• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ստիպված եմ գրել կամ լինենք խոհեմ...

<<Ուսուցիչը միշտ իրավացի է>>: Այս հնացած կարծրատիպից կարծես թե մեկընդմիշտ հրաժարվել ենք: Արդի մանկավարժությունը կամ դասարանալսարանային և դրանից դուրս կատարվող աշխատանքը, ես պատկերացնում եմ մոտավորապես հետևյալ կերպ: Իքս քանակությամբ գիտակից մարդկանց խումբ, կրկնում եմ, գիտակից, որոնցից մեկը` այսինքն դասավանդողը, ենթադրվում է, որ պետք է լինի գոնե մի քանի տարի մեծ խմբի մնացած անդամներից: Խոսքս այստեղ վերաբերվում է ոչ միայն կենսաբանական տարիքին. շատ ավելի կարևոր է սոցիալական տարիքը, ցանկալի է, որ դասավանդողը կամ կրթական գործի կազմակերպիչը, ավագ լինի նաև այս առումով: Սոցիալական տարիքի տարբերության բացակայությունը խմբի մյուս անդամներից, հանգեցնում է վտանգավոր իրողությունների, որոնցից մի շարք արդեն ունենք: Այս ասպեկտում կարևոր է նաև ինտելեկտուալ ցենզի որոշակի տարբերությունը, որը հիմնված է խմբի առավել տարեց անդամի կրթական ունակության և կենսափորձի վրա: Այս երկուսի բացակայությունը, որն արդեն իսկ մեծ ի մասամբ առկա է, տանում է համակարգի ուղղակի քայքայման և խեղաթյուրում է հասարակական դաշինքի սոցիոնորմատիվ մշակութային հայեցակարգը: Խումբը` կրթական միջավայր ստեղծողները, կանխորոշված որոշակի ակադեմիական ժամանակահատվածում և դրանից դուրս, իրականացնում են ուսումնական գործընթաց, որի արդյունքում, խմբի բոլոր անդամները սովորում և սովորեցնում են միմյանց որոշակի հմտություններ: Խմբի և միջավայրի հարաբերությունները կարգավորվում են որոշակի կանոններով, որոնք արդյունք են մարդկային հոտի զարգացման: Համակեցության այդ կանոնները ձևավորում են ժամանակակից հոմոսափիենսի միջավայրը: Գիտականորեն ապացուցված է, որ հոմոսափիենսը տարբերվում է նեանդերթալցուց կամ պիթեկանթրոպից, ուղեղի ծավալներով և մտածելու ունակությամբ: Բայց արդյոք առկա է այդ տարբերությունը ժամանակակից մարդկային խմբի անդամներից յուրաքանչյուրի մոտ: Սա դեռ կպարզեն մարդաբանները: Բայց վախենում եմ նրանք զարմանան, ավելի շուտ ապշեն, երբ պարզեն. զարգացած համարվող քաղաքակրթության շատ անդամներ, շուրջ 7-8 հազար տարիների ընթացքում, ի հակառակ բնության բոլոր օրենքների, էվոլյուցիա չեն ապրել: Ասել կուզե, ուղեղի ծավալներով/աշխատանքային/ և մտածողությամբ միտված են միայն կենսական պահանջմունքներ բավարարելու, խտրականություն չդնելով միջոցների մեջ: Ոչ... խնդրում եմ սխալ չհասկանաք: Նրանք չեն ճանաչում Նիկոլո Մաքիավելիին: Վերոնշյալ կանոններն ունեն մի քանի բնույթ, որոնք չափորոշում են խմբի անդամներից յուրաքանչյուրի հարաբերությունները, խմբի մնացած անդամների հետ: Այս կանոնները լինում են իրավական, կրթական կամ պարզապես մարդկային: Սրանք բացառապես միտված են կամ ենթադրվում է, որ պետք է իտված լինեն յուրաքանչյուրի շահերի պաշտպանությանը: Ինչպես նշում են Կլոդ Լեվի-Ստրոսը, Միխայլովը, Պետրաչին և երջանկահիշատակ  Յու. Մկրտումյանը, սոցիումի միակ կազմակերպողը և կարգավորողը գիտակից անհատն  է, այն անհատը, որի գործողությունները միտված են հասարակության յուրաքանչյուր անդամի բարեկեցությանը և հումանիտար պահանջմունքների բավարարմանը: Ոչ ոք չի բացառում կամ փորձում ժխտել այն հանգամանքը, որ ամեն մի անհատ ունի իրավունքներ, այդ թվում նաև կրթական: Սրանց շարքում իրենց տեղն ունեն նաև խմբի երկու տարբեր անդամների միմյանց հետ հարաբերվելու նորմերը: Եվ ահա այս իրավունքների և կանոնների կիրառման և դրանց ոչ վերահսկելիության պայմաններում է, որ ստեղծվում է բնության խառնարանային վիճակ: Այսինքն` միմյանց են բախվում իրականն ու անիրականը, ողջախոհն ու անխոհեմը, գիտակիցն ու տգետը, ցանկալին ու զավեշտը: Որոշ ժամանակ անց, այս ամենի սահմանագիծը շատ դժվար կամ որ ավելի ճիշտ է, անհնար կլինի զատել: Ամենավտանգավորը` կրթվել չցանկացող տգետն է, հատկապես այն տգետը, որը գիտակցում է իր գոյի անլրջությունը: Եվ այդ ամենը կոծկելու համար, նրա մեջ արթնանում են ինքնապաշտպանական բնազդներ: Գիտակցելով իր տեսակի անլրջությունը և կանխավ լինելով որոշակի հասարակական միջավայրի ծնունդ, նա կանխորոշված է կոծկելու իր թերացումներն ու ոչ կառուցողական քայլերը` սադրանքով և նմանատիպ այլ միջոցներով: Ու այստեղ մենք բախվում ենք դառը իրականության հետ, որի արդյունքն է աբսուրդի թատրոնը: Ստացվում է այսպես, եթե սովորողն ունի որոշակի դերասանական վարպետություն, իսկ ես համոզված եմ և հավաստիացնում, որ կան սովորողներ, ովքեր ունեն այդ հմտությունը և փայլուն կերպով կիրառում են այն, ամեն մի վատ և հատկապես իր կողմից արված արգահատելի արարքից հետո, որն ի դեպ խախտում է այլոց կրթական իրավունքները, աճապարում է բողոքելու և ասելու, որ իր անձը վիրավորել են, նվաստացրել, ստորացրել, ինքնասիրությունը հավասարեցրել են գետնին և այլն, այլն: Ու այս կուլմինացիան իր գագաթնակետին է հասնում այն պահին, երբ իրականացվում է հաջողված բեմադրություն, որն ուղեկցվում է հիստերիայի նոպա հիշեցնող տեսարանով, զարմանահրաշ տաղանդի շնորհիվ իրականացվող ցնցումներով, մարմնի դողէրոցքով և մորթվողի բառաչ հիշեցնող ճիչերով: Վերջ... արդյունքն ակնհայտ է, ձեզ հավատացին: Ձեզ նվաստացրել են, ու դա արել են առանց հարվածելու, կոպտելու կամ վիրավորելու: Պարզապես նկատողություն են արել ոչ թե փողոցի լեզվով, այլ գրական հայերենով, որը դուք արդեն անկարող եք ընկալել: Ինչպես կասեր իմ առաջին ուսուցչուհի Ալեքսանյան Մառլենան._<<Երեխաներ ջան, ամեն մի կրրթ խոսք, որը դուք չեք հասկանում, ձեր համար հայհոյանքից բեթար է հնչում>>: Ձևավորվում է տպավորություն, որ ով առաջինը վազեց ողբալու, նա էլ նվաստացած է: Բայց չէ որ դա իրականությունը չէ: Չէ որ դա կեղծիք է, ակնհայտ կեղծիք, որը ժողովրդական կենցաղում ունի իր անվանումը և պատժելի է քրեորեն: Ու չգիտես ինչու միշտ խախտվում են սովորողի իրավունքները, միշտ հանդուրժվում է այն տեսակը, որը չեմ չափազանցնում, ոչ թե պետք է լիներ կրթական միջավայրում ու թունավորեր այլոց կյանքը, այլ պիտի լիներ համապատասխան պատժիչ կամ մեկ այլ վայրում: Ցանկացած անհատի իրավունք ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է դիմացինի իրավունքը: Սա աքսիոմա է: Ցանկացած անհատ ունի պարտականություններ, ու չկատարելով դրանք, հատկապես անպատժելիության պայմաններում, դառնւմ է վտանգավոր ու սովորում է մի վիճակի, երբ ինքը կարող է չանելով ոչինչ, խոսել միայն իրավունքների մասին: Այս պարագայում մենք մի տեսակ վերադառնում ենք միջնադար. ստացվում է, որ կրթական  միջավայրի մի խումբ իրավազուրկներ, որոնք ի ծնե բատրակ են եղել ու իրենց մաղձը թափում են հնարավոր բոլոր միջոցներով, իսկ մեկ այլ խումբ ներկայանում է որպես փափկասուն օրիորդաց և պարմանաց բազմություն, որոնց երակներով կապույտ արյուն է հոսում, և բարևելիս անգամ, ճակատդ պետք է կպնի գետնին, այլապես կվիրավորես նրանց արժանապատվությունը: Եվ սա չափազանցություն չէ: Այս ամենի արդյունքում ունենք հետևյալը. սովորողը կարող է գոռալ, կոպտել, բառացիորեն վիրավորել դասավանդողին և դա անել բազմաթիվ մարդկանց ներկայությամբ, ու  դա կներվի: Երեխա է չէ, մոտը միգուցե հոգեպես անկայուն վիճակ է, իսկ դու էլ այդ պահին, անկախ քո կամքից , դառնում ես քավության նոխազ: Սովորողն իրավունք ունի խանգարել դասը, չմասնակցել դասին, ուշանալ դասից բազմիցս, ոչինչ երեխա է: Երկու ամիսը մեկ գալ դասի, և  գալուց միայն մեկ առաքելությամբ, ինչքան հնարավոր է շատ թույն արտադրել: Ու հասել ենք հետևյալին: Սովորողների մի որոշակի զանգված դպրոց է գալիս երկրորդ, երրորդ ժամից, մի խոսքով, երբ հավեսը տա: Մի զգալի զանգված միշտ միջանցնքներում է, մի որոշակի հատված, իր էությունը հյուսել է բուֆետայինի հետ: Ու երբ հարցնում ես, թե քո մոտ ինչ դաս է, դու այստեղ ինչ ես անում, նա մեծ բավականությամբ կվայելի իր առջև դրված սուրճը, խիստ զարմացած հայացք ընդունելով, երևի մտքում ասելով, թե այս ինչ տարօրինակ հարցեր է տալիս ու կպատասխանի. _<<Ընկեր Վահրամ, բայց ես այսօր դասի չեմ եկել>>: Այո, այո, ճիշտ այդպես, սխալ չեք կարդում: Հիշեցնեմ, ես չեմ խոսում գաղութային ռեժիմի մասին, ես խոսում եմ տարրական կարգապահության մասին, որն այնքան անհրաժեշտ է դարձել կրթական գործը կազմակերպելու համար: Սա այն ամենը չէ, ինչին կուզեի անդրադառնալ:

Հ. Գ. 

Խոսքս ուղղված էր վերոնշյալ հոմոսափիենսներին: