• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Էս ինչ դժվար բան է մամա լինելը

Ծանոթ ձայնի տակ տարբեր խառը երազների մեջ էի, երբ զգացի զարթուցիչն է, ու դեռ երազի մեջ հիշեցի, որ պետք է շուտ վեր կենամ: Աչքերս փակ մտքովս ընկավ, որ գիշերն անձրև էր եկել, ուրեմն օրը մռայլ կլինի: Լալայիս պարտեզ պետք է տանեմ: Չ´է, վաղ էր, բայց երևում էր, որ օրն արևոտ կլինի: Ուրեմն սա մահանա չէր, որ այսօր էլ չտանեմ: Լալիկն ինձնից մի քիչ շուտ էր վեր կացել ու էնքան հարցեր էր տալիս.

-Մա՛, դու ուզու՞մ ես լացես, որ մենք պարտեզ ենք գնում:

Մտքիս մեջ զգացի, որ լավ էլ ուզում եմ, ինձնով լիներ հենց հիմա էլ լացս կդնեի:

-Չէ´, Լալ, հեչ էլ չեմ ուզում:

-Բա որ աստիճաններով բարձրանում ենք խումբ, մի քիչ չես ուզու՞մ լացես:

-Լալ, լավ է, չէ՞, պարտեզում, տես ամբողջ ամառ մի անգամ ենք գնացել մեծ էկրանով մուլտ նայելու, իսկ քո պարտեզում երբ ու ինչքան սիրտդ տա կնայես, կլողաս…-Սիրտս ճմլվեց. չէի կարողանում ինձ համոզեի, որ իրոք լավ է պարտեզում:

Մինչ մտքերով էի,արդեն լվացվել, մեր միանման շորերն էինք հագել, ինչ գտել լցրել էի պայուսակս, որ բան մոռացած չլինեի:

-Մա՛մ, պապան ասում է` ուշանում ենք, պրծի´:

Խումբ բարձրանալիս Լալաս հիշեց, որ երեկ ոտքը վնասել էր, ու հիմա ցավում է: Զգացի, որ հիմա էլ Լալան է պատրվակներ ման գալիս: Սիրտս բարակեց: Ու մինչ մտքիս մեջ որոշեցի զանգեմ տատիկին, ասեմ տանը սպասի մեզ, դպրոցում էլ զգուշացնեմ, ետ տանեմ, տեսնեմ Լալիկս ձեռքիցս թռավ իր աթոռին. էկրանին իր սիրած մուլտն էր: Աստիճաններով իջնելիս խորը շնչեցի ու մտածեցի` երբ է այս օրն անցնելու, որ տուն գնանք:

Ախր էս ուրախ ու վառ աշխարհում այսքան տխրություն ո՞րտեղից իմ մեջ: Մամա լինելուց է, թէ ինչից է` չեմ հասկանում: