• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ներքին կարգապահական կանոններ

ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ–ի ներքին կարգապահական կանոնները (այսուհետ` Կանոններ) մշակում է կրթահամալիրի տնօրենի (այսուհետ` Տնօրեն) հրամանով ստեղծված աշխատանքային խումբը: Այն քննարկվում է կրթահամալիրի աշխատողների ժողովում, հաստատվում կրթահամալիրի կառավարման խորհրդում (այսուհետ՝ Խորհուրդ):

1. Իրավական հիմքը
1.1. Կանոնները կրթահամալիրի ներքին իրավական ակտ է: Կանոնները Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը: Այն գործողության մեջ է մտնում կրթահամալիրի տնօրենի հրամանի համաձայն: Կանոններում փոփոխությունները կատարվում են նույն կարգով:
1.2. Կանոնները կազմելիս հիմք են ընդունվել ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպության մասին» ՀՀ օրենքները (այսուհետ` Օրենսդրություն), կրթահամալիրի կանոնադրությունը (այսուհետ` Կանոնադրություն), Տնօրենի աշխատանքային պայմանագիրը, ՀՀ միջնաժամկետ ծախսերի ծրագրերը,  ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ սահմանված կարգով կնքվող պետական աջակցության ամենամյա պայմանագրերը, կրթահամալիրի զարգացման ծրագիրը (այսուհետ` զարգացման ծրագիր):
1.3. Կանոնները, դրանց փոփոխությունները կրթահամալիրի Տնօրենի սահմանած կարգով հրապարակվում են կրթահամալիրի պաշտոնական կայքում(mskh.am):
1.4. Կանոններին, ներքին իրավական այլ ակտերին Աշխատողը ծանոթանում է նույն օրը` ստանալով դա իր էլ. հասցեին:
1.5. Աշխատողի պաշտոնի նկարագիրը և Անհատական Պլանը ներքին իրավական ակտեր են:

2. ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կրթահամալիր)
2.1. շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող` փորձարարական հետազոտական, նախադպրոցական, հանրակրթական, լրացուցիչ (այդ թվում` արտադպրոցական) հեղինակային կրթական ծրագրեր, նախամասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական փորձնական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միավորում է` պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ):
2.2. Կրթահամալիրի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, լիազորված պետական մարմինը` ՀՀ կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն):
2.3. Կրթահամալիրի կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նախարարությունը, կրթահամալիրի կառավարման խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ), կրթահամալիրի գործադիր մարմինը` տնօրենը (այսուհետ` Տնօրեն):
2.4. Կրթահամալիրն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է օրենսդրությամբ, կրթահամալիրի կանոնադրությամբ (այսուհետ` Կանոնադրություն), Կանոններով, սահմանված կարգով ընդունված ներքին իրավական այլ ակտերով (այսուհետ` Ակտեր):
2.5. Կրթահամալիրն իրականացնում է Կանոնադրությամբ, զարգացման ծրագրով, ՀՀ միջնաժամկետ ծախսերի ծրագրերով, ՀՀ ԿԳ նախարարության հետ պետական աջակցության ամենամյա պայմանագրերով մշակվող, տարածվող հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրեր:
2.6. Կրթահամալիրի առարկան նախադպրոցական, ընդհանուր տարրական, հիմնական, միջնակարգ հեղինակային կրթական ծրագրերի (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների կրթություն), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական փորձնական, լրացուցիչ (այդ թվում` արտադպրոցական) կրթական ծրագրերի (այսուհետ` Կրթական ծրագիր) մշակումը, իրականացումը և ՀՀ ԿԳ նախարարության հետ կնքվող պետական աջակցության ամենամյա պայմանագրերով որոշված` տարածումն է: Կրթահամալիրի գործունեության նպատակներն ու խնդիրները որոշված են Կանոնադրությամբ, զարգացման ծրագրով, սահմանված կարգով կրթահամալիրում իրականացվող ծրագրերով և գիտափորձերով:
2.7. Կրթահամալիրի ուսումնական հաստատությունն ունի կրթահամալիրի կառուցվածքային ստորաբաժանման (մասնաչյուղի) կարգավիճակ և իրականացնում է կրթահամալիրի և մասնաճյուղի կանոնադրություններով որոշված հեղինակային կրթական ծրագրեր, որոնք սահմանված կարգով հաստատում է Խորհուրդը:
2.8. Մասնաճյուղի կանոնադրությունը Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը: Մասնաճյուղի ղեկավարին (տնօրենին) Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը: Մասնաճյուղի ղեկավարի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները որոշվում են մասնաճյուղի կանոնադրությամբ, կրթահամալիրում իրականացվող ծրագրերով, ղեկավարի աշխատանքային պայմանագրով, սովորողների և ծնողների հետ կնքվող ուսումնառության պայմանագրով, այլ ներքին և անհատական իրավական ակտերով:
2.9. Տնօրենը մասնաճյուղի ղեկավարի հայտի հիման վրա յուրաքանչյուր ուսումնական տարվա համար սահմանված կարգով մասնաճյուղի օգտագործմանն է հանձնում անհրաժեշտ գույք և տարածք:
2.10.  Կրթահամալիրի գործունեությունն իրականացվում է Զարգացման ծրագրով:
2.11. Տնօրենին կից գործում է վարչական խորհուրդ, որի կազմը և աշխատակարգը որոշում է Տնօրենը:
2.12. Ուսումնական աշխատանքները կազմակերպվում են կրթական ծրագրի ուսումնական պլանի, Սովորողի անհատական ուսումնական պլանի, կրթահամալիրի ուսումնական օրացույցի և դասացուցակների հիման վրա: Սովորողի անհատական ուսումնական պլանով սահմանվում են դասավանդվող առարկաները և դասընթացները, դրանց ծավալը, կազմակերպումը, սովորողի արձակուրդների ժամկետներն ու տևողությունը:
2.13. Կրթահամալիրի մասնաճյուղերում ուսումնական պարապմունքները կազմակերպվում են կրթահամալիրի տնօրենի հաստատած միասնական ժամատախտակով, որով որոշվում է ուսումնական պարապմունքների սկիզբը և ավարտը:
2.14. Կրթահամալիրի մասնաժողովի ներկայացմամբ մասնաճյուղերի (կրթական ծրագրերի, դասարանների, ակումբների, սովորողների խմբերի) ուսումնական պլանները, առարկայական ծրագրերը, ուսումնական տարում գործածվող ուսումնական ձեռնարկների և մեթոդական ուղեցույցների ցանկը հաստատում է Խորհուրդը:
2.15. Կրթահամալիրում, մասնաճյուղերում սահմանված կարգով կարող են ձևավորվել և գործել կրթահամալիրի աշխատողների (այսուհետ` Աշխատող), սովորողների ծնողների, սովորողների ժողովները (հավաքները, խորհուրդները, ակումբները), ինքնավարության այլ մարմիններ:
2.16. Տնօրենը.
ա)  ընտրվում է Խորհրդի կողմից, մրցութային կարգով.
բ) իրականացնում է Կանոնադրությամբ, նախարարության հետ կնքված աշխատանքային պայմանագրով, Օրենսդրությամբ որոշված գործառույթներ.
գ) չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքներից:
2.17. Տնօրենի բացակայության դեպքում սահմանված կարգով նրա լիազորություններն իրականացնում է փոխտնօրենը:
2.18. Խորհուրդը կրթահամալիրի կառավարման կոլեգիալ մարմինն է, որի լիազորությունները սահմանվում են Օրենքով և Կանոնադրությամբ:
2.19. Կրթահամալիրը սահմանված կարգով տիրապետում, տնօրինում և օգտագործում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
1.20. Կրթահամալիրին ֆինանսավորում է հիմնադիրը: Կրթահամալիրի ֆինանսական միջոցները գոյանում են պետական հատկացումներից, ծնողի հետ կնքվող ուսումնառության պայմանագրով նախատեսվող ուսումնական լրավճարներից և օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

3. Աշխատաժամանակը կրթահամալիրում: Աշխատաժամանակի ռեժիմը
3.1   Կրթահամալիրում աշխատանքային շաբաթը հնգօրյա է:
3.2   Ուսումնական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողի (ուսուցչի, դասավանդողի) աշխատաժամանակի տևողությունը շաբաթական 33 ժամ է, երկարօրյա դաստիարակինը` 20 ժամ, ուսուցողական ծրագրի ղեկավարինը` 40, նախադպրոցական խմբի դաստիարակինը, մասնախմբի (ամբիոնի) ղեկավարինը` 36 ժամ, վարչական աշխատողինը` 40 ժամ: Կրթահամալիրի՝ լրիվ աշխատաժամանակով դասավանդողի ուսումնական պարապմունքների ծավալը չի կարող պակաս լինել շաբաթական 18 դասաժամից և գերազանցել շաբաթական 22 դասաժամը: Աշխատանքային (ուսումնական) անհրաժեշտության դեպքում դասավանդողի ուսումնական պարապմունքների ծավալի փոփոխության մասին Տնօրենն ընդունում է անհատական իրավական ակտ:
Արտաժամյա չի համարվում կրթահամալիրի տնօրենի, փոխտնօրենի, գլխավոր հաշվապահի, մասնաճյուղերի ղեկավարների` սահմանված աշխատաժամանակը գերազանցող աշխատանքը:
3.3   Կրթահամալիրի կրթական օբյեկտների գիշերային պահակների և առանձին աշխատողների աշխատաժամանակը որոշվում է աշխատանքային պայմանագրով:
3.4   Մասնաճյուղի դասավանդողների, այլ աշխատողների աշխատանքի սկիզբը, ավարտը և ընդմիջումը մասնաճյուղի ղեկավարի ներկայացմամբ որոշում է Տնօրենը:
3.5   Դասավանդողի աշխատաժամանակի կառուցվածքն արտահայտվում է Պլանում: 
Ամբողջական ծանրաբեռնվածությամբ մանկավարժական աշխատողների աշխատանքային օրն սկսվում է 8.45՝ ուսումնական հաստատությունում կամ սովորողների հետ «պատշաճ անցում» նախագծով որոշված կանգառներում, նախադպրոցական խմբի դաստիարակի համար նաև՝ ուսումնական հաստատությանը մերձ այգում: Աշխատանքը սկսելու վայրը նշվում է աշխատողի ամսվա (շաբաթվա) անհատական պլանում։ 
3.6   Երկուշաբթիից շաբաթ` ժամը 8.00-21.00 կրթահամալիրի սովորողները, Աշխատողները, ծնողները սահմանված կարգով օգտվում են մասնաճյուղերի գույքից, իսկ 21.00-ից և կիրակի օրերին` Տնօրենի որոշած անձինք, Տնօրենի սահմանած կարգով:
3.7   Կրթահամալիրի սովորողների աշնանային, ձմեռային, գարնանային և ամառային արձակուրդների (սովորողների արձակուրդ) ժամանակահատվածները, որոնք չեն համընկնում դասավանդողի արձակուրդների հետ, համարվում են աշխատաժամանակ:
3.8   Սովորողների արձակուրդի ընթացքում դասավանդողները մասնակցում են կրթահամալիրի ուսումնական օրացույցով, հեղինակային կրթական ծրագրով կազմակերպվող՝ մանկավարժական աշխատողների դպրոցներին, իրականացնում հեղինակային կրթական ծրագրերի մշակման-կիրառման-տարածման հետ կապված ուսումնական, մեթոդական, կազմակերպական աշխատանքներ:
3.9   Ուսումնաօժանդակ և սպասարկող անձնակազմի աշխատաժամանակի ռեժիմը սովորողների արձակուրդների ժամանակահատվածում որոշվում է զբաղեցրած պաշտոնին համապատասխան կնքված աշխատանքային պայմանագրով:
3.10 Աշխատողների աշխատաժամանակի ռեժիմը սովորողների արձակուրդի ժամանակահատվածում կանոնակարգվում է Ակտերով, աշխատանքային պայմանագրերով և աշխատանքի կատարման ժամանակացույցով:
3.11Աշխատողների աշխատաժամանակի հաշվառումը մասնաճյուղի գրասենյակի ղեկավարը կատարում է աշխատաժամանակի հաշվառման էլեկտրոնային տեղեկագրում:

4. Աշխատողի հանգիստը
4.1   Օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողն ունի.
ա) վճարովի արձակուրդի իրավունք`

  • դասավանդողը` աշխատանքային 35 օր տևողությամբ
  • գրադարանավարը` աշխատանքային 20 օր տևողությամբ
  • մասնաճյուղի ղեկավարը` աշխատանքային 25 օր տևողությամբ
  • այլ աշխատողների արձակուրդը` Օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) կողմերի համաձայնությամբ աշխատողին կարող է մեկ տարվա ընթացքում տրամադրվել չվճարվող արձակուրդ՝ ոչ ավելի, քան վաթսուն օր.
գ) Տնօրենի որոշմամբ կարող է Աշխատողի աշխատավարձը պահպանվել գործուղման, հետազոտական աշխատանքի (ստեղծագործական), կրթահամալիրի նախաձեռնությամբ ուսումը շարունակելու համար տրվող արձակուրդի ժամանակ:
դ) Աշխատողը իր ամենամյա վճարովի արձակուրդը կարող է օգտագործել տարվա ընթացքում՝ մասերով:
4.2 Աշխատողը ունի 30 րոպե տևողությամբ ամենօրյա ընդմիջում՝ իր Պլանով որոշված ժամին:
4.3   Կրթահամալիրը ապահովում է որակյալ սննդի մատչելի ծառայություն սովորողների և աշխատողների համար:

5. Աշխատանքային հարաբերությունների ձևակերպումը և դադարեցումը
5.1. Կրթահամալիրի աշխատակցի հետ աշխատանքային պայմանագիրը կնքում, դրանում փոփոխություն կատարում և լուծում է Տնօրենը` ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:
5.2 Կրթահամալիրի մանկավարժական նոր աշխատողը ընտրվում է սահմանված կարգի բաց մրցույթի արդյունքում: Նոր ընդունված մանկավարժական աշխատողին Տնօրենը ներկայացնում է Խորհրդին:
5.3. Աշխատանքային պայմանագիր կնքելու համար Աշխատողը ՀՀ օրենքով պահանջվող փաստաթղթերը որոշված ժամկետում ներկայացնում է Տնօրենի գրասենյակ:
5.4. Մասնաճյուղի, ծրագրի ղեկավարի և դասավանդողի հետ աշխատանքային պայմանագիրը  լուծելու մասին Տնօրենը տեղեկացնում է Խորհրդին:

6. Աշխատողի աշխատավարձի կառուցվածքը, չափը, աշխատավարձի վճարման պայմանները
6.1. Աշխատողի աշխատավարձը ներառում է հիմնական աշխատավարձը (պաշտոնական դրույքաչափը) և Գործատուի կողմից աշխատողին իր կատարած աշխատանքի դիմաց ցանկացած եղանակով տրված լրացուցիչ վարձատրությունը:
Աշխատողի աշխատավարձը կախված է կատարված աշխատանքի քանակից և որակից, կրթահամալիրի (մասնաճյուղի) գործունեության արդյունքներից:
6.2. Աշխատողի հիմնական աշխատավարձի չափը (պաշտոնային դրույքաչափը) սահմանվում է աշխատանքային պայմանագրով: Աշխատողը Խորհրդի սահմանած կարգով կարող է ստանալ լրավճար, հավելավճար և պարգևատրում:
6.3. Լրավճարի, հավելավճարի և պարգևատրման միջոցների գոյացման և վճարման կարգը սահմանվում է գործատուի ներքին իրավական ակտերով:

