինը մասնագիտությամբ կենսաբան է: Նա 7 տարի է, կենսաբանության ուսուցչուհի է աշխատում Հալեպի՝ մոտ 1200 հայ աշակերտ ունեցող Քարէն Եփփէ ազգային ճեմարանում, բայց Սիրիայում քաղաքացիական պատերազմի պատճառով որոշել է աշխատանք փնտրել Հայաստանում:

Թալինը երկքաղաքացիություն ստանալու համար արդեն դիմել է Հալեպում Հայաստանի հյուպատոսարան: «Առավել առաջնորդված ազգային պատկանելութենեն՝ կուզեմ հայաստանցի ըլլալ»,- ասում է նա՝ ենթադրելով, որ 2 ամսից արդեն կստանա երկքաղաքացիությունը:

Թալինը հայերեն է թարգմանել ու վավերացրել Հալեպի պետական համալսարանից ստացած իր կենսաբանի դիպլոմը և ներկայացրել Հայաստանի սփյուռքի նախարարությանը: Նախարարությունում խոստացել են, որ կփորձեն օգնել աշխատանք գտնելու հարցում, բայց որևէ կոնկրետ ժամկետ չեն նշել:

«Չգիտեմ՝ ում կարող եմ դիմել: Ուրիշ հաստատություններ կրնան մեզ ընդունիլ՝ չեմ գիտեր: Դեռ փնտրտուքի մեջ եմ: Արդեն երկու ամիս ժամանակ ունիմ: Եթե հարցերը ավելի բարդանան Սիրիայի մեջ, արդեն աստեղ կմնամ: Մինչև այն ատենը ես քաղաքացի ալ կըլլամ: Բայց եթե աստեղ գործ չգտա, ստիպված եմ ետ հոն դառնալու: Բայց ես կուզեմ արդեն աստեղ մնալ: Արդեն ես կուզեմ, որ զբաղվիմ բանով մը, բայց չեմ գտներ, որ զբաղվիմ»,- ասում է Թալինը: Հենց 2 ամիս հետո՝ սեպտեմբերին, Քարէն Եփփէ ազգային ճեմարանում սկսվում են դասերը:

7-8 տարի առաջ Թալինի մեծ եղբայրը Երևան է եկել՝ բժշկություն սովորելու, քանի որ, Թալինի խոսքերով, Սիրիայում կրթությունն ավելի ցածրորակ է, քան Հայաստանում: Ոչ պակաս կարևոր է «ազգային պատկանելության» հարցը, և այն, որ այստեղ չորս կողմդ հայեր են: Այդ ժամանակ էլ ընտանիքը տուն է գնել Երևանում, ինչը Թալինը մեծ առավելություն է համարում մյուս սիրիահայերի համեմատ՝ հաշվի առնելով Երևանում անշարժ գույքի գները:

Այժմ Թալինը Երեւանում ապրում է եղբայրների հետ: Նրա մեծ եղբայրը ատամնաբույժ է, աշխատում է հիվանդանոցում՝ միաժամանակ սովորելով բժշկական համալսարանում, իսկ փոքր եղբայրն առաջին կուրսի ուսանող է:

Թալին Վարդանեանի ծնողները և քույրը Հալեպում են: Քույրը անգլիական գրականության մասնագետ է, ուսուցչուհի է աշխատում Հալեպի մեկ այլ հայկական կրթօջախում՝ Կրթասիրաց երկրորդական դպրոցում:

«Եթե ես հոստեղը բան մը կրցա ընել, կրցա գործ ապահովել, իրենք ալ պիտի գան: Սիրիայի մեջ ինչ որ վտանգ հասավ ընդդիմադիրներու կողմե, ադի շտկելու համար, բարգավաճելու համար շատ-շատ ժամանակ պետք է»,- ասում է Թալինը:

Սիրիահայ ուսուցչուհու խոսքերով՝ Հայաստան եկած սիրիահայերը նախ նպատակ ունեն տեսնել՝ կկարողանա՞ն աշխատանք գտնել Հայաստանում, և ըստ այդմ որոշել, թե արդյոք մնալու են այստեղ:

«Իրենք ալ ինձի պես եկած են աստեղ: Կրնա ըլլալ իբր տուրիստ եկած են, աս երեք ամիսը հոս անցընեն. եթե բարդանա վիճակը ավելի, մնան. եթե որ լավ ըլլա, ետ դառնան: Աստեղը հալեպցիներ ալ չկան, որովհետև գործի դժվարություն կա սփյուռքահայերին: Չեն կրնար ոևէ մեկ գործ աշխատիլ՝ կամ «տեղացի չեն» ըսելով, կամ ալ դժվարություններ կան թերևս անձնական գործերու»,- ասում է Թալինը:

Թեև ի տարբերություն Սիրիայի մի շարք այլ քաղաքների՝ Հալեպում զորքը քաղաքի մեջ չէ, սակայն Հալեպում էլ «ապահովություն չմնաց առաջվա պես», կարող ես փողոցում քայլել, բայց ոչ ուշ ժամերի: Ամեն պահի կարող է գողություն, առևանգում լինել, և ապստամբները մեծ գումարներ են պահանջում առևանգված անձին վերադարձնելու համար:

«Եթե որ կառավարությունը ընդդիմադիրներուն չկրնա կեցնել, արդեն կբարդանա ավելի հարցը, և քրիստոնյաները, կկարծեմ, հատկապես հայերը, այլևս ներգաղթի մասին պիտի մտածեն, ուրիշ տարբերակ չկա: Ըլլա Հայաստան, ըլլա Ամերիկա, ըլլա Եվրոպա. ուր որ հարմար է իրենց, հոն պիտի երթան»,- ասում է Թալինը:

Հենց այս երկրներ էլ, նրա խոսքերով, արտագաղթում են սիրիահայերը, քանի որ այդ երկրներում որևէ ձևով ապահովված են, ազգականներ կամ քաղաքացիություն ունեն: «Շատերը Եվրոպա դիմեցին՝ իբր սուրիացիներ, կուզեն ալ ետ չվերադառնալ: Գնացել են և փախստական գնացել են: Երիտասարդներ են, որովհետև անգործություն է, նախ, և եթե ինքը ոևէ մեկ կոպեկ չստանար ոչ մեկ տեղե... Նույնիսկ ստանա, եթե իր ունեցածը ծախեց, արդեն անցավ հոնտեղ»,- ասում է սիրիահայ ուսուցչուհին:

Այն հաստատությունները, որտեղ աշխատում էին հայերը մինչ պատերազմը, այժմ փակ չեն, բայց Հալեպում արդեն առևտուր չկա, կյանքը մեռել է: «Եթե մեկ կոպեկ ունիս, հիմա արդեն պետք է ադոր զգույշ ըլլաս Սուրիայի մեջ: Չես գիտեր՝ ինչ կսպասե քեզի»,- ասում է Թալինը: Պետական հաստատությունները շարունակում են վճարել իրենց աշխատակիցներին, բայց եթե վիճակը երկրում ավելի բարդանա, մի օր պետությունը կարող է ասել՝ «չեմ կրնար վճարել ամսականները»:

Թալինն ասում է, որ հալեպահայերը կողմնակից են խաղաղության, իսկ խաղաղությունը տեսնում են ներկայիս վարչակարգի պահպանման մեջ: Նրանք Սիրիայի գործող նախագահի օրոք ունեն կրոնական ու ազգային ազատություններ:

Թալինի խոսքերով՝ պատերազմական գործողություններին կամավոր մասնակցող հալեպահայեր չկան: Բայց կան Սիրիայի քաղաքացի հայ տղամարդիկ, ովքեր զորակոչվում են բանակ, քանի որ կառավարական զորքը զինվորների կարիք ունի: Որոշ հայերի զինծառայության ժամկետն էլ ավարտել է, բայց նրանց չեն զորացրում:

Թալինն ափսոսանքով է նշում, որ Սիրիայում մայիսին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում սիրիահայությունն առաջին անգամ հայ պատգամավոր չունեցավ: Նախկինում մեկ հայ պատգամավոր կար, իսկ այս ընտրություններում երեք հայ թեկնածուից ոչ մեկն էլ չանցավ խորհրդարան: «Հայկական համայնքը այլևս կկարծեմ դժվարություն կունենա իրեն դեմ առաջացած հարցերը լուծելու: Ես եթե մտածեմ, ասի հարված է»,- ասում է Թալին Վարդանեանը:

Նա նշում է, որ մինչ պատերազմի սկիզբը, երբ ամեն ինչ խաղաղ էր, հալեպահայերը չեն զգացել Հայաստանի՝ որպես պետության աջակցությունը, մտահոգվածությունը: Դեռ հակառակը՝ սփյուռքահայերն իրենց գինն ունեն. նրանք, համարվելով օտարերկրացիներ, օրինակ, Հայաստանում չեն կարող սովորել պետական բուհերի անվճար համակարգում:

Թալին Վարդանեանը Հալեպում չի ճանաչում որևէ հայի, ով չտիրապետի հայերենին

Սիրիայում ապրում է, տարբեր հաշվարկներով, 40-80 հազար հայ, որից մոտ 40-45 հազարը՝ Հալեպում: Հայտնի չէ, թե երկրում սկսված պատերազմից հետո սիրիահայերից քանիսն է արտագաղթել:

Ցեղասպանությունից հետո Հալեպում հաստատված հայկական համայնքը սփյուռքի մեծ կենտրոններից է: Հալեպում թաղեր ու շրջաններ կան՝ բնակեցված ամբողջովին հայերով: Թալինը Հալեպում ապրող հայերի մեջ չի ճանաչում որևէ մեկին, ով չտիրապետի հայերենին: Ընդհակառակը՝ կան հալեպահայեր, ովքեր արաբերենի լավ չեն տիրապետում, քանի որ անընդհատ հայերեն են խոսում իրենց շրջապատում:

«Հալեպի մեջ արդեն, պիտի ըսեմ, մեծ հրաշք է, որ բոլորը հայերեն լավ կխոսին: Ադքան որ կապերը լավ են արաբներու հետ, մուսուլմաններու հետ, մեր շրջանները ապրող մուսուլմանները, որոնք պարզապես նպարավաճառ է, արդեն հայերեն է սովորում, մեր հետ հայերեն կխոսի, թվային հաշիվները կրնա հայերենով ալ ընել, եթե որ մեծ տարիքով կին մը դիմե իրեն, և բան մը գնե քովե»,- ասում է Թալինը: Իսկ Դամասկոսում, Ղամշլիում, Հոմսում հայերը քիչ են, և այդ քաղաքներում արդեն կա հայերենին տիրապետելու խնդիր:

Թալինի խոսքերով՝ Հալեպի գրեթե բոլոր հայերն էլ իրենց երեխաներին ուղարկում են ոչ թե արաբական, այլ հայկական դպրոցներ: Սիրիահայ բարերարներ, բարեգործական կազմակերպություններ, հայ առաքելական եկեղեցու Սիրիայի թեմը պատրաստ են օգնել այն հայ ընտանիքին, որը չի կարողանում վճարել հայկական դպրոցի վարձը: «Հայ աշակերտը դուրս չի մնար հայկական դպրոցներեն: Արդեն շրջանակդ հայությունն է, հոդտեղ պիտի երթաս-գաս»,- ասում է Թալինը:

Հայկական դպրոցներում բոլոր առարկաները դասավանդվում են արաբերենով, քանի որ այդ դպրոցները գործում են Սիրիայի կրթության նախարարության ենթակայության ներքո: Դասագրքերն արաբերեն են, աշակերտները պետք է արաբերենով պետական քննություն հանձնեն, հետո բուհ ընդունվեն: Բացի դրանից՝ նախարարությունից ամեն պահի կարող են տեսուչներ գալ և հետևել դասին, որի ժամանակ հայերեն խոսելն արգելված է: Հայկական դպրոցների առավելությունն այն է, որ շաբաթվա ընթացքում 5-6 ժամ հայերեն դաս կա: Հայոց լեզվով դասավանդվում են գրականություն, քերականություն և կրոն:

«Բակը զբոսանքին, դասամիջոցին բոլորը հայերեն կխոսին: Ես նույնիսկ, եթե աշակերտները ինձի պիտի դիմեն, հայերեն լեզվով կխոսիմ, բայց դասապահի ընթացքին արաբերեն է»,- ասում է սիրիահայ ուսուցչուհին:

Նրա խոսքերով՝ Հալեպում հայկական մշակութային կյանքն ակտիվ է: Հայերը միջոցառումներ են կազմակերպում Ամանորի, տարբեր հոբելյանների, եկեղեցական և այլ տոների առթիվ: Հալեպի հայ առաքելական եկեղեցիներում ամեն կիրակի պատարագ է մատուցվում:

Թալինի խոսքերով՝ Հալեպում ապրող հայերի առջև ձուլվելու վտանգը ծառացած չէ: Միայն այս պատերազմական իրավիճակն է, որ կարող է ազդել համայնքի վրա՝ հանգեցնելով նույնիսկ համայնքի կորստին:

 

աղբյուրը` hetq.am