7. Աշխատողի պարտականությունները
7.1. Աշխատողը կրթահամալիրում ունի աշխատավայր (մասնաճյուղ), որի ղեկավարը համարվում է Աշխատողի անմիջական ղեկավարը:
7.2. Աշխատողի պարտականությունները որոշված են ՀՀ օրենսդրությամբ, կրթահամալիրի կանոնադրությամբ, Կանոններով, Հրահանգով, Պլանով, Ակտերով:
7.3. Մանկավարժական աշխատողը պատասխանատու է հեղինակային կրթական ծրագրերի մշակման, իրականացման և տարածման համար:
7.4. Աշխատողը պարտավոր է մասնակցել կրթահամալիրի աշխատողների ժողովներին, մանկավարժական աշխատողը` նաև սահմանված ժամանակացույցով կազմակերպվող մանկավարժական աշխատողների բաց դպրոցներին, ամսական մեկ անգամ` մասնաճյուղի մանկավարժական աշխատողների հավաքին (մանկավարժական խորհուրդ), ամսական մեկ անգամ` մասնագիտական խմբի (ամբիոնի) հավաքին, կրթահամալիրի ղեկավարի, մասնաճյուղի ղեկավարի որոշմամբ մասնակցել առցանց և այլ քննարկումների:
7.5. Աշխատողը պարտավոր է իր աշխատատեղում և իր գործունեության ընթացքում պահպանել հիգիենիկ և անվտանգ միջավայր, ունակ լինել մասնակցելու և նպաստելու անվտանգ կենսագործունեություն ապահովող միջոցառումներին, ուսումնական պարապմունքի գնալիս համակարգիչ (նոթբուք, նեթբուք, համարժեք այլ միջոց), դասընթացի ծրագրով անհրաժեշտ ուսումնական թվային այլ գործիք ունենալ: Ուսումնական պարապմունքի ընթացքում դասավանդողը անձնական հեռախոսից չի օգտվում:
7.6. Աշխատողը պարտավոր է ունենալ իր էլեկտրոնային հասցեն, որը հայտնի է կրթահամալիրի բոլոր աշխատողներին, շահառուներին և պարտադիր բացվում, ստուգվում է օրը 2 անգամ, գործածել mskh.am փոստի (Live@Edu) հասցեների համակարգը, ուսումնական աշխատանքի կազմակերպման, արդյունքների համակարգման նպատակով վարել իր անձնական բլոգը (էջը), սահմանված կարգով լրացնել էլեկտրոնային մատյանը, մասնակցել կրթահամալիրի, մասնաճյուղի կայքերի պահպանման և զարգացման աշխատանքին, իմանալ այդտեղ հրապարակված նորությունները:
7.7. Աշխատողը պարտավոր է մասնակցել մասնագիտական վերապատրաստման դասընթացների, միջոցառումներին, մշտապես ինքնակրթվել և գործնականում կիրառել դրա արդյունքները, սահմանված կարգով ատեստավորվել:
7.8. Աշխատողը պարտավոր է մասնակցել կրթահամալիրի շահառուների իրազեկման, սովորողների ընդունելության, խորացված ուսուցման դասարանների ձևավորման աշխատանքին:
7.9. Աշխատողը պարտավոր է սահմանված կարգով ներկայացնել իր գործունեության հաշվետվությունը։

8. Աշխատողի իրավունքները
8.1. Աշխատողի իրավունքները որոշված են Օրենսդրությամբ, Կանոնադրությամբ, Կանոններով, Հրահանգով, Ակտերով:
8.2. Աշխատողն իրավունք ունի սահմանված կարգով մասնակցելու կրթահամալիրում և մասնաճյուղերում իրականացվող ծրագրերին:
8.3. Աշխատողն իրավունք ունի անարգել ստանալու կրթահամալիրի գործունեությանը վերաբերող ցանկացած տեղեկություն, մասնակցելու կրթահամալիրում իրականացվող միջոցառումներին, հավաքներին, ժողովներին, քննարկումներին (այդ թվում՝ առցանց), վարչական խորհրդի, մասնաժողովի և կրթահամալիրի խորհրդի նիստերին, կազմակերպելու քննարկումներ և առցանց քննարկումներ:
8.4. Աշխատողն անվճար օգտվում է կրթահամալիրի գրադարանից, մեդիագրադարանից, ուսումնական ինտերնետից:
8.5. Աշխատողն իր հիմնական աշխատատեղում ունի աշխատանքային պայմաններ, սնվելու պայմաններ:
8.6. Աշխատողն անվճար ստանում է մասնագիտական աջակցություն կրթահամալիրի մասնաճյուղերի (ուսուցողական ծրագրերի, ուսումնական կենտրոնների ղեկավարների, ծառայությունների) կողմից:

9. Սովորողի իրավունքներն ու պարտականությունները
9.1. Կրթահամալիրի ուսուցողական ծրագրի սովորողը այն երեխան է, ով ծնողի հետ ընտրում է կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժությունը և Խորհրդի հաստատած կարգով մասնաճյուղի ղեկավարի հետ կնքում է ուսումնառության մասին պայմանագիր:
9.2. Սովորողի իրավունքները սահմանված են «Կրթության մասին», «Հանրակրթության մասին» և «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքներով, օրենսդրությամբ, Կանոններով, նրա ուսումնառության պայմանագրով:
9.3. Սովորողն իրավունք ունի.

  • սահմանված կարգով ընտրելու իր նախասիրած գործունեությունը, խորացված ուսուցումը, ակումբը, լրացուցիչ կրթությունը,
  • անհատական կամ կոլեկտիվ գրավոր կամ բանավոր դիմում հղելու Տնօրենին, Խորհրդին, մասնաճյուղի ղեկավարին, կրթահամալիրի յուրաքանչյուր աշխատողի, 7-օրյա ժամկետում ստանալու նրանցից հիմնավորված ու սպառիչ պատասխան
  • սահմանված կարգով հայց ներկայացնելու կրթահամալիրի Խաղարկային դատարան` Օրենսդրությամբ, Կանոնադրությամբ, ուսումնառության պայմանագրով նախատեսված իր կամ (և) այլոց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար
  • սահմանված կարգով օգտվելու կրթահամալիրի գրադարանից, մեդիագրադարանից, ուսումնական ինտերնետից, ուսումնատեխնիկական միջոցներից
  • իր ընտրությամբ մասնակցելու ցանկացած ծրագրի կազմման, իրականացման, գնահատման, տարածման աշխատանքներին
  • կրթական նախաձեռնություն իրականացնելու
  • վճարովի աշխատանք կատարելու:

9.4. Սովորողը.

  • ուսումնառության ընթացքում օգտվում է ինքնավարության իր ընտրած տարբերակից, ինքնասպասարկումից և ազատությունից` իր ստեղծագործական ներուժը, մասնագիտական հետաքրքրությունները դրսևորելու և զարգացնելու նպատակով. մասնաճյուղի ղեկավարը, Տնօրենը աջակցում են, որ սովորողներն անարգել իրացնեն իրենց ինքնավարությունը մասնաճյուղում, կրթահամալիրում. 
  • սահմանված կարգով կարող է փոխել ուսուցողական ծրագիրը (նախակրթարանը և դպրոց-պարտեզը), դասարանը, խումբը.
  • սահմանված կարգով տեղեկացվում է կրթահամալիրում անցկացվող ուսումնական քննարկումների և նրանց արդյունքների մասին։

9.5. Ծնողական միջոցներով սովորողի համար մասնաճյուղում կազմակերպվում է ընտանեկան պայմաններով երկարօրյա խնամքի և ուսուցման խումբ:
9.6. Ծնողական միջոցներով կազմակերպվում է սովորողների անվտանգ, ապահով տեղափոխումը (այդ թվում` ուսումնական ճամփորդությունների ժամանակ):
9.7. Անհրաժեշտության դեպքում սովորողն անվճար օգտվում է երեխայի զարգացման` լոգոպեդի, հոգեբանի, սոցիալական մանկավարժի, հատուկ մանկավարժի ծառայություններից:
9.15. Կրթահամալիրի նախադպրոցական սաները սահմանված կարգով օգտվում են նախադպրոցականին ուղղված ծառայություններից: Ոչ աշխատանքային օրերին (ժամերին) գործում է նախադպրոցականի խնամքի մատչելի ծառայություն:
9.16. Սովորողը պարտավոր է.

  • հարգել և պաշտպանել կրթահամալիրի ուսումնական գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքները, կատարել ուսումնական պլանը, հարգել ուսումնական պարապմունքների հաստատված ժամատախտակը, դասացուցակը, ուսումնական պլանով որոշված կարգերը, ուսումնական պարապմունքի գնալիս անձնական նոթբուք (նեթբուք կամ համարժեք այլ միջոց), իր ընտրությամբ գործունեության ծրագրով անհրաժեշտ ուսումնական թվային գործիքներ ունենալ, սահմանված կարգով մասնակցել Խաղարկային դատարանի աշխատանքին
  • ուսումնական պարապմունքների ժամանակ կատարել ուսումնական հանձնարարությունները, տանը` իր ընտրած ուսումնական աշխատանքը, մասնակցել դպրոցի կայքի գործունեությանը
  • սովորողը 1-ին դասարանից պարտավոր է ունենալ էլեկտրոնային հասցե, գործածել mskh.am էլեկտրոնային փոստը (Live@Edu), ուսումնական աշխատանքի համար գործածել համացանց, իր ուսումնական-ստեղծագործական-հետազոտական աշխատանքի արդյունքները անհատական ուսումնական բլոգում, սոցիալական ցանցում, սահմանված կարգով ներկայացնել ուսումնական գործունեության հաշվետվություն
  • բարեխիղճ օգտվել կրթահամալիրի գույքից և ուսուցման միջոցներից, սահմանած կարգով վերականգնել կրթահամալիրին հասցված նյութական վնասը
  • առանց ուշացման հաճախել ուսումնական պլանով որոշված պարապմունքներին, դասընթացների ծրագրերով որոշված ուսումնական ճամփորդություններին, զբաղվել ուսումնական-հայրենագիտական գործունեությամբ, մասնակցել ուսումնական պլանով որոշված ուսումնա-հետազոտական ճամբարին, նախասիրությունների զարգացման ստուգատեսներին, հրապարակել իր ստեղծագործական-հետազոտական աշխատանքի արդյունքները
  • պարտավոր է իր բացակայության, ուշացման մասին նախօրոք տեղյակ պահել մասնաճյուղի գրասենյակի ղեկավարին, իսկ չտեղեկացնելու դեպքում ներկայացնել գրավոր բացատրագիր
  • մասնակցել կրթահամալիրի շահառուների իրազեկման, հեղինակային կրթական ծրագրի տարածման աշխատանքին
  • մաքուր պահել ուսումնական աշխատավայրը, մասնակցել ինքնասպասարկման, միջավայրի խնամքի, հանրօգուտ աշխատանքներին

9.17. Սովորողի ուսումնական տարվա, ուսումնական շաբաթվա և արձակուրդների տևողությունը և ժամկետները որոշվում է սովորողի անհատական ուսումնական պլանով:
9.18. Սովորողի ուսումնական գործունեությունը սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում է ստանում :
9.19. Սովորողը կարող է սահմանված կարգով խրախուսվել, արժանանալ մրցանակների և պարգևների (այդ թվում՝ դրամական)։
9.20. Սովորողի կողմից Կանոնների, ուսումնառության պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտումը ուսումնառության պայմանագրի հիմք է:

10. Ծնողի (Սովորողի օրինական ներկայացուցչի) իրավունքներն ու պարտականությունները
Կրթահամալիրի ուսումնական հաստատությունների սովորողների ծնողներն ունեն Եվրոպայի ծնողների ասոցիացիայի (EPA) կանոնադրության մեջ թվարկված հիմնական իրավունքներն ու պարտականությունները:
Ծնողի իրավունքները և պարտականությունները որոշվում են սովորողի ուսումնառության պայմանագրով: Մասնաճյուղի սովորողների ծնողներն ինքնուրույն են, ինքնավար, ստեծում են մասնաճյուղի սովորողների ծնողական խորհուրդ: Մասնաճյուղի ղեկավարը, Տնօրենը աջակցում են, որ ծնողներն անարգել իրացնեն իրենց ինքնավարությունը մասնաճյուղում, կրթահամալիրում: 
10.1. Ծնողն իրավունք ունի.

  • համարվելու իր երեխայի առաջնային կրթողը,
  • օգտվելու կրթահամալիրում առկա հեղինակային կրթական ծրագրերից և ծառայություններից` իր երեխայի պահանջներին, ընդունակություններին և արժանիքներին համապատասխան,
  • կրթական հաստատությունից ստանալու իր երեխային վերաբերող ցանկացած տեղեկություն,
  • իր երեխայի համար ընտրելու այն կրթությունը, որն ամենից մոտ է իր համոզմունքներին և արժեքներին, որոնք կարևոր է համարում դաստիարակության համար,
  • ազդելու իր երեխայի դպրոցի կողմից իրականացվող ծրագրի վրա,
  • սահմանված կարգով ընտրվելու կրթահամալիրի խորհրդում
  • ունի իր և դասավանդողի (ծրագրի ղեկավարի, Տնօրենի) տարաձայնությունների հարցը տեղափոխելու Խորհրդի օրակարգ
  • սահմանված կարգով հայց ներկայացնելու կրթահամալիրի Խաղարկային դատարան` Օրենսդրությամբ, Կանոնադրությամբ, ուսումնառության պայմանագրով նախատեսված իր, իր երեխայի կամ (և) այլոց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:

10.2.  Ծնողի իրավունքներն իրականացվում են ուսումնառության պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարելուն համապատասխան:
10.3.  Ծնողը մասնաճյուղի ղեկավարի հետ կնքում են ուսումնառության պայմանագիր, որով սահմանվում են լրացուցիչ կրթական ծառայությունները և դրանց համար ծնողի կողմից հատկացվող ուսումնական լրավճարների չափը:
10.6.  Ծնողը պարտավոր է.

  • պատասխանատվությամբ վերաբերվել իր երեխայի անհատականության զարգացման առանձնահատկություններին և հարգել նրանց իրավունքները,
  • կրթության հարցում համագործակցել իր երեխայի դպրոցի հետ, իր և իր երեխաների շահերը ներկայացնելու համար մասնակցել դպրոցում, կրթահամալիրում կազմակերպվող քննարկումներին (այդ թվում՝ առցանց), հավաքներում.
  • իր երեխայի դպրոցին տրամադրել այն տեղեկությունները, որոնք առնչվում են կրթական նպատակների համատեղ իրականացման գործընթացին,
  • իր երեխայի կրթության գիտակից և իրազեկ ընտրություն կատարել,
  • անձնապես նվիրված լինել իր երեխայի դպրոցին, որը տեղական համայնքի կարևորագույն մասն է,
  • ունենալ էլեկտրոնային հասցե, հետևել կրթահամալիրի, դպրոցի կայքերին, իր երեխայի ուսումնական աշխատանքի արդյունքներին հետևել նաև համացանցում,
  • իր երեխային ապահովել հանրակրթության, նախասիրական գործունեության և խորացված ուսուցման համար անհրաժեշտ անհատական (այդ թվում` թվային) միջոցներով,
  • ապահովել իր երեխայի մասնակցությունը ուսումնական պլանով որոշված պարապմունքներին, ուսումնա-հետազոտական ճամբարին, նախասիրությունների զարգացման ստուգատեսներին, դասընթացների ծրագրերով որոշված ուսումնական ճամփորդություններին:

10.7.   Ծնողի կողմից Կանոնների, ուսումնառության պայմանագրով որոշված պարտականությունների խախտումը ուսումնառության պայմանագրի լուծման հիմք է:

Հավելվածներ
Աշխատակարգեր
Ուսումնական պլանով որոշված կարգեր

Նախկինը